Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո). Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: История
Год издания: 0
isbn: 9781772467406
Скачать книгу
համար, սակայն, հարկավոր էին դրամական ահագին միջոցներ։ Եվ Քրիստափորը թողեց Ժնեւն ու գնաց Բաքու` հայ արդյունագործական բուրժուազիային երկու ձեռքով կթելու համար։ Սկզբունք է` ով հոժար կամքով գումար չի տալիս, այդպիսինը մահվան երկյուղի տակ է դատարկում իր հաստ գրպանը։ Գործը Բաքվում հաջողեցնելու համար հարկավոր եղավ գաղափարական պայքար մղել։ Ֆիդայական հեղափոխության ճանապարհին առաջին անգամ հակառակորդի դիրքով կանգնեց դասակարգային կռվի կուսակցությունը` սոցիալ-դեմոկրատիան, որ այն ժամանակ դեռ թույլ էր կազմակերպված։ Քրիստափորը Թիֆլիսից տանել տվեց Ահարոնյանին` վիճաբանություններ վարելու համար։ Եվ մի օր Ահարոնյանին տեսա Թիֆլիս վերադարձած` հաղթանակով։ Նա հաղթել էր վիճաբանությունների մեջ, երիտասարդությունը նրան օվացիաներով ճանապարհ էր դրել մինչեւ կայարան, եւ նա իր մազերի մեջ բերել էր այն կոնֆետիկները, որ շարունակ ցանելիս են եղել նրա վրա։ Քրիստափորը փողառատ գրպաններով վերադարձավ Ժնեւ` թողնելով, որ հայ հարուստներին փետրելու գործը շարունակի «Փոթորիկ» անունով տեռորիստական խումբը, որ իսկապես փոթորիկ էլ, ժանտախտ էլ դարձավ հայ բուրժուազիայի համար։ Խոշոր գումարներ էին տեղափոխվում Ժնեւի դաշնակցական բյուրոն։

Միջոցների տեր դառնալով` Միքայելյանը նախեւառաջ Փարիզում հիմնեց մի փոքրիկ կիսամսյա ֆրանսերեն թերթ` «Pro Armenia»120 անունով, որի նպատակն էր Հայոց հարցի պրոպագանդան։ Աշխատակիցների կոչումով թերթին իրենց անունները տվեցին մի քանի նշանավոր ֆրանսիացի։ Այսպես, խմբագրական կազմը հայտարարված էր հետեւյալ անձերից` Ժորժ Կլեմանսո121, Ժան Ժորես122, Անատոլ Ֆրանս123, Ֆրանսիս դե Պրեսանսե, Լ. դե Ռոբերտի, խմբագրապետն էր Պիեռ Քիյարը124։

Այս խմբակի շուրջ, ճիշտ որ, կազմակերպվեց մի համաեվրոպական պրոպագանդա, որին մասնակցեցին եւ ուրիշ երկրների գրական-հասարակական գործիչներ (օրինակ` Գեորգ Բրանդես, Էդուարդ Բերնշտեյն եւ ուրիշներ)։ Կազմակերպվեցին դասախոսություններ Եվրոպայի զանազան կողմերում` Հայոց հարցի էությունը քարոզելու եւ ժողովրդականացնելու համար։ Այս նպատակով Անատոլ Ֆրանսը ճանապարհորդեց Իտալիայում։ Մի խոսքով, վերակենդանացվեց նախահեղափոխական շրջանի քաղաքական պրոպագանդան, որի կազմակերպողն էր, ինչպես տեսանք, Անգլո-հայկական ընկերությունն իր «Հայաստան» թերթով։ Պետք է, սակայն, այստեղ եւեթ ասել, որ պրոպագանդան լոկ Դաշնակցությանը չէր պարտական իր վերակենդանացմամբ։ Համիդյան խժդժություններից Եվրոպա փախած թուրքահայ գրողները նվիրվեցին նույն գործին, եւ նրանցից միայն մեկը` Արշակ Չոպանյանը125, այս ուղղությամբ աշխատելով մեծ աշխույժով եւ հմտությամբ` կատարեց իսկը որ ահագին դեր։ Նրա անխոնջ ջանքերով կազմվել է գրեթե մի ամբողջ գրականություն` հայ պատմության, գրականության, արվեստի եւ մշակութային այլ հարցերի վերաբերյալ։ Թարգմանելը եւ ժողովրդական բանահյուսության այդ գոհարները, միջնադարյան ու աշուղական երգերը տպագրելը Չոպանյանը բավարար չի համարել ու նշանավոր գրողների եւ գիտնականների հանձնարարականներն է խնդրել ու զետեղել այդ հրատարակությունների մեջ` իբրեւ ներածություն, կարդացել է դասախոսություններ, դիմումներ է արել եւ այլն, եւ այլն։

Ի՞նչն էր այս ընդարձակ պրոպագանդայի նպատակը։

120

Բառացի նշանակում է «Հայաստանի կողմում (օգտին, հայաստանամետ)»։

121

Ժորժ Կլեմանսո (1841-1929) – Բժիշկ, ակադեմիկոս, 1906-1909թթ. եւ 1917-1920թթ. Ֆրանսիայի վարչապետ, Վերսալի հաշտության պայմանագրի համահեղինակ։

122

Ժան Ժորես (1859-1914) – Ֆրանսիացի աջ սոցիալիստ, II Ինտերնացիոնալում ռեֆորմիստների ղեկավարներից, «Յումանիտե» թերթի հիմնադիր, սպանվել է I համաշխարհայինի նախօրյակին։

123

Անատոլ Ֆրանս (1844-1924) – Ֆրանսիացի գրող, լրագրող, հրապարակախոս, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակակիր։

124

Պիեռ Քիյար (1864-1912) – Ֆրանսիացի գրող, լրագրող, բանասեր, թարգմանիչ, հասարակական գործիչ, դասավանդել է հայկական վարժարաններում, Մարդու իրավունքների պաշտպանության լիգայի անդամ։

125

Արշակ Չոպանյան (1872-1954) – Նշանավոր բանասեր, գրող, խմբագիր, թարգմանիչ, Ռամկավար կուսակցության անդամ։