Կայծեր Մաս 2. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9781772467086
Скачать книгу
մեկին, որ մնացել էր մեզ մոտ սպասավորելու, և ասաց.

      – Խնդրեմ այդ թուղթը ցույց տվեցեք ձեր վանահորը, դա նորին սրբազնության առաջնորդի ինձ տված թուղթն է, թեև դժվարությամբ է կարդացվում, բայց դարձյալ կարելի է որոշել, թե ի՛նչ նպատակով ես եկել եմ ձեր վանքը:

      Աբեղան, նորին սրբազնության անունը լսելով, մի առանձին պատկառանքով առեց թուղթը, նայեց նրա վրա, երևի աշխատեց մի բան կարդալ, այս կողմ ու այն կողմ շուռ տվեց և, մի երևելի գյուտ արածի նման, վերջապես ասաց.

      – Այդ սրբազանի կնիքն է:

      Աբեղան հեռանալուց հետո, ես ու Ասլանը մնացինք խուցի մեջ միայնակ:

      – Պետք է մի տաք բան խմել, – ասաց Ասլանը, – գոնե մի փոքր գինի լիներ:

      – Մի՞թե այստեղ գինի չի լինի, – հարցրի ես:

      – Հազիվ թե:

      Ասլանի ասածը ուղիղ դուրս եկավ: Երբ աբեղան վերադարձավ և հայտնեց վանահոր կողմից կատարյալ պատրաստականություն` կատարելու մեր փափագները, մենք հարցրինք գինու մասին: Նա շփոթված մնաց և, երկար մտածելուց հետո, պատասխանեց.

      – Կարծեմ պետք է, որ մի քիչ գտնվի. վանահայրը կես շիշ պահած ուներ «բաժակի» համար:

      Հետո նա նստեց մեզ մոտ, սկսեց մի առանձին հոգածությամբ պատմել, թե շատ անգամ մեծ դժվարություններ են կրում, երբ «բաժակի» գինին սպառվում է, և վանահայրը համարյա միշտ մի հրաշքով է ձեռք բերում, որ սուրբ խորհուրդը կատարվի: Եվ ավելացրեց, թե ինքը չէ իմանում ե՞րբ կամ ի՞նչ ժամանակ է պատահել, բայց լսել է, որ Վան քաղաքի մոտ մի վանք կա, որ կոչվում է «Կռունկի վանք». մի անգամ սուրբ խորհուրդը կատարելու միջոցին պատարագիչ հայր սուրբը տեսնում է, որ գինի չկա և, չկամենալով ընդհատել պատարագը, մինչև գնային, գտնեին և բերեին, նա սկսում է աղոթել: Հանկարծ, աստուծո հրամանով, մի կռունկ թռչելով ներս է մտնում տաճարի լուսամուտից և, իր կտցի մեջ բռնած, երևում է խաղողի մի ողկույզ: Նա ուղիղ մոտենում է սուրբ խորհրդի սեղանին. պատարագիչը առնում է նրա կտուցից ողկույզը և քամում է սկիհի մեջ: Այն օրից այդ վանքը կոչվեցավ «Կռունկի վանք»:

      Աբեղայի պատմությունը բավական էր, որ թե՛ ես և թե՛ Ասլանը հրաժարվեինք մեր բաղձանքից և նրանց այնպիսի մի դժվար դրության մեջ չդնեինք, որ ստիպված լինեին թռչունների միջոցով գինի ստանալ, թեև նրա պատմությունը այդ նպատակով ասված չէր, այլ ավելի այն նպատակով, որ երիտասարդ աբեղան ցույց տա, թե ինքն էլ մի բան գիտե:

      – Մեր վանքումը, – ասաց նա, – ոչ մի ըմպելիք չէ գործածվում, բացի ջրից: ՈՒխտավորներին անգամ արգելված է իրանց հետ ըմպելիքներ բերել:

      Այդ միջոցին լսելի եղավ ճաշվա ժամի կոչնակի ձայնը: Թեև այդ անապատը եկողը պետք է հետևեր վանական բոլոր կանոններին, բայց աբեղան, խնայելով մեզ, մեր հետ պատահած դժբախտության պատճառով, չպահանջեց մեզանից իսկույն եկեղեցի գնալ, այլ, ներողություն խնդրելով, ինքը հեռացավ, խոստանալով, որ պատարագը վերջացնելուց հետո դարձյալ կգա և մեզ կտանե սեղանատունը ճաշելու:

      Խուցը, որ պատրաստել էին մեզ համար, իհարկե, վանքում գտնված ամենամաքուր, ամենահարմարավոր օթևաններից մեկն էր: Բայց դա ևս ուրիշ ոչնչի նման չէր, եթե ոչ մի մթին հավաբույնի նման: Հատակը ծեփած էր կավով, որի վրա, իբրև սփռոց, տարածել էին պրտուներից և ճահճային բույսերից գործած մի հասիր (փսիաթ): Բայց մեզ պատվելու համար՝ ավելացրել էին նրա վրա և մի հին կապերտի կտոր: Պատերը շինված էին անտաշ քարերից, որոնց միացնող շաղախը, դարերի ընթացքում,