Մթնաձոր. Ակսել Բակունց. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Ակսել Բակունց
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Поэзия
Год издания: 0
isbn: 9781772468212
Скачать книгу
խորհրդի դիվանների վրա, բանակի շտաբը քաղաքի հետ գրաված համարեց և հեռու ձորերը, որոնցից մեկումն ընկած էին Մրոցն ու Միրը:

      Հարկավոր էլ չէր զորք ուղարկել, ոչ էլ թնդանոթ: Տեղացի մի ագիտատոր անցավ ձորերով և պատմեց այն, ինչի մասին լսել էին ձորի գյուղերում:

      Հենց որ լուր եկավ, թե գավառական քաղաքից փախել են նրանք, որոնցից ոմանք առաջվա չինովնիկի պես էին մտածում Ծիրանի տափի խնդիրը որոշելիս, երկու գյուղն էլ ականջները խլշեցին նոր օրերի լուրերին, աչքերի առաջ Ծիրանի տափը:

      Եվ ձորերում քարոզող ագիտատորը հենց որ Միր գնաց և ընդարձակ կալում հավաքված ժողովրդին ճառ ասաց, ձեռքերն օդում ճոճելով, զայրացած մի քանի անգամ կրկնեց «արնախումներ, գիշատիչներ», Միրում շատերն այնպես հասկացան, թե այդ բառերը վերի գյուղին են ուղղված: Ճառից հետո եկվորին շրջապատեցին գյուղացիք, և առաջին հարցը Ծիրանի տափի մասին եղավ պատասխանը` թե «հողն աշխատավորին» – ավելի երկմիտ դարձրեց Միրի բնակիչներին: Ագիտատորի գնալուց հետո գյուղում ոմանք նրա պատասխանը հօգուտ Մրոցի էին մեկնաբանում:

      Նույն ճառը կրկնվեց և Մրոցում: Այնտեղ էլ ժողովուրդը խլշած ականջներով լսեց նրան, և երբ ագիտատորը հողահավասարման անունը տվեց, բազմությունը շարժվեց. թե մարդիկ կային, որոնց մտքերը հեռու էին, ցնցվեցին, մոտեցան խոսողին: Շատ մարդ էր լսում նրան, և այդ րոպեին Մրոցում ոչ մի ուղեղ չկար, որի ծալքերում Ծիրանի տափի պատմությունը չդառնար շվաքի պես: Լսելուց հետո շատերը խոսեցին Ծիրանի տափի մասին:

      Կեսգիշերին Մրոցում մի քանի մարդիկ խոսում էին կտուրի վրա, որի տակ քուրսու վրա քնել էր ագիտատորը:

      – Հը՞, ի՞նչ անենք…

      – Չի վերցնի, հերսոտ ա…

      – Բա էդպես գնա՞, ախր լավ չի լինի…

      Առավոտյան, երբ քաղաքից եկած ընկերը ձին նստեց ուրիշ գյուղ գնալու, նրան բարի ճանապարհ ասացին, մոտեցան ձեռք տվին:

      Երբ մոտեցավ և նա, որ կեսգիշերին կտուրի վրա խոսելիս ասել էր, թե «լավ չի լինի, թե էդպես գնա» և ուզեց աջը մեկնի և բարևելիս ձիավորի բռան մեջ դնի այն,ինչ պինդ սեղմել էր ձեռքում, աջը մեկնելիս աչքը ընկավ ձիավորի աչքին, և կիսով չափ մեկնած ձեռքը երկյուղից ետ ընակվ փափախի վրա, բռի մեջ դրամ: Ձիավորին ճանապարհելիս նա փափախը հանեց: Նույն օրը կտուրի վրա խոսողները շատ հանդիմանեցին նրան, իսկ նա ուսերն էր վեր քաշում և ասում.

      – Կարացի ոչ, աչքերը հերսոտ էր…

      Մի գարուն էլ շուռ տվեց, և այդ գարնանը քաղաքից հողաչափ եկավ երկու գյուղի սահմանները որոշելու: Հողաչափը դեռ գյուղ չեկած՝ երկու գյուղումն էլ գիտեին նրա մասին այնքան տեղեկություն, կարծես այդ մարդը տարիներ էր ապրել նրանց հետ: Մինչև նրա գալը երկու գյուղումն էլ նրա մասին էին խոսում:

      – Ասում են շատ խղճով ա:

      – Խմիչքեղենից հեռու չի…

      – Որ հերսոտեց, էլ պրծնում չկա, գործը կքանդի…

      – Աչքի մինն էլ մի թեթև շաշ ա…

      Հողաչափի գալուց հետո խոսքն ու զրույցն ավելի շատացավ: Դեռ Միրին չհասած, վերին գյուղից ձիավորներ էին եկել նրան իրենց մոտ տանելու: Եվ որովհետև նա « խմիչքներից հեռու չէր», վերի գյուղը գնաց, որի մասին լսել էր քաղաքում: Առաջին հաղթանակը թև տվեց Մրոցին, ջուր մաղեց Միրի գլխին: Ծիրանի տափի բախտը կիսով չափ որոշված համարեցին:

      Հողաչափը շաբաթից ավել մնաց, երկու գյուղումն էլ կերավ ձու, կարագ, մեղր, քնեց մաքուր տեղաշորում, շատ անգամ