Եվան, ինքը ևս , չգիտես թե ինչու, հաճախակի էր ուզում լինել այնտեղ։ Ի՞նչն էր այդպես ձգում նրան այդպես՝ հասկանալ չէր կարողանում։ Նա մտնում էր տուն, իջեցնում էր վարագույրները և լռին, միայնակ ետ ու առաջ էր քայլում կիսախավար սենյակներում և խառնիխուռն, իրարամերժ մտքերը պաշարում էին նրան, ստիպելով մեկ առ մեկ մտաբերել ոչ այնքան վաղուց անցած օրերը, որ հիմա նրան թվում էին անիրական ու շատ հեռու։ Դառն ու միաժամանակ հաճելի էր մտովի զրուցել մոր հետ, նրա խոսքերը տարիների հեռվից նոր իմաստ էին ստանում։ Առհասարակ կենսախինդ կնոջ տպավորություն էր թողնում մայրը, շատերը նույնիսկ նախանձում էին նրան։ Բայց ինքը՝ Եվան, հո գիտեր, որ խաբուսիկ տպավորություն էր դա, որովհետև մոր իրական տառապանքը շատ էր մեծ՝ կարծեցյալ երջանկության համեմատ։ Հայրը շվայտ կյանք էր վարում, պատահում էր՝ երեկոները ուշանում էր, և մայրը, ձեռքը սրտին սեղմած, շարունակ մոտենում էր լուսամուտին, նայում դեպի փողոց՝ սպասելով ամուսնու վերադարձին։ Երբեմն էլ՝ իբր գործուղման է մեկնել՝ հայրը օրերով բացակայում էր տնից, իսկ հետո սկսում էին պտտվել լուրերը, որ նա սիրուհիներ է պահում տարբեր քաղաքներում։ '' Փողն ու ընկերները դրան կործանեցին,– ասաց մայրը մի անգամ։– Աղքատը հացի կարոտ է, հարուստը՝ ամեն բանի… Իր փողերի պես նա իմ կյաննքն էլ քամուն տվեց… Աղջիկս, գոնե դու բախտավոր լինեիր…''։ Հիմա, տարիներ հետո, Եվան դառնակսկիծ ժպտաց այդ խոսքի վրա։ Նա սարսափով մտածեց այն մասին, որ ինքը շարունակում է մոր ընդհատված կենսագրությունը։