Մի քանի անգամ մոտեցավ, կամեցավ նրա հետ խոսել, բայց Սոնան խույս տվեց:
– Թո՛ղ, Դիլան, գնա քեզ համար…
Եվ էլ իրար չտեսան:
Դիլան դային միայն գիշերը տուն գնաց: Ամբողջ օրը թափառել էր ձորում, եղել էր հարևանի այգու շրջակայքում, աղբյուրն էր գնացել, փողոցի անկյունում կանգնել էր, բայց ոչ մի տեղ Սոնային չէր տեսել:
Լուսնյակ գիշեր էր, երկինքն անամպ: Փչում էր գիշերվա հովը: Դիլան դային պառկեց դեզի գլխին, նոր հարած խոտերի վրա ու քոնը չտարավ:
Հազարավոր չորացած ծաղիկներ բուրում էին խոտի խուրձերի միջից, և լուսնյակ գիշերով նրան այնպես էր թվում, ասես այդ նույն դեզի վրա պառկել է Սոնան և խուրձերի մեջ թողել լաջվարդի բույրը:
Լուսաբացին հալվեցին աստղերը, գիշերվա լազուրը գունատվեց: Երբ ծաղիկներն արթնացան գիշերվա նիրհից, և ցողը շողշողուն կաթիլներ շարեց նարնջագույն քարերի վրա, – արևի առաջին շողերի հետ, գյուղի դիմաց, դեղնած արտերում զարթնեց կաքավը – Կա՛խ-կղա, շա՛խ-կղա…
Լսվում էր կաքավի թավ երգը: Ավելի վերև, անտառի խորքից, կանչում էր միրհավը:
Դիլան դային վեր կացավ, ուսը գցեց կայծքարով հրացանը և երեսը դարձրեց դեպի սարալանջի անտառը, որտեղից կանրում էր միրհավը:
Սիրտ չուներ իջնելու այգին, տեսնելու հնձանը:
Քայլում էր Դիլան դային շաղոտ խոտերի միջով, հնձած արտերն էր կոխ տալիս, ոսկեգույն ծղնոտները և գլուխը կախ բարձրանում դեպի անտառը` արահետի կեռմաններով և թփերի միջով:
Ահա ճամփի եզրին` մասրենու պառավ թուփը, նրա մոտ տափակ քարը, որի վրա հովիվներն այժմ էլ աղ են ցանում ոչխարի համար… խուրձ էին կրում միասին` ինքը, Սոնան: Արևը խանձել էր աղջկա երեսը, ոսկեդեղձան հյուսերի ծայրը: Դեղին ծղնոտի փշրանքներ կային մազերի արանքում:
Կալից ձիերը քաշում էին, հսնում այդ քարին և ձիերը կանգնացնում: Ինքը բարձրացնում էր Սոնային ձիու վրա, հետո իր ձին նստում և գնում արտերը խուրձի:
Մի անգամ էլ Սոնան խնդրեց, որ միասին նստեն: Ու մի ձին հետքից քաշեցին: Առջևը Սոնան էր նստել, հետևում ինքը: Մի ձեռքով սանձն էր պահում, մյուսով գրկել էր նրա բարակ մարմինը: Աղջկա ծամերը քսվում էին նրա երեսին:
Իսկ մյուս առավոտը, երբ այդ քարին հասան, և ինքն առաջարկեց նորից միասին մի ձիու նստեն, Սոնան հայտնեց, որ մայրը հանդիմանել է իրեն և խստիվ պատվիրել առանձին նստելու…
– Ինչու՞:
– Ամոթ է, – ասաց աղջիկը արդար ժպիտով:
Դիլան դային մոտեցավ մի դեզի, ձեռքը կոխեց խուրձերի մեջ և տաքություն զգաց: Կեծացել էին խուրձերը, գիշերվա խոնավությունից հասկերը տմկել էին:
Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց կայծքարով հրացանին, միտք արեց: Սոնան այստեղ մի ամառ քաղհան էր անում, կռանում էր ցորենների վրա, մատները փուշ էին մտնում: Սոնան հնձվորի համար հաց էր բերում, քրտնում էր արևի տակ և քրտինքից շապիկը փակչում էր լանջին:
Լինե՜ր, այնպես լիներ, որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձեր, Սոնան հաց բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին:
Ետ նայեց Դիլան դային, եկած ճանապարհին նայեց: Մարդ չկար. աշնան մերկ դաշտերն էին: ու միայն մասրենու կարմիր թփերն էին, և փայլուն մասուրները դեղնած տերևների արանքում:
Հանկարծ մի թփի ետևը լսվեց կաքավի ձայնը.
– Կա՛խ-կղա, շա՛խ-կղա…
Դիլան դային զգույշ քայլերով, կուզեկուզ մոտեցավ թփերին: Հնձած արտերում