Կայծեր Մաս 2. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9781772467086
Скачать книгу
հետո անմիջապես գնացինք ծովեզրը: Այնտեղ Ասլանը ցանկանում էր տեսնել, թե ինչպես են պատրաստում ծովային աղերը: Պատրաստելու եղանակը շատ պարզ էր. ափերի մոտ փորած էին փոքրիկ ածուներ, ջուրը ծովից բաց էին թողնում ածուների մեջ, այնչափով, որ բոլորովին լցվում էին, հետո թողնում էին նրանց այնքան ժամանակ, մինչև արևի ջերմության ներքո ջուրը բոլորովին գոլորշիանում էր, իսկ հատակի վրա մնում էին աղի փայլուն բյուրեղները: Այդ բոլորը տեսավ Ասլանը և իր հետ վեր առեց պատրաստած աղերից: Գյուղացիները, որ այդ գործով էին զբաղված, հետաքրքրությամբ հարցնում էին, թե ի՞նչ պետք է անե: Նա բացատրեց, թե այդ աղերը, որ դուք միայն օճառ պատրաստելու համար եք գործածում, ուրիշ շատ բաների մեջ կարող էին գործածվել և մեծ օգուտներ բերել: Նրանք զարմացան և ուրախացան: Ես իսկույն նկատեցի, թե ինչպես այդ բարի մարդիկը սկսեցին դրանից հետո մի առանձին հարգանքով վերաբերվել դեպի Ասլանը: Երբ գյղացուն մի բան ես սովորեցնում, որի մեջ տեսնում է իր շահը, նա այնուհետև դառնում է քո ամենալավ բարեկամը:

      Հետո գնացինք նավահանգիստը: Ոչ մի առագաստավոր նավ չկար այնտեղ, բոլորը նավակներ էին, թե հին և թե նոր տեսակներից: Հները, որոնց թիվը ավելի շատ էր և որոնց տեղացիք կոչում էին լաստ կամ սանդալ, դեռ կրում էին այն նախնական ձևը, երբ մարդ առաջին անգամ սկսեց ճանապարհորդել ջրի վրա: Մի քանի գերաններ, հավասար երկարությամբ և հավասար հաստությամբ, կցել էին միմյանց հետ, այնպես որ բոլորը միասին քառակուսի ձև էին ստացել: Այդ քառակուսի մակերևույթը պատել էին տախտակամածով, իսկ եզերքը` մի կանգունաչափ վանդակապատով: Քառակուսիի տակից, չորս անկյուններում, կապած էին չորս եզան կամ գոմեշի տիկեր, փչած` օդով լիքը: Նայելով նրանց վրա, Ասլանը ժպտալով ասաց.

      – Այդ սանդալները հիշեցնում են այն կաշուց կազմած հայկական նավակները, որ նկարագրում է Հերոդոտոսը իր պատմության մեջ, և որ գործ էին ածում հայերը մի քանի հազար տարի առաջ:

      Հերոդոտոսի նկարագրած նավակները, ինչպես ասաց Ասլանը, բոլորակ ձև ունեին և զամբյուղի նման ամբողջապես հյուսած էին ուռենիի ճյուղերից: Ներսից այդ նավակները պատած էին մորթիներով, և ջուրը դժվարությամբ կարող էր անցնել նրանց մեջ: Նրանք այնքան թեթև էին և ընդարձակ, որ կարող էին տանել բավական ծանրություններ: Հայոց վաճառականները տեղավորում էին նրանց մեջ իրանց վաճառքները, նստում էին և վեր էին առնում իրանց հետ մի քանի ավանակներ կամ ջորիներ: Եփրատ գետի ընթացքով լողում էին նրանք մինչև Բաբելոն: Հասնելով այնտեղ, վաճառում էին տարած մթերքը, հետո նավակները քանդում էին, մորթիներն էին միայն վեր առնում, իսկ բոլոր հյուսվածքը մի կողմ էին ձգում: Երբ պատրաստվում էին վերադառնալ դեպի Հայաստան, մորթիները բեռնում էին ջորիների վրա և ցամաքով ճանապարհ էին ընկնում: Ամեն տեղ նրանք կարող էին պատրաստել նույնտեսակ նավակներ, որովհետև գլխավոր նյութը, մորթիները, իրանց հետ ունեին, իսկ ուռենի ճյուղեր բոլոր գետերի եզերքի մոտ կարելի էր գտնել:

      – Ինչո՞ւ եք հեռու գնում մինչև Հերոդոտոսի ժամանակները, – մեջ մտավ Բերզեն-Օղլին, – այս տեսակ նավակներ գործ են ածում մինչև այսօր հայերը Եփրատի և Տիգրիսի ջրերի վրա, այն զանազանությամբ միայն, որ մորթիների փոխարեն իրանց զամբյուղաձև նավակները պատում են կաշիով, որովհետև հիմա սովորել են կաշու պատրաստությունը:

      Նավահանգստում կային մի քանի նավակներ ևս նոր ձևով, որոնց մեջ իր գեղեցկությամբ