Կայծեր Մաս 2. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9781772467086
Скачать книгу
գնայի պարտեզը, քեզ համար ծիրան կբերեի, – ասաց ինձ:

      – Ինչո՞ւ չգնացիր, – հարցրի ես, փայփայելով նրա սիրուն գլուխը:

      Նա իր խոշոր, խաժ աչքերով դարձրեց դեպի ինձ և գանգատվելու եղանակով պատասխանեց.

      – Դուռը փակ էր: Դու չես իմանում ինչ սատանա է այդ Ծովիկը, երբ որ նա պարտեզն է գնում, դուռը միշտ փակում է, որ ես չմտնեմ: Ասում է, դու ծաղիկները փչացնում ես: Դու խո գիտես, որ ես չեմ փչացնում:

      Փոքրիկի գանգատը իր քրոջ մասին էր: Բայց ի՞նչ առիթով այդ չարաճճիի գլխին փչեց` ինձ վկա բռնել, որ նա չէ փչացնում:

      – Ի՞նչպես է քո անունը, – հարցրի ես:

      – Քոթոթ, – պատասխանեց նա, ինքն էլ ծիծաղելով իր օտարոտի անվան վրա:

      – Քոթո՞թ, ի՞նչ լավ անուն է:

      – Ես էլ լավ տղա եմ, – ասաց նա մի առանձին պարծանքով: – Հայրիկը ինձ ասում է` դու քոթոթ ես, արջի քոթոթ, դու խո տեսնում ես, որ ես քոթոթ չեմ:

      – Դու քոթոթ տեսե՞լ ես:

      – Տեսել եմ, մի անգամ մեր բակում պար էին ածում: Ո՜ւհ, ինչպես մազոտ թաթիկներ ուներ: Մտիկ տո՛ւր իմ ձեռքերին, իմ ձեռքերը խո այնպես մազոտ չեն:

      Նա իր սիրուն ձեռքերը դրեց իմ ափի մեջ:

      – Քո ձեռքերը այնպես չեն:

      – Էլ ինչո՞ւ են ասում ինձ քոթոթ:

      – Ես կասեմ հայրիկին, որ էլ չասե:

      Նա, փոխանակ շնորհակալության, դարձյալ գրկեց իմ պարանոցը և ջերմ կերպով համբուրեց ինձ:

      – Ասա՛ հայրիկին, որ Ծովիկը սուտ է ասում. դու խո իմանո՞ւմ ես, որ ես ծաղիկները չեմ փչացնում:

      – Իմանում եմ: Բայց ի՞նչ է անում հայրիկը, երբ Ծովիկը այդպիսի սուտեր է հնարում:

      – Բարկանում է, պատվիրում է, որ ինձ պարտեզը չթողնեն, որ միրգ ուտեմ:

      – Հայրիկին կասեմ, որ չբարկանա. դու խելացի տղա ես, կասեմ, որ պարտեզի դուռը քո առջև չփակեն:

      Նա իմ խոստմունքներից բավական գոհ մնալուց հետո մի այլ խնդիրք ևս առաջարկեց:

      – Ասա, որ մայրիկն էլ խելացի է, նրա առջև էլ դուռը չփակեն:

      – Ո՞ր դուռը:

      – Սենյակի դուռը: Հիմա այնտեղ է, դուռը փակած է: Ես այսօր ուզեցի, որ գնամ տեսնեմ, չկարողացա…

      Վերջին խոսքերը այնպիսի զգացմունքով արտասանեց փոքրիկ երեխան, որ ինձ վրա խիստ տխուր ազդեցություն գործեցին:

      – Ինչո՞ւ են կողպում մայրիկին սենյակի մեջ:

      – Չեմ իմանում: Մայրիկը այնտեղ աղաղակում է, լաց է լինում… ես էլ լաց եմ լինում, երբ մայրիկը լաց է լինում…

      Երեխայի աչքերում արտասուք երևաց:

      – Հիմա այնտե՞ղ է մայրիկը:

      – Այնտեղ է, ներսում, շատ ներսում… Հայրիկը չէ թողնում, որ դուրս գա:

      Այդ միջոցին երկու աղավնիներ իջան, նստեցին սրահի վանդակապատի վրա: Տեսնելով նրանց, փոքրիկը իսկույն մոռացավ այն ցավը, որ զգում էր իր սիրելի մոր մասին: Նա խորամանկ կերպով նայեց իմ երեսին, աչքերը ծռմռեց և նշաններով հասկացրեց ինձ, որ սուս կենամ: Իսկ ինքը կուզեկուզ սկսեց մոտենալ թռչուններին: Նրանք ավելի զգույշ գտնվեցան և, նկատելով փոքրիկ դարանակալին, թռան, բայց շատ հեռու չգնացին, նստեցին բակի մեջ, մի կտրած ծառի բունի վրա: Մանուկը շարունակեց հետամուտ լինել, և մի քանի րոպեից հետո թե աղավնիները և թե նա այլևս չերևացին: Ես խիստ սակավ անգամ տեսել էի մի այնպիսի աշխույժ և կայտառ երեխա:

      «Տան