Կայծեր Մաս 1. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9781772467079
Скачать книгу
տեսարանը, այդ տաք, կրակոտ վիճմունքները ոչինչ բավականություն չպատճառեցին իմ մեջ, և ես երկար նրանց լսել չկարողացա: Մի տեսակ տխուր ձանձրույթ տիրեց իմ սրտին, անսովոր խմելուց գլուխս սկսեց պտույտվիլ, և շուտով իմ աչքերը ծանրացան քնով…

      Թ

      ԿԱՐՈՅԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

      Այստեղ ես ստիպված եմ մի փոքր կանգ առնել, թողնել ընկերներիս խորհրդավոր մինարեթի մեջ և դառնալ դեպի Կարոն: Այդ անձնավորությունը, որ գլխավոր դերերից մեկը պիտի խաղա իմ պատմության մեջ, արժանի է առանձին ուշադրության:

      Կարոյի իսկական անունը ես չգիտեմ, գուցե նա ինքն էլ չգիտեր, միայն հայտնի էր, որ դա մի մականուն է նրա ծագումը և ազգատոհմը թաքցնելու համար: Նա մեր քաղաքի բնիկներից չէր, ո՞րտեղացի էր, – ոչ ոք չգիտեր, միայն ասում էին, մի անգամ հայտնվեցավ մեր քաղաքում մի անծանոթ կին և բերեց իր հետ փոքրիկ Կարոյին, որին կոչում էր իրա թոռը: Զումրուդը-այսպես էր կնոջ անունը – հմուտ էր ժողովրդական բժշկության, այդ արհեստով փող էր վաստակում, ապրում էր ինքը և սնուցանում էր իր որբ թոռնիկին:

      Կարոյի հետ ես ծանոթացա մեր դպրոցում. այնտեղ բոլորը, բացի վարժապետից, սիրում էին նրան, թեև նա խիստ չար և անհանգիստ երեխա էր: Չգիտեմ, ո՞րպիսի զգացմունք կապեց իմ սիրտը այդ վայրենի վագրի ձագի հետ, որից ամեն օր մի փորձանք պակաս չէր լինում: Եվ ճշմարիտ, միշտ մի վերք կարելի էր տեսնել նրա մարմնի վրա. կամ ձեռքը վիրավորված էր լինում, կամ գլուխը կոտրած, կամ երեսը ճանկռած, վերջապես միշտ անդամներից մեկը փաթաթված էր լինում:

      Թեև նա խիստ բարի սիրտ ուներ, բայց անկարելի էր բոլորովին մտերիմ լինել նրա հետ: Կարոն այն գազաններից էր, որին դժվար էր ընտելացնել: Այդ պատճառով, աշակերտների ակնածությունը դեպի նա ծագում էր ավելի երկյուղից, որ ունենում են տկարները դեպի իրանցից հզորները: Եվ արդարև, Կարոն համարվում էր մեր դպրոցի մեջ խիստ սրտոտ, համարձակ և աներկյուղ աշակերտ:

      Նա խիստ վատ էր սովորում, թեև ընդունակ և բնական ձիրքերով հարուստ տղա էր: Նրա անհամբեր, անհնազանդ բնավորությունը շատ անգամ առիթ էր տալիս զեղծումներ գործել դպրոցի խիստ կարգապահությունների դեմ. շատ անգամ ևս նա պատճառ էր դառնում աղմկալի խռովությունների: Գրգռելով աշակերտներին, հարուցանում էր նա ընդհանուր ապստամբություն վարժապետի դեմ: Այսպիսի դեպքերում նրան շատ օգնում էին Ասլանը և Սագոն. առաջինը իր խելքով և խոհեմությամբ, իսկ երկրորդը` իր խորամանկությամբ, որ սատանայի պես մտնում էր աշակերտների դամարը և նրանց շուռ էր տալիս, որպես և ցանկանում էր:

      Ես մինչև այսօր չեմ կարող երևակայել Կարոյի բնավորության զորությունը, թե ի՞նչպես նրան հաջողվում էր ազդել այն ապուշ, վարժապետի ճնշումներից հոգով և սրտով սպանված, աշակերտների վրա, որոնց երեսից երկյուղը երբեք պակաս չէր լինում, որոնց վախկոտ աչքերի մեջ միշտ կարելի էր նշմարել կույր հնազանդություն և ստրկություն: Բայց մարդկային ուժը իր մեջ աստվածային զորություն ունի, որ ստիպում է տկարներին խոնարհվել իր առջև, որ իր անձը պաշտելի է կացուցանում: Կարոն ուներ այդ հատկությունները:

      Կարծես երեխաների հասակում կատարվում է նույնը, ինչ որ կատարվել էր ընդհանուր մարդկության տղայական հասակում: Ազգերի դյուցազունները, որոնց պաշտել է ամբոխը, որոնց անմահների կարգումն է դասել, եղել են նույն ազգի քաջ և հզոր տղմարդիկը, որոնք պատերազմում էին վիշապների և ամեհի գազանների հետ: Կարոն թեև այսպիսի