Կայծեր Մաս 2. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9781772467086
Скачать книгу
ձայնը մի այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ անկարելի էր մի բան խոսել: Մի կողմում սղոցում էին, մյուս կողմում տաշում էին, մեկը ռանդա էր տալիս, մյուսը շաղափով ծակում էր, մի խոսքով ոչ ոք անգործ չէր: Անգործը միայն ես էի: Իմ դրությունը շատ հիմար էր: Նայեցի, նայեցի և վերջապես ձանձրացա և դուրս եկա:

      Գալով սրահը, որտեղ ճաշեցինք մենք, ոչ ոքի չգտա: Ասլանը և վարպետ Փանոսը դեռ չէին վերադարձել: Միայն հատակի սփռոցները, առաջվա կարգով, դեռ իրանց տեղումն էին: Ես մոտեցա, պառկեցի նույն մինդարի վրա, ուր ճաշի ժամանակ նստած էր Ասլանը:

      Սրահի միջով ես նայում էի դեպի ընդարձակ պարտեզը: Նա բաժանված էր սրահից փայտյա ցած վանդակապատով միայն: Ծառերը այն աստիճան սերտ կերպով գրկված էին միմյանց հետ, որ ես շատ հեռու չէի տեսնում: Ավելի քան տերևները, նրանց ճյուղերը ծանրաբեռնված էին հասունացած պտուղներով: Արեգակը կրակ էր թափում: Նրա ջերմությունից ամեն մի ծառ, ամեն մի թուփ, ամեն մի պտուղ, ամեն մի խոտ և ծաղիկ լցրել էր օդը ախորժելի անուշահոտությամբ: Ես սիրում էի այդ մեղմ, քնաբեր անուշահոտությունը, որ բուրում է ծառաստանը, ոգևորված միջօրեի ջերմությունից: Բայց իմ քունը չէր տանում: Ճնճղուկները, թաքնված տերևների խտության մեջ, լուռ մրափում էին: Ծիծեռնակը, որ սրահի ձեղունի գերաններից մեկի կողքին կպցրել էր իր բաժակաձև բույնը, նա էլ, իր ճտերի մոտ թառած, քաղցր թմրության մեջ նիրհում էր: Իսկ ես քնել չէի կարողանում:

      Ինձ տանջում էին զանազան մտատանջություններ: Մինչև այն օր տեսած, լսած, հասկացած, չհասկացած առարկաների կատարյալ խառնաշփոթությունը ամբարված էր իմ գլխում: Այդ մռայլ քաոսից ոչինչ ելք գտնել չէի կարողանում: Ո՞րտեղից էի գալիս, ո՞ւր էի գնում, ի՞նչ նպատակների էի ձգտում, ո՞ւր կտանեին ինձ այդ թափառումները, ինձ բացատրել չէի կարողանում: Ես խարխափում էի անստուգության և անգիտակցության խավարի մեջ: «Լավ է, մտածում էի ես, ամենևին չհավատալ, քան թե կիսով չափ հավատալ»… Բայց մի զգացմունք միայն ինձ հաշտեցնում էր իմ անորոշ վիճակի հետ. դա էր այն ջերմ սերը, որ ես ունեի դեպի Ասլանը: Այդ սերը լրացնում էր իմ թերահավատությունը: Սիրում էի այդ եռանդոտ երիտասարդին: Նրա մեջ կար մի բան, որ շատ սիրելի էր: Բայց թե ի՞նչ էր այդ բանը, ես ոչինչ կերպով ըմբռնել չէի կարողանում…

      Ամեն տեղ, ուր և գնում էինք, ես հանդիպում էի նորանոր պատրանքների, նորանոր կեղծիքների: Կարծես իմ աչքերը պատած լինեին թանձր մշուշով, հեռուն չտեսնելու համար: Եվ ինչո՞ւ համար տեսնեի: Գուցե նա ա՛յնքան սարսափելի էր, որ հենց այդ պատճառով Ասլանը չէր կամենում խլել իմ աչքերից կախարդական քողը և իմ առջև բաց անել ապագայի սոսկալի պատկերը: Գուցե նա չէր կամենում միանգամից վախեցնել ինձ: Գուցե նա այնքան հրապուրիչ և այնքան գեղեցիկ էր, որ և՛ չէր կամենում ինձ միանգամից հափշտակությունների մեջ ձգել: Եվ մի՛թե ես ունեի այնքան պատրաստականություն ամեն ինչ հասկանալու համար: Ես ինքս ուզում էի իմ դատարկությունը, իմ մտավոր աղքատությունը: Եվ նա շատ անգամ նկատում էր ինձ, թե «քեզ պետք է դեռ շատ բան սովորել» …

      Ինձանից շատ հեռու չէր խնձորենին, որի տերևների սոսափյունը ընդհատեց իմ մտածություները: Ես նայեցի դեպի այն կողմը: Ծառերի վրա նկատեցի նույն աղջկան, որ ճաշի ժամանակ մեզ համար սեղան էր պատրաստում: Դա Ծովիկն էր, նավավարի աղջիկը: Ահա մի էակ ևս, որ ինձ նման արթուն էր, որի վրա օրվա ջերմությունը չէր ազդում: Բայց ի՞նչ էր շինում այդ մանկահասակ արարածը այն ծառի վրա: Կապիկը միայն կարող