Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո). Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: История
Год издания: 0
isbn: 9781772467406
Скачать книгу
Դաշնակցության կենտրոնական կոմիտեին։ Շուտով նրա կողմից Շուշի եկավ ուսանող Տիգրան Հովհաննիսյանը։ Եկել էր մի մեծ գումար տանելու, եւ որոշվել էր այսպիսի մի հեքիաթ։ Կազմակերպությունը, իբրեւ թե, արտասահմանում գնել էր մեծ քանակությամբ զենք, որ նավով ուղարկված էր Պարսից ծոց` այնտեղից, Պարսկաստանի վրայով, Թուրքահայաստան փոխադրելու համար։ Ճանապարհածախսի համար հարկավոր էր մի մեծ գումար։

      Այս հեքիաթն, իհարկե, ինքը` Տիգրան Հովհաննիսյանը չէր հնարել, որ այն ժամանակվա մշակական երիտասարդության լավագույն ներկայացուցիչներից էր համարվում։ Բայց որ նա էլ այնքան էր հավատացել այդ հեքիաթին, որ դրա շրջիկ քարոզիչն էր դարձել, հենց ա՛յն է ապացուցում, որ այն ժամանակ մեզանում անվերապահ հավատն էր թագավորում, եւ քննադատական վերաբերմունքը միանգամայն բացակայում էր։ Ասացե՛ք` ո՞ւմ կարող եք այսօր հավատացնել, թե հնարավորությունների կարգումն է մեծաքանակ զենքերի փոխադրությունը Պարսկաստանի վրայով՝ նույնիսկ գաղտնիքը չպահպանելով, արձակ կերպով։ Ինչքա՞ն ծախս կնստեն հենց միայն փոխադրող քարավանները։

      Տիգրան Հովհաննիսյանն ընդունվեց շատ սիրալիր կերպով, այդպես էլ ճանապարհ դրվեց Շուշիից, բայց` առանց փողի։ Պատճառն այն չէր, որ ձեռնարկությունը կասկածելի էր թվում մեզ։ Փող չունեինք. եթե ունենայինք, կտայինք, ինչ խոսք։

      Դ

      1892թ. Կովկասի հայության կյանքում տեղի ունեցան մի քանի խոշոր դեպքեր։ Մայիսին Էջմիածնում կատարվեց կաթողիկոսական ընտրություն. բոլոր կողմերից (Թուրքիայից, Պարսկաստանից, Ռուսաստանից) եկած պատգամավորների բոլոր ձայներով ընտրվեց Մկրտիչ արք. Խրիմյանը (Հայրիկ կոչված)։ Սա մի խոշոր ցույց էր սուլթանի դեմ։ Խրիմյանը` Հայոց հարցի հեղինակներից մեկը եւ Հայաստանի ազատագրության վաղեմի երգիչն ու քարոզիչը, Գում-Գափուի ցույցի հետեւանքով աքսորվել էր Երուսաղեմ։ Նրա ընտրությամբ մշակական ուղղությունն իրեն համարում էր իր վաղեմի բաղձանքին հասած, որ 1884 թվին չէր իրականացել Ներսես Վարժապետյանի հրաժարման պատճառով։ Խրիմյանին աքսորից ազատելով եւ կաթողիկոսական աթոռի վրա նստեցնելով` ստեղծվում էր, ինչպես շարունակում էին կարծել, մի շատ նպաստավոր դրություն` Հայոց հարցը պետությունների հերթական եւ անհետաձգելի խնդիր դարձնելու համար։ Ուստի կաթողիկոսական ընտրությունը հավասար չափով ուրախացնում էր եւ երկու հեղափոխական կուսակցություններին։ Դաշնակցականներն այդ ընտրությանը մինչեւիսկ գնացել էին Էջմիածին՝ պրոպագանդայի եւ օտար տեղերից եկած պատգամավորների հետ տեսնվելու ու խորհրդակցելու համար։

      Նույն տարին առանձնապես շեշտվեց նաեւ մի շարք նշանավոր գործիչների մահերով։ Մեռան Գամառ-Քաթիփան, Խորեն Նար-Պեյը84, Գարեգին Սրվանձտյանցը85, իսկ տարվա վերջին` նաեւ Գրիգոր Արծրունին։ Մանավանդ այս վերջին մահը չափազանց խոր տպավորություն թողեց ամբողջ հայության վրա, եւ դեկտեմբերի 27-ին նրա թաղումը Թիֆլիսում տեղի ունեցավ այնպիսի մի հանդիսավորությամբ, որի նմանը դեռ երբեք չէր տեսել այդ քաղաքը։

      Իբրեւ Շուշիի բարեգործական ընկերության կողմից պատգամավոր` ես էլ ներկա էի այդ թաղմանը։ Դեկտեմբերի 27-ը դարձավ միաժամանակ քաղաքական մի խոշոր ցույց՝ ցարական բյուրոկրատիայի դեմ։ Սահմանված էր, որ թաղման հանդեսը Վանքի եկեղեցուց դուրս գալով` Բարյատինսկայա փողոցով կբարձրանա


<p>84</p>

Խորեն Գալֆայան (Նար-Պեյ) (1832-1892) – Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, եպիսկոպոս, հասարակական գործիչ։ Եղել է Բեռլինի կոնգրեսի հայկական պատվիրակության կազմում։

<p>85</p>

Գարեգին Սրվանձտյան(ց) (1840-1892) – Հայ առաջին եւ անգերազանցելի բանահավաքը, «Սասնա ծռեր» էպոսի առաջին գրառողը։ Եպիսկոպոս, որ մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» (1872) գաղտնի կազմակերպության ստեղծմանը, «Սեւ խաչի» աշխատանքներին. հետապնդվել է օսմանյան իշխանությունների կողմից։