Նա ակնարկում էր իր ամուսնի վրա, որ նրան արգելարանի մեջ էր պահում: Ես հիշեցի Քոթոթի խոսքերը: Նա նստեց իմ բարձի մոտ, գլուխը խոնարհեցրեց ծնկների վրա, ձեռքով բռնեց աչքերը և մի քանի վայրկյան լուռ մնաց: Գլխի ծամերը խառն հոսանքով ծածկեցին նրա դեմքը: Այդ միջոցին նմանվում էր նա մի սգավորի, որ, իր սիրելիի գերեզմանի մոտ ծունկ իջած, լուռ ողբում է նրա ցավալի կորուստը: Հետո նա գլուխը վեր բարձրացրեց, սոսկալով նայեց դեպի սենյակի դուռը և բացագանչեց հեկեկանքով.
– Դուք նրան օգնեցեք, պարոն բժշկապետ, նրան… դեռ ուշ չէ, դեռ կարելի է օգնել…
Ես կրկին սկսեցի դողալ:
– Դուք չե՞ք հավատում, պարոն բժշկապետ, – շարունակեց նա, – շտապեցե՛ք, կարելի է օգնել… դեռ մարմինը տաք է… ձեռքերը շարժում է… դեռ արյունը չէ դադարել հոսելուց…
Նա դարձյալ գլուխը ցած թողեց ծնկների վրա և երկու ձեռքով բռնեց աչքերը, կարծես զարհուրում էր մի սոսկալի տեսարանից և չէր կամենում նայել նրա վրա: Նա այլևս չէր խոսում, ես լսում էի նրա խուլ հեկեկանքը միայն:
– Օգնեցե՛ք, պարոն բժշկապետ… – դարձյալ կրկնեց նա, – դեռ ուշ չէ… կարելի է օգնել… ինչո՞ւ չեք վեր կենում… ահա այնտեղ է… շատ հեռու չէ…
Ես մտածեցի, թե իրավ, դրսում մի որևիցե դժբախտություն պետք է պատահած լինի, և շտապեցի օգնության հասնել: Բայց նա պինդ բռնեց իմ թևքից և, սրահի հատակը ցույց տալով ասաց.
– Նայեցե՛ք, պարոն բժշկապետ, ահա՛ արյան շիթերը… դեռ չեն ցամաքել… Տեսնո՞ւմ եք, պարոն բժշկապետ, ես տեսնում եմ, ահա՛, նայեցեք…
Այժմ միայն հասկացա, որ խեղճ կինը ցնորքների մեջ էր գտնվում: Ինձ նորից տիրեց մի անբացատրելի սարսափ, մանավանդ երբ նա կանգնեց և, ձեռքը դեպի սենյակի դուռը մեկնելով, ասաց.
– Այդ արյան շիթերը, այդ դռնից սկսվելով, գնում են մինչև ծովեզրը… Գիշեր էր, երբ գազանը այդ դռնից դուրս բերեց արյունաշաղախ մարմինը, որ դրած էր մազե խարարի մեջ… Արյունը կաթկթում էր խարարից… Ես վազեցի նրա ետևից, բայց նա շտապեց և շուտով հասավ ծովեզրը… դրեց խարարը իր նավակի մեջ և սկսեց թիավարել…
Այդ միջոցին անբախտ կնոջ ձայնը խեղդվեցավ և չկարողացավ շարունակել: Նա ձեռքը տարավ դեպի աչքերը, որ արտասուքը սրբե, բայց աչքերում արտասուք չկար: Ես ապշած կերպով նայում էի նրա վրա: Երևում էր, որ այդ տան մեջ կատարվել էր մի սարսափելի եղեռնագործություն, որի հետ կապված է եղել խեղճ կնոջ դժբախտությունը: Նա կրկին մոտեցավ և նստեց իմ կշտին: Այժմ ավելի սրտաշարժ ձայնով ասաց ինձ.
– Ես կպատմեմ ձեզ բոլորը… դուք պետք է գիտենաք բոլորը, պարոն բժշկապետ… մինչև չգիտենաք, չեք կարող բժշկել ինձ… Լսո՞ւմ եք, պարոն բժշկապետ…
– Լսում եմ, – պատասխանեցի ես մեքենաբար:
Նա շարունակեց.
– Այն օրից անցել են շատ տարիներ… ես շատ անգամ գիշերը գնում եմ ծովեզրը, կանգնում եմ այնտեղ, կանչում եմ, երկար կանչում եմ, նա իմ ձայնը լսում է և հանկարծ հայտնվում է ալիքների միջից… Հիմա, այս րոպեիս, այնտեղից եմ գալիս, դարձյալ տեսա նրան,դարձյալ համբուրեցի նրան… Նա ամենևին չէր փոխվել, էլի այնպես էր, որպես վերջին անգամ, երբ այդ տանից խավարի