Դավիթ Բեկ. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия: Столетие геноцида армян
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9785000649824
Скачать книгу
անհամբերությամբ ներս մտավ մի խուղի մեջ, որ միակ լուսավորված սենյակն էր ամբողջ տան մեջ: Դա բավական ընդարձակ, քառանկյունի շինվածք էր, որի պատերը կազմված էին, մինը մյուսի մոտ կանգներցած, երկայն ցիցերից, որոնց միջոցները հյուսած էին ծառերի ճյուղերով, հետո ծեփած էին հասարակ կավով: Սենյակի առաստաղը գմբեթաձև կերպով վեր էր բարձրանում, իր գագաթում թողնելով երդիկի նման մի ծակ, որտեղից դուրս էր գնում նրա մեջ հավաքված ծուխը: Ուրիշ լուսամուտներ չկային. ցերեկը լուսամուտի փոխարեն ծառայում էր նեղ դուռը, որտեղից ներս էին թափվում արեգակի ճառագայթները: Բայց իսկապես ասած, այդ բնակարանը դրսի լույսին ամենևին պետք չուներ. հատակի վրա թավալված էին մի քանի գերաններ, որոնց ծայրերը միմյանց մոտ դրվելով, ամբողջ օրը ծխում էին, տարածելով իրանց շուրջը թե լույս, թե ջերմություն և թե խեղդող մուխ: Գիշերը ճրագի պետք չկար:

      Օտարականը, կրակի մոտ կկզած, տաքանում էր: Չնայելով, որ գարնան սկիզբն էր, բայց եղանակը դեռ մրսեցնելու չափ ցուրտ էր: Տեսնելով երիտասարդին, նա վեր բարձրացավ, խոնարհությամբ գլուխ տվեց:

      – Ո՞րտեղացի ես, – եղավ երիտասարդի առաջին հարցմունքը:

      – Ձեր ծառան տաթևացի է, – պատասխանեց նա համարձակ կերպով, և մոտենալով, ավելացրեց.

      – Աղայի համար նամակ եմ բերել:

      Տաթևի անունը լսելիս, երիտասարդի սիրտը սկսեց դողալ, բայց նա ծածկելով իր խռովությունը, ասաց.

      – Տուր ինձ նամակը:

      Օտարականը առեց գլխից մորթե ահագին փափախը, նրա ծալքից դուրս հանեց երկու մեծ ծրար, տվեց երիտասարդին:

      Կրակի շուրջը, հատակի վրա, տարածված էր փափուկ և ցամաք խոտ, իսկ խոտի վրա փռված էին թանձր օթոցներ: Սենյակի մի կողմում, պատի տարածության չափով, հասարակ, անգույն փայտից շինված էր երայն թախտ, որի վրա փռված էր պարսկական գորգ և դրված էին մի քանի բարձեր, կարված արևելքի գունավոր, մետաքսեղեն կերպասից: Այդ միակ մաքուր անկյունն էր ամբողջ սենյակի մեջ, որ ցույց էր տալիս փոքր ի շատե ճաշակ և շքեղություն: Սենյակի պատի այն ճակատը, որ կողմում դրված էր թախտը, պատած էր նույնպես պարսկական գորգով: Նրա վրա քարշ էին տված զանազան տեսակ զենքեր, զանազան տեսակ զինվորական և որսորդական պարագայք: Երիտասարդը ծալապատիկ նստեց թախտի վրա, հրամայելով իր ծառային, որ տանե նամակաբերին իր մոտ ախոռատունը, իսկ ինքը բաց արեց նամակներից մեկը և սկսեց կրակի լույսով կարդալ:

      Նախ ուշադրություն դարձրեց նա ստորագրությունների վրա: Ստորագրությունների բազմությունը, որոնց յուրաքանչյուրի մոտ դրոշմված էր մի-մի կնիք, տալիս էր այդ նամակին ավելի հանրագրի ձև: Առաջին տեղը բռնում էր Տաթևի վանքի վանահայր, միևնույն ժամանակ Ղափանի ամբողջ վիճակի առաջնորդ Ներսես եպիսկոպոսի խոշոր կնիքը: Հետո կարգով շարված էին մյուս վանքերի եպիսկոպոսների և վարդապետների կնիքները: Նրանցից հետո Սյունյաց աշխարհի զանազան իշխանների, մելիքների և տանուտերերի կնիքները վերջին տեղն էին բռնում: Դրանցից շատերին երիտասարդը անձամբ ճանաչում էր, իսկ ոմանց անունները միայն լսած էր: Նամակը սկսվում էր օրհնություններով և բովանդակում էր իր մեջ խիստ տխուր նկարագիր Սյունյաց աշխարհի ցավալի դրության մասին: Նա պատկերացնում էր հայոց ճնշված ժողովրդի վերջին աստիճանի թշվառությունը, մահմեդականների անգթությունները, խաների անսահման բռնությունները, բնակիչների անդադար կոտորածները, գերությո