Վերջին խոսքերը արտասանեց նա բավական բարձր ձայնով, բռնեց իմ ձեռքից և համարյա ուժով աշխատում էր տանել ինձ իր հետ:
Այդ միջոցին բակում հայտնվեցավ մի այլ ստվեր, նա ցած իջավ կտուրից, ես լսեցի նրա ոտնաձայնը: Արագ քայլերով մտավ նա սրահը: Ես իսկույն ճանաչեցի Ծովիկին: Տեսնելով մորը ինձ մոտ, բացականչեց նա.
– Ա՜խ, աստված, այդ ո՞վ բաց արավ դուռը:
Երևում էր, որ նա կտուրից լսել էր մոր ձայնը և ցած էր իջել նրան օգնելու: Նա բռնեց գիշերաշրջիկ լուսնոտի ձեռքից և, առանց մի խոսք ասելու, տարավ դեպի իր սենյակը: Մայրը առանց ընդդիմության հետևեց նրան: Մի ուրիշը նրա տեղ` կարող էր վախենալ, կարող էր աղաղակել, բայց մանկահասակ աղջիկը, որպես տեսնում էի, բոլորովին ընտելացած էր մոր հիվանդոլթյանը և գիտեր, թե ինչպես պետք էր վարվել նրա հետ: Երբ նա տարավ, հանգստացրեց մորը և դուռը կողպելով եկավ ինձ մոտ` ես նրանից հարցրի.
– Քո մոր հետ ամե՞ն գիշեր այդպես է պատահում:
– Երբեմն միայն, – պատասխանեց նա տխուր ձայնով, – ավելի լուսընկա գիշերներում: Այդ ժամանակ հայրս միշտ նրա մոտ է լինում, հսկում է նրան: Ա՜խ, ու՞ր է գնացել այս գիշեր, չէ երևում:
– Նա, կարծեմ, հյուսնի արհեստանոցումն է:
Ծովիկը դիմեց դեպի արհեստանոցը` հորը կանչելու համար:
– Սպասի՛ր, միասին գնանք:
Նա կանգնեց: Ճանապարհին հարցրի նրանից.
– Քո մայրը ինչ-որ արյան վրա էր խոսում: Այդ ի՞նչ արյուն է:
– Չեմ իմանում, նա միշտ այդ է ասում, երբ նրա հետ պատահում են այսպիսի բաներ… Հայրս չէ թողնում, որ մենք լսենք, նա մեզ հեռացնում է…
– Դու և. Քոթոթը չե՞ք վախենում, երբ նա այդպես բաներ է խոսում:
– Ինչո՞ւ պետք է վախենանք: Նա մեր մայրն է: Բայց հարևանները վախենում են, ասում են, թե դևերը ման են ածում նրան:
– Նա մի՞շտ այդպես խոսում է:
– Շատ անգամ ոչինչ չէ խոսում, լուռ դուրս է գալիս սենյակից, պտտվում է բակի մեջ, մտնում է պարտեզը, հետո գնում է ծովեզրը: Այնտեղ ժամերով կանգնում է և երկար, անխոս նայում է ծովին:
Խե՜ղճ աղջիկ, եթե նա գիտենար, թե որպիսի ցավեր են թաքնված դժբախտ մոր սրտում: Ես ոչինչ չասեցի: Մենք մոտեցանք հյուսնի արհեստանոցին: Ասլանը նստած էր ճրագի մոտ, իսկ նրա հանդեպ` ծերունի արհեստավորը: Երկուսի մեջտեղում դրած էր մի լայն տախտակ, որ ծառայում էր սեղանի փոխարեն: Տախտակի վրա դրած էին զանազան նկարներ, որոնք պատկերացնում էին, որքան ես կարողացա հասկանալ, նավի այս և այն մասների առանձին-առանձին գծագրությունները: Ասլանը ծերունի արհեստավորին ցույց էր տալիս այդ նկարները, բացատրում էր նրանց համեմատական չափը, տարածությունը, կազմվածքը և ալն: Արհեստավորը ուշադրությամբ լսում էր նրան: Մի կողմում նստած էր վարպետ Փանոսը, մյուս կողմում` Բերզեն-0ղլին: Նրանք ևս երբեմն հայտնում էին իրանց կարծիքները:
Երբ Ծովիկը ներս մտավ, բոլորը, գիշերային այն տարաժամ պահուն տեսնելով նրան, զարմացած մնացին: Նա մոտեցավ հորը, ինչ-որ փսփսաց նրա ականջին: Հայրը անմիջապես դուրս եկավ արհեստանոցից:
Երեում էր, որ Ասլանը վերջացրել էր իր գործը. և նա նույնպես երկար չմնաց այնտեղ, նկարները հանձնեց հյուսնին և դուրս եկավ: Մինչև սրահը հասնելը` նա հարցրեց վարպետ Փանոսից.
– Դուք կարծում եք, որ նա կարո՞ղ կլինի պատրաստել…
– Սատանայի