Պետին հնուց նախրապան էր: Նա աչքը տավարի մեջ էր բացել: Երբ երեխա էր, հորթերն էր պահում, իսկ հետո գեղի նախիրն էին տվել:
Ոչ ոք չուներ: Դեռ հորթարած էր, երբ մայրը մեռավ, և Պետին մնաց կատարյալ որբ: Գյուղն էր նրան պահում. մի օր մեկի տան, մյուս օր մյուսի գոմում կամ մարագում քնում էր մինչև լուսաբաց և էլի վեր կենում, նախիրը քշում:
Իր հայրական հին տունը խանգարվել էր, կտուրը խոնարհվել, գերանները օջախի ծխից սևացած կախվել էին, կտուրի հողն ու քարը թափել ներսում: Վայրի կանեփը փարթամորեն աճում էր տան ավերակների վրա, և հարևանի հավերը քուջուջ անելուց հետո պառկում էին կանեփի շվաքում:
– Պետի՛, ա՛յ անժառանգ, բա ե՞րբ պիտի հորդ ամարաթը շինես, – հարցնում էին նրան:
Պետու ծաղկատար դեմքը ժպտում էր, հատ ընկած աչքը ծռում էր ու բերանը ձգում, ուսերը վեր քաշում:
– Սաղ գեղն իմ տունն ա. – կասեր, և մահակը էլի կճոճար օդում:
Երբ չուխան պատռում էր կամ տրեխի թելն էր կտրում, շալե շալվարի հին կարկատանները մաշվում ու մազոտ ազդրերը բաց անում, – Զառի աքիրն էր միշտ հանդիմանում, թե ինչու կնիկ չի առնում , հոր հանգած օջախը շենացնում:
– Պետի, փուչ մնացած, կարողությունդ ո՞վ ա ուտելու…
Հանդիմանում էր Զառի աքիրը և չորացած աղբյուրի ակունքի պես աչքերը կկոցում, բրդի թելը, ոսկրոտ մատները դողացնելով, ասեղի ականջով անցնում և կարկատում Պետու շալվարը շալի:
Գեղի հարսերն էլ էին ծիծաղում Պետու վրա, բայց նա նեղանալ չուներ: Ժպտում էր, և ճերմակ ատամների շարքը փայլում էր մսոտ շուրթերի միջև:
Մի կաղ, ձեռքի մեկը չորացած պառավ աղջիկ կար գեղում, որ սրա-նրա փռած ցորենն էր պահում կամ կտուրի վրա մեկնած չորաթանը:
Աղջիկները նրան «Պետու հարս» էին ասում և ծիծաղում, իսկ պառավ աղջիկը, կաղ և ձեռքը չորացած, ունքերը կիտում էր, զայրանում, հայհոյում և հետո էլ ժպտում ամոթխած:
Մի միտք, որպես ամպի ճերմակ քուլա ամառվա լազուր երկնի վրա, ցանկալի մի միտք լողում էր հանդարտ պառավ աղջկա ուղեղում.
– Եթե այդպես լիներ, Պետին իրեն ուզեր…
Մարագում, դարմանի վրա պառկած, գիշերով հանկարծ Պետու միտն էր գալիս աղջիկների ծիծաղը, Զառի աքոր խոսքը, թե`
– Կնիկ ա՛ռ, այ փուչ մնացած:
Միտքը ման էր ածում գյուղի ծանոթ տներում, աղջիկներին վերհիշում: Մի պահ թվում էր իրեն, որ լավ կլինի, եթե կնիկ ունենա, իրիկունը տուն գա, մեկը լինի, որ տաք ապուր եփի և տեղաշորը փռի: Բայց հարմար աղջիկ չէր գտնում: Չէին տա, գեղում իրենից լավ և ունևոր մարդ շատ կար:
Մարմինը եռում էր, քոր էր զգում և քնաթաթախ երկար եղունգներով քորում էր մարմինը, ինչպես եզն է քորում վիզը` մի հաստ քարի կամ սյունի քսելով: Միտն էր բերում և կաղ աղջիկը պառավ, և հետո միտքը մեղրաճանճի պես թռնում էր ուրիշ ծաղկի վրա, շնչում նոր բույր:
Եվ այդպես էլ մնաց:
Տարիներ անցան, տարիների հետ ջահելությունն էլ անցավ, և աշնան խոտի պես չորացավ տուն դնելու, կնիկ առնելու միտքը թաքուն:
Բացվում էր գարունը, հալոցքն էր սկսվում, և առվակներով ձյունաջուրը կչկչալով հոսում էր: Գարնան արևը մեղմ տաքացնում էր գետինը, և ձմռան երկար գիշերներից բեզարած գյուղացիք արևկող էին անում, նստում պատի տակ, մի չոր գերանի վրա և զրուցում:
Բացվում էր գարունը, և գոմերում տավարը տաքից նեղվում էր, անհանգստության նշաններ էր ցույց տալիս, շուտ-շուտ դռան կողմը նայում և