Իրիկնադեմին քարի վրա նստեց, ծխեց: Ձորից հով էր գալիս և շոյում քրտնած ճակատը: Ծխեց, նայեց վանքի կիսավեր պատերին, խաչքարերին: Շինականին ավելորդ թվաց հին Հանավանքը: Ի՜նչ լավ բոստան կլիներ, սեխ ու ձմերուկ, քանի՜ հարյուր տարի դինջացել է Հանավանքի հողը:
Լիներ, նորից մի ժաժք լիներ, ինչպես առաջ, և եղածն էլ թափեր ձորը, մոռացվեր վանքի տեղը: Դուրս կգար իր բոստանից, պարիսպը կընդարձակեր, վանքի տեղն էլ կմաքրեր, իր սահմանի մեջ կառներ և կողքի հին դամբարանները, քարերը կիսով չափ թաղված հողի մեջ, գիրն անընթեռնելի:
Կառներ իր սահմանի մեջ և իշխանական գերեզմանների վրա կցաներ սոխ ու սխտոր, ծիրանի կտնկեր և ծիրանու արմատները կիջնեին ներքև, կմտնեին իշխանական ոսկրների մեջ, և ոսկրները համեղ ծիրան կտային:
Վանքը շվաք չէր գցի իր բոստանի վրա…
Շինականի վրա գյուղում թոնթորացին, խոսք եղավ Հանավանքում, թե չպիտի թողնեն, որ բոստան անի, տեղը հնուտ է, սրբավայր: Խոսք եղավ և այն մասին, որ գյուղում բոստանատեղ չկա: Շինականը բախտավոր է, հարմար հող է ճարել: Թոնթորացին, հետո լռեցին:
Շինականի կինը հավան չէր մարդու արածին, բայց չբողոքեց: Առավոտը կանուխ գնաց, համբուրեց խաչքարերը, երկու բարակ, իր մատների պես բարակ ու դեղին մոմեր վառեց, չոքեց` աղոթքի, բայց ոտնաձայն լսեց, հեռացավ:
Ժամհարն էր, եկավ վանքի մի անկյունում դարսած խոտից մի խուրձ տանելու: Վանքի դռանը վառած մոմ ժամհարը վաղուց չէր տեսել: Հանգցրեց մոմերը, գրպանը դրեց: Երեկոյան գոմում տավարին ապուռ տալիս պետք կգար:
Ձմեռը բիբարով տոլման ավելի համեղ էր շինականի համար: Ուտում էր, մեծ պատառներ կուլ տալիս և ամանը մեկնում կնոջը:
– Թե կա, մի քիչ էլ գցի…
Բիբարը կծում էր լեզուն, տաքանում էր ստամոքսը, և դուր էր գալիս վանքատեղի բոստանի բիբարը: Եվ ոչ մի վանահայր անցած դարերում ձմռան օրերին չի ստացել այնքան խաղաղ հաճույք, ինչքան շինականը` իր ցանած բիբարը բերանում:
Երբեմն գնում էր տնկած ծառերին նայում: Մի քանի տարի էլ՝ կալ ու մարագը կլինի, և ամռան շոգին, կալից բեզարած կպառկի ծառի ոտքի տակ: Ձորից հովը կբերի Քասախի ալիքների սառնությունը, միրգը կհասնի ամռան արևի տակ:
Բայց այդպես չեղավ, մրգերը չհասան:
Թուղթ եկավ, մեջը գրած, որ Հանավանքը հնուտ է, արգելվում է վարուցանքս անել, ծառ տնկել, քարերը տանել տնատեղի համար:
Գարունքին, երբ հերվա պես ձյունը հալվեց Արայի լեռան փեշերից, եկան հողերը բաժին անելու: Քարակույտեր դրին հնուտ հողերի և գյուղի սահմանի վրա: Բոստանի ծառերը հանեցին:
Եվ այն, ինչ միտք էր արել հերու գարունքին, քարափի գլխից Քասախին նայելիս, կալն ու մարագը և տունը պարիսպների ետև, այդ ամենը շինականին հալվող ձյունի պես թվաց:
Կախված դուռը կրանկահան արեց, հանեց:
Այծերն էլի բարձրացան կիսախարխուլ պատերի գլխին բուսած մացառները կրծելու: Քարից քար էին ցատկոտում: Եվ երբ այդ շաղախի մի կտոր վայր էր ընկնում, արձագանքը զրնգում