Մթնաձոր. Ակսել Բակունց. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Ակսել Բակունց
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Поэзия
Год издания: 0
isbn: 9781772468212
Скачать книгу
պահում էր հրացանը և գյուղ դառնալիս էլի հանում, ձեռքին բռնում:

      Երեխաները ծիծաղում էին նրա վրա. —

      – Պետի՛, քանի՞ մարդ ես սպանել:

      – Պետի՛, բա զորքդ ու՞ր ա…

      Երբեմն Պետուն թվում էր, թե վաշտապետը դիտմամբ է զենք տվել, որ ծաղր անեն, ծիծիաղեն: Այդ մտքից նեղանում էր, կոտրվում և քաշվում գոմի մի անկյուն, որ մարդ չտեսնի:

      Լուսաբացին, երբ Պետին աղբյուրի մոտ երեսն էր լվանում, իսկ կովերը հավաքվում էին աղբյուրի մոտ, Պետուն ասացին, որ ինքը սարում դիրքեր փորի: Նախիրն այդ օր գյուղում պիտի մնար:

      Պետին շփոթմունքից մոռացավ երեսը փափախով սրբել: Ջուրը ծլլում էր դեմքից: Մի պահ մտածեց, ուզեց հրաժարվի, բայց հիշեց, որ վաշտապետը ոտը էլի գետնով կտա:

      Եվ մյուսների հետ ինքն էլ գնաց Այու սարի լանջին դիրքեր փորելու:

      Գարնան ամպոտ օր էր: Անձրևը մաղում էր մեղմ, խոնավության մեջ կար գարնան ծաղիկների, կանաչ խոտի բուրմունք:

      Պետին հացը մի քարի տակ դրեց և տասնապետի ցույց տված տեղը սկսեց փորել: Բավական հեռու մի ուրիշն էր փորում, նրա կողքին երրորդը, և այսպես գարնան ամպոտ մի օր, Այու սարի ծաղկոտ լանջի վրա երևացին խրամատի գոտիներ:

      Փորում էր Պետին անվարժ շարժումներով, և քրտինքը սնդիկի հատիկների պես գլորվում էր նրա ծաղկատար ճակատից:

      Ամպերը մեկ էլ ետ քաշվեցին, գարնան արևը երևաց ամպի տակից, և բուրմունքն ավելի շատացավ: Պետին թիկն տվեց մի քարի, նստեց հանգստանալու:

      Հեռվում, այգիների մեջ թաղված քաղաքը դաշտի վրա օազիսի նման էր երևում:

      Պետու ականջին հասավ կովի բառաչի ձայն, որ գյուղի կողմից էր գալիս: Նա նայեց, բառաչի ձայնը մեկ էլ լսվեց:

      – Ջա՛ն, մարալ. սոված ես մնացել, – ասեց ինքն իրեն և մտքում դրեց տավարն առավոտ կանուխ Այու սարիկողմը քշելու, ուր խոտը համեղ էր ու առատ:

      Թիկնել էր քարին, նայում էր դիմացի բլուրներին: Արևի շողերի տակ ինչ-որ վեհություն կար Պետու չարքաշ, պղնձագույն դեմքին, փոս ընկած աչքերում անհուն բարություն կար և միամիտ սեր դեպի խոտը, կովը, ծաղկած սարերը:

      … Դիմացի բլուրի ետևից լսվեդ հատուկենտ կրակոցի ձայն, Պետին ձգվեց հասակով մի, լսողությունը լարեց:

      Եվ հանկարծ ընկավ խրամատի մեջ, ընկավ երեսնիվար, թաց հողի վրա: Այդպես ընկնում է խոտը կիսաչոր, երբ գերանդին սլլալով կտրում է ներքևից: Պատահական գնդա՞կ էր, թե դարանակալի խելագար ցանկություն, որ շիկացած արճճի հետ թռավ հեռվից, շաղ տվավ Պետու գանգը կանաչ խոտերի վրա:

      Երբ տասնապետը եկավ խրամատին նայելու, տեսավ Պետուն` ընկած երեսնիվայր: Նոր փորած հողը ծծել էր արյունը կարմիր:

      Խրամատի մի անկյունում էլ թաղեցին նրան:

      Գյուղը հոգս շատ ուներ, լաց չեղավ Պետու համար: Տավարն էր, որ առավոտյան բառաչում էր գոմում, սարի կանաչին կարոտ:

      Իսկ գիշերվա անձրևը սրբեց, լվաց խոտերից կաթիլները Պետու արյան…

* * *

      Այու սարի լանջին հիմա մի կտոր տեղ կա, ուր կանաչն ավելի փարթամ է, ավելի մուգ: Փարթամ կանաչի տակ փտում են ոսկորները Պետու:

      ԾԻՐԱՆԻ ՏԱՓ

      Թեկուզ անունը Ծիրանի տափ է, բայց և ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: Գետի ափին, քարաժայռերի ճեղքերում մացառներ կան, քրքրված ցախավելի պես դիք-դիք ցցված: Ծիրանի տափի առավելությունը քամիներից պաշտպանված լինելն է և ջրի մոտիկությունը: Սարում, երբ գարնան սկզբին բորան է լինում, անձրևախառն քամի, չոբանը ոչխարը դեպի ձորն է քշում և պատսպարան տալիս լերկ Ծիրանի տափի