Անժիկը պապի հետ էր լինում, երբեմն էլ հարևան երեխաների հետ: Հասակակից մանուկները հավաքվում էին նրա շուրջ և զարմացած նայում սիրուն սանրած մազերին, փոքրիկ սանրին` մազերի մեջ, կոճակավոր կոշիկներին: Նայում էին գյուղի երեխաները, և ամեն մեկի սրտիկի մեջ ծնվում էր մի շատ մեծ ցանկություն` ունենալ այն, ինչ Անժիկն ուներ, նրա պես կաշվե սև գոտի կապել: Մանուկներից յուրաքանչյուրն աշխատում էր Անժիկի ընկերությունը ձեռք բերել, նրա հետ ավելի մոտ լինել:
Համարյա ամեն իրիկուն քնելու առաջ Մինա բիբին Անժիկին խնդրում էր իր հետ պառկել: Պառավն ուզում էր գրկել թոռան և իր սմքած մարմնի թույլ ջերմությամբ նրա մատղաշ մարմինը տաքացնել, հուսադրել ինքն իրեն, թե վերջին շառավիղը չէ, միջուկը փտած արմատը դեռ շատ ծիլեր է տալու:
Բայց Անժիկը միշտ էլ մերժում էր.
– Քեզ մոտ լավ չի, իմ տեղաշորից չեմ հեռանա:
Անժիկն ավելին էր ուզում ասել: Նա ուզում էր տատին ասել, որ նրա շապկից ծանր հոտ է գալիս, որ տատը ցերեկով բոբիկ է քայլում, գիշերն էլ առանց ոտքերը լվանալու պառկում:
Քաղաքից բերած իր կապույտ վերմակի տակ Անժիկը քնելուց առաջ մտաբերում էր քաղաքը, իրենց դպրոցը, շարքերը պիոներական, կինոն, տրամվայն ու էլի հազար ու մի պես-պես բաներ: Կապույտ վերմակի տակ Անժիկն իրեն քաղաքում էր զգում, և այդ նրան դուր էր գալիս:
Գարնան արևն իրեն արդեն զգալ էր տալիս: Գյուղի եռուզեռը շատացել էր:
Գյուղը հեռվից մի մեծ մրնջոցի էր նմա, որ գարնան սկզբին սկսում էր շարժվել: Գարնան արևն ավելի արագ էր քայքայում բակերում կիտած աղբը, և կծծահոտն ավելի թանձր էր թվում, գրգռում քթի լորձունքոտ մաշկը և աչքերից արցունք հանում:
Գոմերում տավարը նեղվում էր, օդաներում գյուղացիք խոսում էին սարի մասին, ուր մատաղ կանաչն արդեն ծլում էր:
Մյուսների պես Մինա բիբին էլ էր պատրաստվում սար գնալու: Նա մտքում դրել էր սար գնալուց առաջ Անժիկի հետ մատուռ գնալ: Նրա կրծքի տակ, որպես մի թույլ կանթեղ, վառվում էր Անժիկին աղոթել սովորեցնելու ցանկությունը:
Ինչո՞ւ ծնվեց նրա մեջ այդ ցանկությունը. – ինքն էլ չգիտեր: Պառավն ուզում էր կապել նրան գյուղի հետ, Անժիկին դարձնել գյուղի մի խոնարհ աղջիկ և տարիների ընթացքում արմատախիլ անել այն ամենը, ինչ քաղաքն է տվել:
Ի՜նչ լավ կլիներ, եթե նրանք գյուղում մնային: Իսկ Տիգրանը միշտ ասում էր, թե շուտով պիտի վերադառնան քաղաք, արձակուրդը լրանում է: Արդյոք մեկ էլ կգա՞ն գյուղ, ինքը ողջ կմնա՞ մինչ այդ:
Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, երբ մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին և իրեն ավելի մոտ զգում բնության, գարնան այդպիսի մի առավոտ Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ: Տանը Մինա բիբին չէր ասել, թե մատուռ են գնում: Նա վախենում էր, որ Տիգրանն արգելի Անժիկին:
Երբ դուրս եկան գյուղից, Մինա բիբին սկսեց Անժիկին պատմել, որ ինքը պառավ է , շուտով կարող է մեռնի: Տատի տարօրինակ այդ պատմությունը, որ նպատակ ուներ երկյուղած տրամադրություն ստեղծել թոռան սրտում, վատ ազդեց երեխայի վրա: Նա չգիտեր ինչ ասի և վարանքով նայում էր մոռի թփերին, որ մուգ կանաչին էին տալիս ճամփի երկու կողքին:
Հասան մատուռին: Կիսախարխուլ մի շենք էր, ավելի քարակույտի նման: Մատուռի մոտ, կածանից ոչ հեռու, հողի