Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո). Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: История
Год издания: 0
isbn: 9781772467406
Скачать книгу
հրճվանք, որպիսի՜ ինքնաբավականություն։ Դարերով կուտակված վիշտն էր վերանում, կրած տառապանքների, միլիոնավոր զոհերի վրեժն էր լուծվում։

      Բայց երազները շուտ գունատվեցան… Սու՛տ էր Կ.Պոլսի ռմբակոծումը, սու՛տ էր եւ այն, թե Անգլիայի համար պետական պատվի հարց էր դարձել Հայոց հարցը։ Ի՜նչ պատիվ, ի՜նչ բան։ Սոլսբերին Աբդուլ-Համիդի կատաղությունն անհունորեն գրգռելուց հետո նահանջի ճամփան բռնեց` առանց դժվարություններ զգալու։ Նա առաջարկեց հավաքական ճնշում գործ դնել սուլթանի վրա, բայց Ռուսաստանը, նրան հետեւելով` եւ Ֆրանսիան ընդդիմացան այդ առաջարկին։ Այն ժամանակ Սոլսբերին հայտարարեց, թե Անգլիան միայնակ ոչինչ չի կարող անել, թե բրիտանական զրահակիրները չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները։ Նրան պատասխանեցին, թե այդ բանի կարիքը չկա, քանի որ անգլիական կառավարությունը դեռ շատ միջոցներ ունի իր ձեռքում` մենակ գործելու համար։ Գլադստոնն ասաց, թե բավական կլինի նույնիսկ դժգոհության, անբավականության մի ցույց, օրինակ, եթե անգլիական դեսպանը ետ կանչվի Կ.Պոլսից, դիվանագիտական հարաբերությունները խզվեն Անգլիայի եւ Թուրքիայի միջեւ։

      Հայերը լքված էին ամենատմարդի եղանակով։ Լքված էին այնպիսի ժամանակ, երբ դեռ լողում էին իրենց արյան մեջ, եւ երբ սովն ու հիվանդություններն էին գալիս թուրքական յաթաղանի թողած պակասը լրացնելու։ Սոլսբերին շահագործել էր հայի արյան լճերը, եւ, այնուհետեւ, նրա համար գոյություն չունեին հայն ու Հայկական հարցը։ Նա ետ քաշվեց, լռեց, կարծես` ոչինչ չէր էլ արել. եւ այնուհետեւ ոչինչ խոսք ու մտածություն նրա խոսքերին հավատացած, նրա խոսքերին զոհված ժողովրդի մասին։ Աբդուլ-Համիդի կատարյալ կարգադրության տակ էր թողնվում նրա այդ միամիտ, հավատացող զոհը։

      Եվ արդար լինելու համար հարցնենք` իսկ ո՞վ չէր շահագործում հայի արյունը։ Գերմանիա՞ն արդյոք։ Վիլհելմն այնքան մոտեցել էր սուլթանին, որ Գերմանիայում արդեն գրականություն էլ էր կազմում հայկական ջարդերն արդարացնելու համար։ Եվ երբ կոտորածների միջոցին Լոնդոնից Գերմանիա գնաց մի հայ բողոքական պրոֆեսոր` հայ բյուրավոր որբերի համար լոկ ողորմություն հավաքելու նպատակով, գերմանական ոստիկանությունը պարտավորեցրեց նրան 24 ժամվա ընթացքում հեռանալ գերմանական սահմաններից։ Նողկալի տեսարան ի ցույց հանեց եւ Եվրոպայի բուրժուական մամուլը Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում։ Իր վաճառվող, պոռնիկ հոգին նա ծախում էր թուրքական ոսկիներին եւ չարախոսությունների կույտեր էր բարձում Հայաստանի աշխատավոր ժողովրդի վրա։ Ես չեմ կարող լռության տալ եւ մի ուրիշ նողկալի պատկեր. կաթոլիկ մի քահանա, Շարմտան անունով, հանդես եկավ Փարիզում իբրեւ քրիստոնեական սիրո քարոզիչ եւ, իր «բարձր» հոգու հոգս դարձնելով կոտորածներից ազատված հայերին մի կտոր զգեստ եւ մի կտոր հաց տալը, հօգուտ հայերի եռանդուն կերպով հանգանակություն կատարեց։ Վերջն ի՞նչ պատահի, որ լավ լինի։ Այդ Շարմտանն իր հավաքած փողերն ուղարկեց Վան, ուր նրա գործակալները ողորմելի փշրանքներ տվեցին միայն այն մերկ ու քաղցած հայերին, որոնք համաձայնեցին կաթոլիկ դառնալ։ Սկսվել էր հոգիների մի ընդարձակ առ ու ծախ։ Նշանակված էր սակագին` հոգուն երկու ֆրանկ։ Եվ իրեն «հայր» կոչող Շարմտանը կոչեր էր հրատարակում Փարիզում` հորդորելով «բարի կաթոլիկներին», որ ամեն մեկը չմոռանա երկու ֆրանկ մտցնել` մի «հերձվածող»