Բոլոր հանգամանքներն այնպես էին ցույց տալիս, թե հայկական եվրոպապաշտությունն ամենեւին սխալված չի եղել։ Փրկարար միջամտությունը, վերջապես, իրագործված էր երեւում Սասունի խեղճ ժողովրդի տված 10 հազար զոհերի գնով։ Ռոզբերիի մինիստրությանը98 հաջողվել էր համաձայնություն կայացնել Ռուսաստանի եւ նրա նոր դաշնակից Ֆրանսիայի հետ։ Այս երեք պետությունների հյուպատոսները հավաքվեցին Մուշ քաղաքում՝ Սասունի կոտորածի հանգամանքները քննելու համար։ Ակնառու էր այն հանգամանքը, որ եռյակ նիզակակցության պետությունները` Գերմանիա, Ավստրիա եւ Իտալիա, չէին մասնակցում այս միջամտությանը։ Արեւելքի գործերին լավածանոթ քաղաքագետների համար այս մի անսխալ նշան էր, թե Գերմանիան իր դաշնակիցներով պատրաստվում էր օգտվել այն անախորժ տպավորությունից, որ պիտի գործեր սուլթանի վրա երեք պետությունների միջամտությունը։ Գերմանական իմպերիալիզմի համար միանգամայն հասունացել էր ասիական Թուրքիայի նման մի արդյունավետ ու արգասաբեր երկիրը գաղութացնելու ծրագիրը։
Բաղդադի երկաթուղին99 արդեն այն մեծ շարժիչն էր, որ հավաքում եւ սպառազինում էր գերման ֆինանսական կապիտալը։ Այն Աբդուլ-Համիդի հետ բարեկամություն էր պահանջում, եւ Վիլհելմը100 ստրուկի հնազանդությամբ կատարում էր ամենակատաղի այդ տիրոջ հրամանները։ Եվ պարզ էր, որ իր թիկունքում ունենալով աշխարհի ամենախոշոր միլիտարիստական պետությանը` սուլթանը բոլորովին առիթ չէր ունենա առանձին երկյուղ զգալու Անգլիայի եւ նրա հետ համաձայնության եկած Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջ։ Սա նշանակում էր, թե այս եռապետյան համաձայնությունը խախուտ է, արհեստական եւ առաջին հարմար րոպեին պիտի պայթի։
Քաղաքական ետնաբեմում թաքնված այս իրողությունը նկատելի չէր հանդիսատեսներին, ուստի թվում էր, թե երեք պետությունների միջամտությունը շատ ամուր է եւ կլինի միանգամայն արգասավոր։ Եվ այս լավատեսությունը շատ հեղինակավոր էր դառնում հանգամանքների բերումով։ Սասունի հյուպատոսական հանձնաժողովը, չնայած թուրք կառավարության գործադրած բոլոր ջանք ու հնարքներին, ապացուցեց այդ կառավարության մեղավորությունը, կատարված մեծամեծ խժդժությունները։ Երեք կառավարությունները Կ.Պոլսի իրենց դեսպաններին հրամանագրում էին` միասին մշակել ռեֆորմների ծրագիր եւ առաջարկել սուլթանին, որ հաստատի այն եւ գործադրի հայաբնակ վեց նահանգներում։ Դեսպանների մշակած ծրագիրը թուրքաց կառավարությանը հանձնվեց 1895-ի մայիսին, եւ այս պատճառով այն ստացավ Մայիսյան ռեֆորմներ