Արդյոք Լոռվա սեգ լեռները կայի՞ն…
–Չկային,– իսկույն ասում է Սարգիս Աղաբեկյանը ու շարունակում է,– Էս ձորում՝ Ձաղի ձոր ենք ասում, Թումանյանի պապոնց այգիներն են եղել, որի մասին ''Հին օրհնության'' մեջ գրել է։ Լույս լիներ, կգնայինք, կնայեինք, ընկուզենիների բները մնում են դեռ։ Էն ձորում էր ապրում Ղոխնանց պապը։ Հիշո՞ւմ եք, ''Հառաչանքում'' գրած է։ ''Հառաչանքում'' գրածը հենց ինքը՝ Ղոխնանց պապն է պատմել Թումանյանին։
Ռիման նայում է ժամացույցին։ Ուշանում ենք։
– Մեր Գուգարանց աշխարհը, մեր Լոռվա ձորը բարով հիշեցեք,-ասում են Սարգիս Աղաբեկյանն ու Արմենուհին։
Մենք արահետով իջնում ենք դեպի Քոլագերան։ Մեզ ծանոթ արահետն է. մորոլվելու վախ չունենք։
Քուն էր մտել անտառը, և լուսինը բարձրից հսկում էր անտառի անուշ քունը, այնտեղ, ձորում աղմկում էր գետը՝ Դեբեդը, և միալար լռության մեջ, Դեբեդի միալար վշշոցի հետ ասես մեկը կամաց երգում էր մութ ձորում.
Հեյ , պարոններ, տեսա կանաչ գարունքին
Էս սարերում լաց էր լինում մի պախրա,
Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին
Էս սարերում լաց էր լինում մի պախրա
Գընդակն առած գնում էր փուչ աշխարքից
Գանգատվելով մարդու անգութ արարքից
Արյուն տալով, մղկտալով իր վերքից
Էս սարերում լաց էր լինում մի պախրա…
Մութ ձորում, իրոք, կարծես թե տխուր երգում էր ինչ-որ մեկը։ Հետո Փամբակի լեռներում սուլեց, այնուհետև երևաց Երևան-Թբիլիսի գնացքը։ Մենք արագացրինք մեր քայլերը։
Ներքևում երևում էին արդեն Քոլագերան կայարանի լույսերը։
=============
ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
Այս կողմերում հազվադեպ են ամպրոպները և թերևս դա էր պատճառը, որ Եվան, արթնանալով քնից, սկզբում չհասկացավ, թե ինչ թնդյուն-դղրդյուն է դրսում։ Հետո պարզորոշ լսեց ջրհորդաններում աղմկող ջրի ձայնը, ու նա հասկացավ, որ անձրև է տեղում։ Երբեմն առ երբեմն՝ նախ թույլ, ապա հետզհետե ահագնանալով, որոտում էր երկինքը։
Սովորություն էր՝ առավոտները չէր ուզում ելնել անկողնուց։ Սիրում էր երկար մնալ այդպես տաք ու փափուկ անկողնում, լսել դրսի ձայները, տրվել հուշերին։ Վերջին ժամանակները, չգիտես ինչու, նա ավելի հաճախակի էր տարվում այդ հուշերով։ Ինչո՞ւ էր այդպես՝ հասկանալ, ըմբռնել չէր կարողանում։ Նրան անհանգստություն էր պատճառում հատկապես այն հանգամանքը, որ, ասես ճակատագրի չար հեգնանքով, և նախկին ամուսինը՝ Ստեփանը, և նորը՝ Դավիթ Ավետովիչը, աշխատում էին նույն լաբորատորիայում, կողք-կողքի։ Ավելի շուտ՝ դա ոչ թե անհանգստացնում, այլ մի տեսակ բարկացնում, անբավականության զգացում էր առաջացնում իր մեջ։ Գնալով՝ Եվան ավելի ու ավելի էր ափսոսում իր թեթևամիտ քայլի համար, որ տեղի տվեց հոր շարունակական հորդորներին, բաժանվեց Ստեփանից։ Այո, վարձով էին ապրում, դժվար էր, Ստեփանի աշխատավարձի կեսից ավելին գնում էր դրան, իսկ հայրը դիտավորյալ չէր օգնում, թեպետ դրա հնարավորությունն ուներ։ Հայրը դժգոհ էր Ստեփանից, որ, փոխանակ ասպիրանտուրայում մնալու, գերադասեց գնալ նավթահանքեր։ Հորը կատաղեցրեց նրա այդ քայլը։ ''Նա կուլտուրական կյանքով ապրել չգիտի,– ասում էր հայրը,– այդպիսիները կարիքի մեջ են լինում շարունակ։ Ես գեղեցկուհի աղջիկ չեմ մեծեցրել , որ նավթագործ բանվորի տամ, դուրս եկ դրանից, ես գիտեմ, թե ում հետ եմ ամուսնացնելու քեզ։ Մինիստրի հետ եմ ամուսնացնելու։