Դիլան դային թաքստոցից դուրս եկավ, ճանապաչհը շարունակեց: Արդեն անտառի խորքն էր, տեղ-տեղ ծառերն անանց պատնեշ էին կազմել: Տերևները հարյուրավոր տարիներ թափվել էին իրար վրա, արևերես չէին տեսել ու չէին փտել: Ծառերի բները թաղնել էին տերևների կույտի մեջ, և ճյուղերը թխսամոր թևերի նման փռել ստվերում բուսած կապույտ սունկերի վրա:
Դիլան դային կոխ էր տալիս չորացած տերևները, թաղվում, ինչպես հարդի շեղջի մեջ, սայթաքում և ճղներից բռնելով ճանապարհը շարունակում:
Հասավ աղբյուրը, կռացավ, կուխտ խմեց: Քիչ հետո իջավ լորենիների ձորը:
Ներքև, քարերի վրա, այնքան շատ միրհավ կար… Արևը տաքացրել էր մամռոտ քարերը, ոսկեփետուր միրհավը, թևերին սև պուտեր, թռչում էր քարից քար, կանչում, կտցահարում հարևանին, էգի շուրջը պտույտներ անում:
Նշան բռնեց: Երբ քարը կայծ տվավ և կայծից բռնկվեց վառոդը, հրացանի փողից բոց ու մուխ ելավ, ձորերը որոտացին ահավոր արձաքանքով, ձորից թռան միրհավները` թևերը լայն, փափուկ բմբուլով, թևերը փռած աշնան արևի ոսկե շողերի տակ:
Միայն մեկը թպրտաց, մամռոտ քարից վայր ընկավ թփուտների մեջ:
Դիլան դային վրա վազեց և վազելիս նկատեց, որ մի սպիտակ շուն, լեզուն հանած, ցատկեց թփուտների կողմը: Որսկան շան շունչն ու Դիլան դայու ձեռքերը միասին ձգվեցին դեպի արնոտ միրհավը:
Նրա մատները դիպան դեղին բմբուլներին, բայց վիրավոր միրհավը հանկարծ թևին տվեց, թռավ վեր: Երկու փետուր օրորալով վայր ընկան, աշնան դեղին տերևների նման:
Դիլան դային ափսոսանքով նայում էր արնոտ միրհավի ետևից, երբ հանկարծ, շատ մոտիկ լսեց ոտնաձայն: Հետ նայեց, աչքերը զարմանքից լայնացան,և հրացանը բնազդմամբ ձեռքից վայր սահեց ծառի ետևը: Անտառապահն էր, աչքերը` կաս-կարմիր ածուխ…
Մոտեցավ, բղավեց, և մինչև ուշքի կգար, նար մտրակը օդը ճեղքելով չափեց Դիալն դայու ուսը, մինչև թիակների ոսկորը,մրմուռը ծակծկեց, ինչպես եղինջի հարվածը բաց մսերի վրա:
Անտառապահը հարվածում էր նրան և զայրանում, որ Դիլան դային փախցրել էր նրա զարկած միրհավը:
Անտառապահի որսկան շունը մեկ նայում էր տիրոջը, մեկ Դիլան դայուն, մռռում էր, պոչը գետնով տալիս, մեկ բերանը բաց` հուզմունքից հորանջում, մեկ էլ անհանգիստ հոտոտում թփերը, որտեղ քիչ առաջ թպրտում էր արնոտ միրհավը:
Անակնակալ հանդիպումը նրան շշմեցրեց… Նրանք արդեն հեռացել էին, երբ Դիլան դային ուծքի եկավ, նայեց նրանց հետևից, մտաբերեց շան կարմիր երախը…
Դիլան դային նստեց քարի վրա: Ցավից նրա դեմքը կծկվում էր: Մեջքը կարծես շիկացած շամփուրներով խանձել էին, աչքի տակը հարվածից տաքացել էր: Երկար միտք արեց Դիլան դային, աչքի միրհավի երկու փետուրներին: Մի անհուն դառնություն և կսկիծ ավերեց նրա չքնաղ օրը:
… Արևը խաղում էր մայրամուտի ամպերի հետ: Անտառում լռություն էր: Միրհավը թռել էր հեռու… Մամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած, դեղնագույն-սև պուտերով, իսկ թփի չոր ճյուղերին` արյան կաթիլներ:
Դիլան դային ձորով իջավ ներքև:
Երբեմն երազ էր թվում միրհավը, բայց մտրակի տեղերը մրմնջում էին, աչքի տակ ցավ էր զգում, ոտքերը թեթև դողում էին:
Սեղմել