Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր:
… Դիլան դային վեր կացավ, հետ քաշեց հնձանի դուռը, երկաթե փակն ամրացրեց, մինչև մյուս գարուն: Ապա կռացավ, դժվարությամբ շալակեց չորացած ոստերի և ցողունների կապը և հոգնած ոտքերը ծերունու հուշիկ քայլերով փոխեց դեպի այգու դուռը:
Այգում էլ ոչ ոք չմնաց:
Միայն իրիկվա հովից խշշում էին սիմինդրի կոշտացած ցողունները. չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, թպրտում հուսահատ և անմռունչ պառկում սև գուբի մեջ:
ՀԱՆԱՎԱՆՔ
Նախարարն անցավ Քասախ գետի ափով և այնտեղ, ուր գետը խոր անդունդի մեջ վշշում է, պղտոր ալիքները զարկում ժայռերին, քերում ժայռերը, հունը և ավելի խոր թաղվում ժայռերի մեջ, – բարձր ժայռերի գլխով անցավ նախարարը և որոշեց կառուցել մի հոյակապ տաճար:
Գուցե այդպես չի եղել, գուցե եպիսկոպոս է անցել և ցանկացել Քասախի ափին տեսնել մի վանք, որ խոյանա տիրակալ` քարափի գլխին, պատուհանները նայեն ձորին, գետի ալիքներին, փրփրոտ սահանքներին, և կամարների տակ դպիրները կարդան շարական ու սաղմոս, ծլնգան զանգերը, և վանահայրն աղոթքի մեջ մոռանա աշխարհը, նախարարի հարճին…
Հանավանքի քարերը չեն պատմում այդ մասին:
Բայց քարերի վրա գրեր կան այն մասին, որ Հանավանքը հնձաններ է ունեցել, խաղողի այգի, ձիթահան ու ջաղաց, որ իշխանները «հոգու փրկության» համար գյուղեր են նվիրել վանքին` արջառներով գեր, անտառներ` երեներով լի, գյուղեր և գյուղերում` հեթանոս ռամիկ: Հանավանքի քարերի վրա հիշված է այդ մասին:
Քարափի գլխով նախարարը յոթերորդ դարում անցավ և երբ իր կամքը հայտնեց համհարդներին, նա չմտածեց, որ դարեր հետո միայն Քասախը պիտի մնա, ժայռերը ձորի և շինականը ռամիկ, որ իր շալակով կրեց հսկա քարերը Հանավանքի:
Դարեր անցան, շինականը բազմացավ, և այնտեղ, որտեղ անտառներ կային, անտառներում երեներ, մնացին քարեր, փափուկ հողեր, որովհետև շինականին լավաշ հաց էր հարկավոր:
Ցամաքեց գետինը չբեր կնոջ արգանդի պես: Առուներից հիշողություն մնաց և փոքրիկ ձորակներ, ձորակիների մասին ավանդություն հին օրերից, թե կար ժամանակ, երբ ձորով փրփուր առուներ էին անցնում, անտառում պախրան կռանում էր` առվակից ջուր խմում:
Շինականը շատացավ, իշխանական անտառի ծառերը դարձան մարագի գերան, մարագները վառվեցին, բնակչությունը պահվեց քարանձավներում, և երբ արևը դարձյալ շողաց խաղաղ կամարի վրա, շինականը դուրս եկավ քարանձավից, ցորենը ծլեց փափուկ հողում, և գետնափոր տներում ձմռան ցուրտ գիշերներին շինականը դարձյալ շատացավ:
Երբ առուների ջուրը պակասեց, կացնահար եղան վերջին վազերը, թմբերը հավասարվեցին, հնձանները պարապ թողին: Անձրև եկավ, ձյուն ու քամի, անձրևը ծեծեց հնձանի պատերը, և հնձանները հավասարվեցին հողին, ինչպես խաղողի այգում թմբերը:
Հնձաններից էլ մնաց հիշողություն, ինչպես յոթերորդ դարու նախարարից:
Հանավանքի կտուրի վրա փշեր բուսան, փշերը հնադարյան կրաշաղախը ճեղքեցին, քարերը տեղահան արին, և ժաժքի մի գիշեր գմբեթը փլվեց, քարերն ընկան Քասախի մեջ, գետը փրփրաց և ծածկեց քարերը, ուր դարեր առաջ շինականը պոկել էր, իր մեջքի վրա վերև բարձրացրել:
Լուսաբացին