Եվ այսքանից` ի՜նչ հրճվանք, ի՜նչ ակնկալություններ։ Դելկասեն դարձավ Հայոց հարցի պաշտպան։ Մի ֆրանսիացի գրեց, թե Դելկասեն միակ քաղաքագետն է Եվրոպայում, որ զուրկ չէ սրտից։ Այդ սիրտն էլ, հարկավ, կհարկադրեր նրան Հայոց հարցը դնել պետությունների առջեւ եւ լուծել տալ։ Բայց սա, իհարկե, մանկական թոթովանք էր, եւ ինքը` Դելկասեն, շուտով ապացուցեց, որ իրեն, իբրեւ դիվանագետի, զրպարտում են` ինչ-որ սիրտ դնելով իր կրծքի տակ։ Հայոց հարցի համար նա ոչ մի միջամտություն չարեց։ Բայց երբ սուլթանի կառավարությունը մերժեց վճարումներ անել Ֆրանսիայի երկու վաշխառուների, նույն Դելկասեն ֆրանսիական նավատորմն ուղարկեց թուրքական ջրերը եւ անվթար ստացավ վաշխառուների բոլոր պահանջները։
Սա չափազանց պարզ էր` երեխաներին անգամ դաս դառնալու համար։ Բայց Չոպանյանը շարունակեց հավատալ, որ «ֆրանսիական ազնիվ ազգը» պիտի ազատի հայերին։ Եվ միայն նա չէր այդպիսի հավատի տեր։ Քրիստափոր Միքայելյանի մտցրած ուղղությունն էր, որ Դաշնակցությունը շարունակ դիվանագիտական մարզանքներ կատարի` դիմումներ անելով մեծ պետությունների (գլխավորապես Անգլիայի եւ Ֆրանսիայի) կառավարություններին։ Այդ ժամանակներից էր, որ Ժնեւի դաշնակցական կենտրոնը` «Դրոշակի» խմբագրությունը, իր պահեստների մի մշտական պատկանելիք էր դարձնում նաեւ մի հատ ռեդինգոտ128, մի հատ էլ ցիլինդր129` դիվանագիտական դիմումներ անող իր առաքյալներին հագցնելու համար։ Գնալ, ներկայանալ մի որեւէ արտաքին գործերի մինիստրի քարտուղարի օգնականին, խոսել նրա հետ «հայոց ազգային դատի» մասին, մի քանի քաղաքավարի կեղծ խոսքեր լսել ու վերադառնալ. սա «փրկության» գործ էր համարվում երկար տարիների ընթացքում` մինիստրների նախասենյակներում նստելը։
Եվ իրավունք ուներ թուրքահայ տաղանդավոր երգիծաբան Երվանդ Օտյանը, երբ հայերին տալիս էր «նախասենյակի ազգ» անունը։
Գ
Ո՛չ պրոպագանդայի գործը Եվրոպայում, ո՛չ Թուրքահայաստանում ուժեղացող հայդուկային կռիվները դեռ բավական չէին, որ Դաշնակցությունը թեւակոխեր վերակենդանության շրջանի մեջ։ Հեղափոխական գործի երկու կողմերն էլ` հայդուկայինը եւ քաղաքագիտականը, վարկաբեկված էին։ Բռնի միջոցներով փող կորզելը նրանից ետ էր շպրտել բուրժուազիային։
Բայց այս ճգնաժամային դրության մեջ մի անակնկալ հանգամանք եկավ լայն ժողովրդականություն ստեղծելու նրա համար։ Այդ հանգամանքը հյուսվեց ցարական բռնակալության ապուշ վայրագություններից։
1896-ին Կովկասի վարչապետ նշանակվեց իշխան Գոլիցինը130` մի կրքոտ մարդ, կապ-կտրածներից մեկը, բռնի ռուսացնող բյուրոկրատի մի ամենաբնորոշ տիպ։ Եկել էր փութացնելու Կովկասի ռուսացումը131. այդ պատճառով նրա համար ատելի