– Այդ չգիտեմ, – պատասխանեց սրբազանը:
– Ասացեք խնդրեմ, այս տեսակ «տիրուհիներ» մինչև այսօր գո՞րծ են ածվում ձեր վանքներում:
– Այո՛, գործ են ածվում, մանավանդ այն վանքերում, ուր բոլորովին փակված կյանք են վարում:
– Հիանալի գեղարվեստ կա դրա մեջ, – ասաց Ասլանը իսկապես հրճվելով, – այդ «տիրուհին» կարող է Եվրոպայի ամենանշանավոր մուզեումներից մեկի զարդը լինել, բայց ես ինձ մոտ կպահեմ, իբրև, թանկագին հիշատակ: Ուրեմն թույլ տվեցեք, սրբազան հայր, իմ կողմից ևս ձեզ մոտ մի փոքրիկ հիշատակ թողնել:
Ասլանը նայեց իմ երեսին, ես մոտեցա և քթախոտի փղոսկրյա տուփը, որ պահված էր գեղեցիկ պատյանի մեջ, դրեցի նրա առջև: Նա վեր առեց և տվեց սրբազանին, որ շնորհակալությամբ ընդունելով, ասաց:
– Որքան անգամ այդ տուփը ձեռքս առնելու լինեմ, ձեր անունը օրհնությամբ կհիշվի իմ բերանում, պարոն բժշկապետ:
Ասլանը այլևս երկար չնստեց, երբ քարտուղարը պատրաստած թուղթը ներս բերեց: Սրբազանը կնիքը դրեց և ստորագրեց թուղթը, հետո իր ձեռքով տվեց Ասլանին: Նա շնորհակալությամբ ընդունեց թուղթը և, «տիրուհին» առնելով, վեր կացավ: Երբ սրբազանի աջը սեղմելով կամենում էր հեռանալ, նա կանգնեցրեց, ասելով.
– Կիրակի գիշեր ինձ մոտ հյուրեր կլինեն, որոնց թվում կլինի փաշան և մեր քաղաքի մի քանի նշանավոր անձինք: Խնդրեմ, դուք ևս հարգեք մեր սեղանը:
– Մեծ ուրախությամբ, – ասաց Ասլանը, և մենք դուրս եկանք:
Բակի դռան մոտ տեսանք քարտուղարին, որ դարան մտած կատվի պես սպասում էր մեզ:
– Դրան պետք է մի բան տալ, – ասեցի Ասլանին:
– Գիտեմ, – ասաց նա և, կանչելով քարտուղարին, դրեց նրա ափի մեջ մի հատ ոսկի:
Քարտուղարը, ի նշան իր շնորհակալության, բռնեց Ասլանի ձիու ասպանդակը, որ նա հեծնե: Ասլանը մերժեց այդ ցած ծառայությունը, որ վայել չէր նրա աստիճանին:
Ճանապարհին ես ասեցի Ասլանին.
Բավական քաղաքավարի մարդ երևաց ինձ սրբազանը:
– Եվ հիմար մարդ չէ:
Ը
ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ԴՈՒՌԸ
Առաջնորդարանից դուրս գալուց հետո մենք այլևս չվերադարձանք Այգեստան, որովհետև Ասլանը կամենում էր Ավանց գյուղը գնալ, ծովային աղերի պատրաստությունը տեսնելու համար: Նա ինձ ասաց, որ ճանապարհը գիտե և առաջնորդի ամենևին կարոտություն չկա:
Մինչև կես օր դեռ բավական ժամանակ կար: Մենք դուրս եկանք Իսքալե-Կափուսի կոչված քաղաքադռնից, որ տանում է դեպի նավահանգիստը: Այդ պատճառով ևս նա կոչվում է Իսքալե-Կափուսի, որ նշանակում է նավահանգստի դուռ: Այստեղից մինչև Ավանց գյուղը, որի մոտ գտնվում է և նավահանգիստը, կես ժամու ճանապարհ է, բայց մենք զանազան հետազոտությունների պատճառով բավական ուշ հասանք: Ճանապարհը ձգվում էր մշակված դաշտերի, ագարակների, այգիների և կանաչազարդ մարգագետինների միջով: Դա բանուկ ճանապարհներից մեկն էր, որ քաղաքից տանում էր դեպի նավահանգիստը: Խիստ հաճախ պատահում էինք խումբերով ուղևորների, որոնք զարմացած կերպով նայում էին եվրոպացու վրա և, գլուխ տալով, անցնում էին: Ճանապարհի եզերքին շատ անգամ տեսնում էինք մենավոր մարդիկ, որ, անշարժ նստած գետնի վրա, անխորհուրդ կերպով նայում էին անցուդարձ անողների վրա: Նրանց մոտ