Դավիթ Բեկ. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия: Столетие геноцида армян
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9785000649824
Скачать книгу
շրջապատեց վրանի չորս կողմը: Իմամը կարդաց մի կարճ աղոթք, հետո մտան վրանը: Այնտեղ ընդունվեցան ցեղի նշանավոր անձինքներից շատերը ուրախակից լինելու այն մեծ հանդիսին:

      Այնօր Չալաբիանլիների ամբողջ ցեղը անցրեց ուրախությունով: Բայց մի մարդ, որ նրանց մեջ չէր գտնվում, դա էր Տաթևի մելիք Դավիթը: Նա առավոտյան հենց որ լսեց մելիք Ֆրանգյուլի վարմունքը, իսկույն հասկացավ, թե ինչ խաղ խաղաց այդ մարդը իր գլխին, և սիրտը լի դառնությամբ, առանց ոչ ոքի հետ տեսնվելու, նստեց իր ձին և գնաց դեպի Տաթև, համոզված լինելով, որ այնուհետև Գենվազի ու Բարգյուշատի վրա մտածելը հիմարություն կլիներ իր կողմից…

      ժԴ

      Նույն ավուր գիշերային պահուն ծերունի ներքինապետը դարձյալ վրդովված կերպով մտավ Սյուրիի վրանը: Նա պատմեց, որ խանից սաստիկ հանդիմանություն ստացավ, թե ինչու նա պահում է իր մոտ մի քրիստոնյա պատանի, նրան տեղ է տվել իր վրանում, նրա հետ միասին ուտում է, խմում է, քանի որ այդ հակառակ է մահմեդականների սովորություններին, և մանավանդ անվայել է մի ներքինապետի, որ անդադար կանանոցի հետ հարաբերություն ունի:

      – Ես չեմ հասկանում, այստեղ ի՞նչ մի անվայել բան կա, – հարցրեց Սյուրին, կտրելով ծերունու խոսքը:

      – Անվայելն այն է, որ քրիստոնյան իմ վրանում ապրելով, կարող էր պղծել ինձ, իսկ ես նրանից պղծված լինելով, կարող էի մյուս մահմեդականներին պղծել, – պատասխանեց ծերունին, ինքն էլ ծիծաղելով իր խոսքերի վրա:

      Խոսակցությունը այն տաթևացի պատանու մասին էր, որ խանի վրանի առջև կատարված եղերական ողջակեզի ժամանակ, դուրս պրծավ բոցերի միջից, ուր նրա ծնողները, ձեռքները դեպի երկինք բարձրացրած, «գթությո՛ւն» աղաղակելով, այրվում էին: Ծերունի ներքինապետը վեր առեց իր մոտ շնչասպառ, կիսախանձ պատանուն և այն օրից դարմանում էր նրա մարմնի այրված տեղերը: Արտաքին վերքերի բժշկության արհեստը խիստ սովորական լինելով պարսիկների մոտ, ներքինապետը բավական հմուտ էր նրա մեջ: Այս պատճառով պատանու առողջանալը շատ չուշացավ: Բայց ծերունին հավատացնում էր, որ նա դեռ շատ տկար է, և դեռ երկար ժամանակ պետք է պառկած մնա անկողնի մեջ, որովհետև նրանից պահանջում էին, որ պատանուն մահմեդականացնե: Նա օրըստօրե հետաձգում էր նրանց պահանջը, զանազան պատճառներ բերելով: Բայց մելիք Ֆրանգյուլի մահմեդականություն ընդունելու օրը, երբ պարսիկների մոլեռանդությունը ավելի գրգռված էր, այլևս ծերունուն հանգստություն չէին տալիս, մինչև անգամ խանից սաստիկ հանդիմանություն ստացավ:

      – Պետք է նրան այստեղից հեռացնել, – ասաց տիկինը տխուր ձայնով:

      – Ես էլ այսպես եմ մտածում, – պատասխանեց ծերունին, – և այդ մասին բոլոր պատրաստությունները տեսնված են: Բայց մի բան ինձ սաստիկ դժվարություն է պատճառում:

      – Ի՞նչ բան:

      Ծերունին պատմեց, թե պատանին բավական վայելչահասակ և գեղեցկադեմ է, թե նրան տեսնողները անդադար կրկնում էին, որ այդ պատանին շատ հարմարություններ ունի խանի մանկլավիկների կարգը մտնելու և խանին սպասավորություն անելու, քան գյուղումը գութան վարելու: Այդ տեղեկությունները մինչև անգամ հասցրել են խանի ականջին: Նա մի անգամ հրամայեց, թե կամենում է տեսնել պատանուն, բայց ծերունին նրան խաբեց, ասելով, թե նա հիվանդ է, տեղիցը շարժվել չէ կարողանում:

      – Այժմ ես մտածում եմ, – առաջ տարավ ծերունին, – եթե պատանուն փախցնելու