Նրան թվաց, թե տավարն էլ է զգում, որ տանը ազիզ մարդիկ կան: Կովերը տաք գոմում ախորժով խոտ էին ուտում, իսկ Ավան ամին կոշտացած ձեռքերով, որոնց ուռած երակներն ասես պարաններ լինեին, – շոյում էր կովերի մեջքը, փաղաքշական խոսքեր ասում:
– Ապե՜ր, հո շատ չես չարչարվել…
Որդին էր` Տիգրանը, որ զարթնել էր ու հոր ետևից գոմ եկել:
– Մի գա՛, գնա՛, գնա՛ տուն. սապոգներդ թրքոտ կանես, բալաս: Մեր փեշակն ա, բա, պտի չարչարվենք, առանց էդ չի:
Գոմ գալուց առաջ Տիգրանը իրենց բակից նայեց գյուղին, խոտի սևացած դեզերին, աթարի բուրգերին, շնչեց գյուղի օդը` բակերում, փողոցներում կիտած աղբի, վառած աթարի ու կծծած խոտի, գոմերից դուրս եկած ու մեզի անդուրեկան, ծանր հոտով լցված գյուղի օդը:
Եվ այնպե՜ս խեղճ թվաց հայրենի գյուղը, այնքա՜ն հետամնաց:
Առաջին տպավորությունը գրավիչ չէր: Քաղաքում երկար տարիներ ապրելուց հետո նրա հիշողության մեջ վառ էր մնացել միայն գյուղի գրավիչ կողմը` սարերը ծաղկաշատ, աղբյուրները պաղջուր, արոտները կանաչ, ուր խոտը տեղ-տեղ մինչև գոտկատեղն է հասնում:
Նա մռացել էր, որ գյուղում կեղտ շատ կա, սապոնով երես չեն լվանում, մի ձեռք շոր ունեն, հագնում են այնքան, մինչև հնանա, սևանա. հետո կարկատում են հազար տեղից ու նորից հագնում:
Տիգրանը կանգնել էր գոմի դռան մոտ ու նայում էր, թե ինչպես հայրը աղբով լի քթոցը շալակին, ոտները կվաջրի մեջ ճլմփացնելով ներս ու դուրս է անում, գոմը մաքրում:
Նրա աչքին ընկավ հոր վզի ամուր ջիլերը, որոնք լարերի պես ձգվում էին, երբ հայրը ծանր քթոցի տակ վիզն էր երկարում:
– Գնա՛, գնա՛ տուն… նանին հիմա չայը գցած կլինի…
Տարիներ հետո, երբ քաղաքում Տիգրանը մտաբերում էր գյուղը հայրենի և հորն ալևոր, նրա աչքի առաջ կանգնում էր հայրը` վիզը ձգած, ջղերն ուռած` պինդ լարերի պես, աչքերն ավելի դուրս ընկած…
Առաջին օրերը հա գալիս-գնում էին հարևան ու բարեկամ: Նրանք բոլորն էլ նույն ձևով էին արտահայտում իրենց հրճվանքը, համբուրում գյուղացու պինդ պաչով այտ ու աչք, ունք ու ճակատ:
Երբ մի անգամ էլ Անժիկին պաչեցին, նա թաշկինակով թշերը սրբեց, նոթերը կիտեց այնպես, ասես տհաճ էր գյուղացու պաչը:
Մինա բիբին նկատեց: Նրան դուր չեկավ, որ Անժիկը սպիտակ, մաքուր թաշկինակ ունի: Փոքրիկ աղջկան թաշկինակ չի սազում, լավ չի սովորի:
Միտք արեց Մինա բիբին, տխրեց, նրա մտքովն անցավ, որ որդին, հարսն ու թոռը գյուղում չեն ապրելու, քաղաքին են վարժ և էլի պիտի գյուղը թողնեն, հեռանան: Իսկ ինքը կապված է գյուղին, Ավան ամուն, խնոցուն ու հին ճախարակին, որ շատ ձմեռներ լացել էր իր հետ, տաք քուրսու մոտ, սև նավթի ճրագի տակ:
Մի անգամ էլ Անժիկը թաշկինակով իր գդալը սրբեց: Այդ նկատեց և Շարմաղ հորքուրը, որ ժպտալով նայեց Անժիկին.
– Մինա՛, տեսնո՞ւմ ես. թոռդ քեզ հավան չի:
Տիգրանն ուզեց տպավորությունը կոծկել և ասաց, թե նա քաղաքում էլ էր այդպես անում: Բայց Մինա բիբին էլի տխրեց, կոտրվեց, ինչպես այն ժամանակ, երբ Անժիկը թաշկինակով երեսը սրբեց:
Անժիկի համար գյուղում շատ բան նոր էր: Նա բազմաթիվ հարցեր էր տալիս հորը, թե ինչո՞ւ գյուղում պատառաքաղ չկա, ինչո՞ւ տատը շաքարը շորի մեջ է փաթաթում ու սանդուղի մեջ պահում: Գյուղին անվարժ մանուկի