Կայծեր Մաս 1. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9781772467079
Скачать книгу
ներս տարավ գյուղացիների խրճիթները. ես տեսա սարսափելի չքավորություն:

      – Ի՞նչ է պատճառը:

      – Այդ մահմեդականները մեր գյուղացիների արյունը ծծում են: Այդ խաները, բեգերը նրանց կյանքը բոլորովին մաշում են: Որսորդը ինձ բացատրում էր, թե ինչ պետք է արած, որ գյուղացիները ավելի հանգիստ և ավելի կուշտ լինեն:

      Ես ոչինչ չպատասխանեցի. նա շարունակեց.

      – Ֆարհատ, քանի օր առաջ տեսա, մի գյուղացու կապած, ծեծում էին նրա համար, որ չէր գնացել խանի համար ձրի բանելու: Խեղճը իր ընտանիքի միակ աշխատող մարդն է, եթե նա միշտ խանի համար ձրի բանե, էլ ո՞վ կկերակրե նրա երեխաները: Ֆարհատ, հենց որ տեսա, սիրտս այրվեց, էլ չկարողացա արտասուքս պահել…

      Ահա այսպես, միշտ գյուղացիներ, միշտ գյուղացիների մասին էր խոսում նա: Ես մտածում էի, թե խեղճ տղան ցնորվել է. նրան ի՞նչ փույթ, որ գյուղացիները ուտելու հաց չունեն կամ նրանց տանջում են: Լավ չէ՞, ասում էի, որ իր փորի համար մտածե. ինքը ավելի բախտավոր չէ այն թշվառներից, որոնք գիշերները սոված են պառկում:

      Իհարկե, այդ մեծ փոփոխություն էր Կարոյի բնավորության մեջ: Նա առաջ սովորություն ուներ խոսել Քորօղլիի, Ռուստամի, Զալի և դրանց նման հերոսների մասին, որոնց պատմությունը լսել էր աշուղների վեպերի մեջ, – կամ խոսում էր գեղեցիկ աղջիկների վրա և ծաղրում էր նրանց այս և այն թուլությունները: Հանկարծ բոլորը մոռացավ նա, սկսեց գյուղացիների մասին խոսել, նրանց վրա մտածել: Ո՞վ մտցրեց նրա մեջ այդ ցնորքը: – Ես չգիտեի, միայն Ասլանը վերաբերում էր որսորդ Ավոյին:

      ԺԱ

      ՂԱՐԱ-ՄԵԼԻՔՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

      Մի անգամ Կարոն ինձ ասաց. – Ֆարհատ, տատս շատ հիվանդ է, ես մենակ եմ, գնանք մեր տուն, այս գիշեր մեզ մոտ կացի՛ր:

      Ես գնացի: Կարոյենց բնակարանը շատ հեռու չէր մեր տնից: Ես գտա Զումրուդին, արդարև, ծանր հիվանդության մեջ. խեղճ կնոջ միայն մորթն ու ոսկորն էր մնացել. շունչը հազիվ ելումուտ էր անում: Երբ մեզ տեսավ նա, փոքր-ինչ հոգի առավ, խնդրեց գլուխը վեր բարձրացնել և բարձերը նեցուկ տալ մեջքին, որ կարողանա նստել: Կարոն կատարեց նրա ցանկությունը: Հնոցի մեջ վառվում էին մի քանի կտոր փայտեր, և կարմիր լույսը ծավալվելով փոքրիկ խրճիթի մեջ, լուսավորում էր հիվանդի մաշված, դալկացած դեմքը:

      Հիվանդը կանչեց Կարոյին, նստեցրեց իր մոտ, և նրա ձեռքը առնելով իր ոսկրացած ափի մեջ, ասաց թույլ և դողդոջուն ձայնով.

      – Ես մեռնում եմ, Կարո, քանի որ բերանս փակված չէ, թող լեզուս բաց անե քեզ այն գաղտնիքը, որ այսքան տարի ծածուկ էր պահված:

      Նա պատմեց, թե ինքը Կարոյի ոչ տատն է, ոչ նրա ազգականը, այլ սկզբում Կարոյի հոր տան աղախինն է եղել, իսկ հետո դարձավ նրա դայակը: Նա պատմեց, թե Կարոյի հայրը կոչվում էր Միր-Մարտո, նա պատկանում էր Ղարա-մելիքների ընտանիքին, որ սերված էր հայոց մի հին իշխանական տոհմից: Դարերի ընթացքում այդ տոհմի բախտը նույնքան փոփոխության է ենթարկվել, որքան փոփոխական, հեղհեղուկ է եղել Հայաստանի դրությունը: Նա բարձրացել և խոնարհվել է իշխանության, աստիճանի բոլոր ելևէջների մեջ, երբեմն տիրող իշխան, երբեմն հասարակ տանուտեր, երբեմն տաժանակիր հողագործ, – բայց երբեք չէ կորցրել իր ազնվապետական ոգին: Պարսից մարզպանների ժամանակ այդ տոհմը դեռ պահպանել էր հզոր նախարարի արտոնությունները, բայց արաբացոց արշավանքների ժամանակ նա բավական ընկավ, երբ այդ ցեղի նշանավոր իշխանները բռնվելով, տարվեցան Դամասկոս