Կայծեր Մաս 2. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9781772467086
Скачать книгу
խոսում էին նավակների թվի և նրանց փոխադրած ծանրությունների քանակության մասին, թե տարվա ընթացքում ո՛րքան մթերքներ կարող են փոխադրել, այդ բոլորի մասին, իհարկե, հաշիվ ու համար տալիս էր գլխավորապես Բերզեն-Օղլին: Նա այնպես լավ ուսումնասիրել էր ծովակը և նրա շրջակայքը, որպես մի լավ վարժապետ ուսումնասիրում է իր դասագիրքը: Նրան ծանոթ էին ծովակի բոլոր խորշերը, բոլոր եզերքը և այն բոլոր դիրքերը, որտեղից կարելի էր ցամաքի հետ հարաբերություն ունենալ: Ասլանը իր լսածներից այն եզրակացությունն էր դուրս բեռում, թե երկու առագաստավոր նավեր բավական կլինեն կատարելու այն գործը, ինչ որ կատարում են բազմաթիվ նավակներն ու սանդալները:

      Նրանք խոսում էին, դատում էին, վիճում էին, իսկ ես համարյա չէի լսում: Ես չէի կարողանում մոռանալ Քոթոթի տված տեղեկությունները իր մոր մասին, և նրա վրա էի մտածում: Ասլանը այն օրը տան ներսի սենյակներից դուրս գալու ժամանակ ինձ ասաց, թե այնտեղ մի հիվանդ կա, դա, անտարակույս, նավավարի կինը պետք է լիներ, բայց Քոթոթի տված տեղեկությունները այդ հիվանդի դրության մասին` բավական կասկածավոր էին դարձնում նրան: Այնտեղ անպատճառ մի բան պետք է լինի, մտածում էի ես:

      Մեզ ընթրիք տալուց հետո տանեցիք, այսինքն Ծովիկը և Քոթոթը, գնացին կտուրի վրա քնելու: Գյուղացի երեխաները քնում են արևի հետ և զարթնում են նրանից առաջ: Սրահի մեջ մեզ համար ևս քնելու անկողիններ պատրաստեցին: Սրահը, որ պատշգամբի նախնական ձևն է, շատ հարմարություն ունի ամառնային կեցության համար. այնտեղ և՛ հով է, և՛ մաքուր օդ կա, և՛ անքուն գիշերներում մարդ չէ տաղտկանում, նայում է աստղազարդ երկնքի վրա, զվարճանում է անթիվ լուսավորներով: Իսկ այն գիշերը ինձ ավելի գրավում էր այն խուլ, խորհրդավոր ձայնը, որ լսվում էր օդի մեջ. դա ծովակի ալիքների ձայնն էր, որ գալիս էր հեռվից:

      Հյուսնի արհեստանոցում գործը դադարել էր, այնտեղից ձայն չէր լսվում: Բայց արհեստանոցի բաց դռնից ճրագի լույս էր երևում: Ծերունի արհեստավորը, երևի, դեռ չէր քնած: Նավավարը Ասլանին և վարպետ Փանոսին տարավ այնտեղ մի քանի բաներ ցույց տալու համար: Ես չգնացի. ես արդեն ցերեկով տեսել էի այն տախտակների և փայտերի մթերանոցը, և դրանք ինձ համար մի առանձին նշանակություն չունեին: Ես պառկած մնացի իմ անկողնի վրա և իսկույն քունս տարավ:

      Մի օտարոտի ձայն զարթեցրեց ինձ: Ո՞րքան ժամանակ անցել էր գիշերից, չգիտեմ, բայց աքաղաղները խոսում էին: Գլուխը վեր բարձրացրի, նայեցի իմ շուրջը: Ճրագի ձեթը արդեն սպառվել էր, և պատրույգը երբեմն աղոտ կերպով պլպլում էր, երբեմն հանգչում էր: Բայց սրահի մեջ բավական լույս կար. կիսալուսինը դեռ ոչ բոլորովին անհետացել էր հորիզոնից: Նայեցի Ասլանի և վարպետ Փանոսի անկողինների վրա, նրանք դատարկ էին: Երևում էր, որ դեռ չէին վերադարձել: Նայեցի դեպի հյուսնի արհեստանոցը, այնտեղ դեռ ճրագի լույս էր երևում:

      Օտարոտի ձայնը, որ զարթեցրեց ինձ, որքան հիշում եմ, դռան սաստիկ բախման ձայնի էր նմանում. նայեցի դեպի սրահի մեջ բացվող դուռը. նա բոլորովին բաց էր. իսկ երեկոյան, մեր քնելու ժամանակ, ես նրան փակած էի տեսել: Գլուխս դարձյալ դրեցի բարձի վրա, բայց քնել չկարողացա: Քանի րոպեից հետո մի մեղմ սոսափյուն, որ հագուստի խշխշոցի էր նմանում, գրավեց իմ ուշադրությունը: Գլուխս կրկին վեր բարձրացրի և ստվերի մեջ նկատեցի մի ինչ-որ անորոշ կերպարանք: Նա սկզբում անշարժ էր, հետո շարժվեցավ և հանդարտ կերպով անցավ, առանց ամենաթեթև ձայն անգամ հանելու: Կարծես նա օդի միջով էր գնում, և նրա ոտները գետնին չէին դիպչում: Նա ցած իջավ սրահի սանդուղքներից, դիմեց դեպի