Դավիթ Բեկ. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия: Столетие геноцида армян
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9785000649824
Скачать книгу
կորցրին իրանց նշանակությունը: Պատանին այժմ նայում էր նրա վրա, որպես մի թշնամու վրա, որին պատրաստ էր պատառոտել: Նա երեսը շուռ տվեց և կամենում էր դուրս գալ վրանից:

      – Հասկանո՛ւմ եմ քո արդար վրդովմունքը, ազնիվ պատանի, – ասաց տիկինը, նրա ձեռքից բռնելով. – բայց անբախտ աղջիկը ինչո՞վ է հանցավոր, որ քավե չարագործ հոր մեղքը… Ես հավատում եմ աստուծո արդարությանը, և հույս ունեմ, որ այդ բոլոր չարիքներին հատուցում կլինի. նեղյալները կվայելեն ազատություն, իսկ նեղիչները սոսկալի դատապարտություն…

      – Ո՞ր աշխարհում, – հարցրեց պատանին, դեռ ոչ բոլորովին հանգստացած լինելով իր վրդովմունքից:

      – Այս աշխարհում, – պատասխանեց տիկինը մարգարեուհու եղանակով. – դառնության բաժակը մինչև բերանը լցված է… մի կաթիլ ևս, – ահա նա կթափվի…

      – Հավատում եմ ձեր գուշակությանը, տիկին, – պատասխանեց պատանին ոգևորությամբ, և բռնելով նրա աջը, սեղմեց իր շրթունքի վրա: – Դուք կրկնում եք միևնույն խոսքերը, որ մի քանի րոպե առաջ ես լսեցի իմ անբախտ ծնողների գերեզմանից: Այնտեղից մի ձայն նույնպես ասում էր, թե «դառնության բաժակը լցված է»… Ես լսեցի կոչող ձայնը և ուխտեցի մինչև մահ կռվել անարդարության դեմ:

      Եվ իրավ, պատանուն այնպես էր թվում, որ այդ խոսքերը նա առաջին անգամ չէր լսում. թե նա լսեց այն ժամանակ, երբ ինքը հոգեկան դառն խռովության մեջ, ընկած ծնողների հողադամբարանի վրա, տխուր և ցավալի կերպով արտասուք էր թափում: Այժմ նույնը լսում էր բարեսիրտ կնոջ բերանից:

      Ծերունի ներքինապետը ակնարկեց, թե պատանին ուշանում է, թե ժամանակ է ուղևորվելու: Բայց տիկինը բոլորովին հափշտակված էր նրա խոսքերով. «Ես ուխտեցի մինչև մահ կռվել անարդարության դեմ…»: Ի՞նչն էր ներշնչել այդ վրեժխնդրական զգացմունքը նրա մանուկ սրտի մեջ, ծնողների ցավալի մա՞հը, թե ընդհանուր ժողովրդի անբախտ դրությո՞ւնը: Այդ միտքը սաստիկ հետաքրքրում էր վշտալի տիկնոջը: Նա ցանկանում էր խոսել, երկար խոսել վաղահաս ցավերով տանջված այդ պատանու հետ, ցանկանում էր շոշափել նրա կոտրած սրտի բոլոր թաքնված վերքերը, բայց ներքինապետը դարձյալ շտապեցրեց, թե ժամանակը անցնում է, թե պետք է շուտով ճանապարհ դնել նրան:

      – Քո ուխտը` կռվել անարդարության դեմ, – ասաց տիկինը բռնելով պատանու ձեռքը, – պետք է լինի ամեն մի հայ մարդու ուխտը, որ մտածում է հայրենիքի փրկության համար: Դու, գուցե քո ծնողների ցավալի վախճանից դրդված, ուխտեցիր վրեժխնդիր լինել բռնության դեմ, – բայց մտածի՜ր, որ ամբողջ հայ ժողովուրդը այրվում է, խորովվում է, ոչնչանում է նույն բոցերի մեջ, որ լափեցին քո անբախտ ծնողներին, նույն բոցերի մեջ, որոնց միջից դու մի բարի բախտով դուրս պրծար: Նույն բոցերը թողեցին քո մարմնի վրա բռնության ձեռքի անջնջելի դրոշմը, ամեն անգամ, երբ կնայես նրա վրա, հիշի՜ր, որ դա քո ուխտադրության կնիքն է, հիշի՜ր, որ դու չարաչար կմեղանչես աստուծո և քո ծնողաց հոգիների առջև, եթե չկատարես այն սուրբ խոստմունքը, որ ուխտեցիր նրանց գերեզմանի վրա:

      Պատանին լռությամբ լսում էր տիկնոջ խրատները, որպես մի ուխտավոր, որ խորին ջերմեռանդությամբ լսում էր քրմուհու պատգամները: Տիկինը հայտնեց, թե զանազան տխուր հանգամանքներ ստիպում են առժամանակ հեռացնել նրան հայրենի երկրից, և ծերունի ներքինապետի հետ խորհելով, վճռվեցավ նրան ուղարկել Վրաստան: Պատանին հանձնարարական նամակներ կտանե ի հետ և այնտեղ թե խնամակալություն և թե պաշտպանություն