– Տասն օր ա էսպես խաղում ա, գիշեր-ցերեկ…
Դիմացի տունը՝ կտուրը խոնարհած, մի քիչ թեք ընկած տուն էր, կտրին աթարի դեզ՝ շիշ փափախի պես, դեզի մոտ դեղին դդումի մի շարք: Փողոցին նայող միակ պատուհանը ներսից շորով էր ծածկած:
Զուռնան նվագում էր ներսում, դմբում էր դհոլը, ինչ-որ մարդիկ ոտքերը գետնով էին տալիս սենյակի սալաքարին: Փակ էր դուռը տան, բակում օքմին չէր երևում: Եվ եթե մեկն անցնում էր փողոցով, շորով ծածկած պատուհանի առաջ չէր կանգնում, զուռնայի նվագը չէր լսում, այլ արագաքայլ էր անում:
Եվ` ծանոթ գեղականն իմ հեռացավ մի քիչ, նստեց փողոցում ընկած գերանի վրա, շփեց ճակատն ու ասաց, թե`
– Հայվանի ադաթ ա մեզանում էդ խաղը, խաղլացավը…
Չկարողացա իմանալ, թե ինչ ցավ է. բռնում է հանկարծ, ասում են, շատ միտք անելուց, հանկարծակի կորստից կամ հրճվանքից անչափ: Հիվանդի ոսկորները ցավում են:
– Ցավը որդի պես, սաղ ջանով ման ա գալիս… Մին ծունկն ա ծակում, մեկ էլ փախնում սրտի տակ: Պետք ա էդ որդին սպանեն:
Եվ սպանում են «խաղլացավով»: Կիսամութ սենյակում նստոտում են վարձովի լալկան կանայք, հիվանդը նստում է նրանց մոտ: Լալիս են կանայք վարձկան, սուգ անում, մղկտում, և հիվանդի սիրտը թուլանում է, մարելու պես լինում, մեկ էլ ծլունգ լինում ընդոստ, սկսում պարել՝ խելագարի ցատկումներով անմիտ, գետնովն է տալիս իրեն, մարմինը կոտրատում և պարում, պարում ժամերով: Քրտնում է, փրփրում, բայց թնդում է պարը: Սենյակի անկյունում նստած զուռնաչին զլում է զուռնան, դհոլը դմբում է արագ, նվագն ասես թե ոսկրի մեջ է մտնում, և մարմինը՝ դհոլի դմբոցի հետ վեր-վեր է թռչում, ֆուտբոլի գնդակի պես:
Այսպես սկսվում է և երկու օր տևում: Նվագում են գիշեր-ցերեկ, հոգնած զուռնաչուն ուրիշն է փոխարինում, դարձյալ զլում զուռնան, դհոլին խփում, և հիվանդը պարում է, մինչև ուշաթափ լինի: Հիվանդին պառկեցնում են անկողնում, մի քիչ դադար առնում և հետո նորից սկսում:
Եթե երկու օրում չի լավանում, եթե հիվանդը դարձյալ գանգատվում է «որդի» ծակոցից, խաղալը շարունակում են, այս անգամ ավելի վայրենի, ավելի անիմաստ ու այլանդակ:
Զուռնի լայն բերանը մոտեցնում են հիվանդի ականջին, մեկը ձախ, մյուսը աջ, սկսում են փչել, ինչքան թոքերը կարող են շունչ պահել: Դհոլն էլ դնում են հիվանդի գլխին և փայտե կոպալներով հարվածում դհոլի պինդ քաշած կաշուն: Ինչքան ուժ ունեն, փչում են զուռնան, դհոլին կոպալները կարկտի պես են վեր թափում:
Հիվանդը ցնցվում է ցավից, հնչյուններից անախորժ, ոտքի է ելնում և նորից սկսում պարել: Այդ ժամանակ է, որ ներս են մտնում երկու ուժեղ տղամարդ, և սկսվում է «խաղալու ցավի» զարհուրելին:
Հիվանդին գետնով են տալիս, ոտնահարում, փափուկ մսից քաշում, թևերից բռնում, ձգում, հրում մի պատից մյուսը, աքացի տալիս, երակներից բռնում, քաշում, մատները կոտրատում…
– Սաղ մարդը մի սհաթ էլ չի դիմանա էդ չարչարանքին, – ասում էր ծանոթ գեղականն իմ: Իրեն էլ են կանչել, մի անգամ էլ ինքն է գնացել մարմինը ջարդելու:
– Էն մեջքի ճիլերից որ քաշում էի, ասում էի, թե հրես միսը պտի պոկվի… Ամա իրեն ցավ չի թվում…
Եվ ձեռքի բութն ու ցուցամատը կեռացրեց այնպես, ասես ցինի կտուց լինի:
Շատերից եմ հարցրել «խաղալու ցավի» մասին: Բոլորն էլ նույնն են ասում: Հիվանդին ջարդում են, տղամարդիկ աքացի են տալիս, կռները կոտրատում են, մարմինը կապտում