Կայծեր Մաս 1. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9781772467079
Скачать книгу
երևաց այդ կոպիտ հարցմունքը, և ես վրդովմունքից այնքան շփոթվեցա, որ ոչինչ չգտա պատասխանելու: Կարոն, կարծես, այժմ մտաբերեց ինձ և իմ փոխարեն պատասխանեց.

      – Չե՞ս ճանաչում, Սագո-: Հետ դառնալով դեպի մյուսնե կողմերը, ասաց.

      – Ա՜ խ, ես մոռացա ներկայացնել տեսե՛ք, ի՜նչ լավ հյուր եմ բերել ձեզ համար:

      Նա ցույց տվեց իմ վրա և նրա խոսքերից երևաց, որ գաղտնի խոսակցությունը իմ մասին չէր:

      – Ես չեմ ասի թե ով է, – շարունակեց Կարոն: – Տեսնեմ կճանաչե՞ք:

      – Ես նրան ձվի միջում կճանաչեի, – խոսեց դարձյալ շիլ աչքերով պատանին, մոտենալով ինձ, – Ֆարհատը չէ՞: Քո տունը չքանդվի, Ֆարհատ, ի՜նչքան փոխվել ես դու, ի՜նչ լավ տղա ես դարձել:

      Այս լսելով, մյուս ընկերը, որ հետաքրքրությամբ նայում էր իմ վրա, գրկեց ինձ և ուրախանալով ասաց.

      – Ա՜խ, Ֆարհատն է, ի՜նչպես չճանաչեցի ես:

      Կարսն ինձ ճանապարհին հայտնել էր, թե ես կտեսնեմ իմ երկու ընկերներին` Ասլանին և Սագոյին. այդ պատճառով, դժվար չէր ճանաչել, որ ինձ այնքան սիրով գրկող պատանին Ասլանն էր, իսկ մյուս շիլ աչքերովը – Սագոն: Երկուսն էլ իմ հին աշակերտակիցներն էին, որոնք փախան մեր դպրոցից ճիշտ այն ժամանակ, երբ Կարոն անհայտացավ: Բայց մի բան, որ դժվարացրեց սկզբից ճանաչել նրանց, այն էր, որ թե Կարոն և թե մյուս ընկերներս, բոլորն էլ հագուստները փոխած էին. նրանք չէին հագնված այն ձևով, որպես առհասարակ հագնվում են Պարսկաստանի հայերը, այլ կրում էին մի տեսակ զգեստ, որ հատուկ է Մշու կամ Բաղեշի կողմերի լեռնաբնակ հայերին, որր շատ չէ զանազանվում քուրդ էշիրաթների հագուստից:

      Սագոյի իսկական անունի Սարգիս էր, բացի դրանից, մեր դպրոցում նրան կոչում էին «սատանայի եղունգ». այդ անունը ստացել էր նա իր չափազանց խորամանկության, ճարպկությունների և անհանգիստ բնավորության պատճառով:

      Ինձ երևաց, թե այժմ նա ավելի փոքրացել էր և համարյա գունդի ձև էր ստացել, թեև առաջ նույնպես բավական կարճահասակ տղա էր: Նրա դեմքը բոլորովին կատվի կերպարանք էր կրում. անփոփոխ էին մնացել միայն շիլ աչքերը, այն վաղեմի դիվական աչքերը, որ միշտ արտահայտում էին եռանդ և մի առանձին կենդանություն:

      Ասլանը շատ չէր փոխվել. նույն խաղաղ դեմքը իր բոլոր քնքշությամբ, նույն երկնագույն հեզ աչքերը, հովանավորված խիտ թերթերունքներով, նույն անմեղ ժպիտը, – բոլորը նույնն էր: Միայն նրա շեկ մազերը այժմ ավելի մուգ գույն էին ստացել և երեսի ճերմակ կաշին կորցրել էր իր վաղեմի սպիտակությունը: Մարմնի կազմվածքը մնացել էր նույնպես նուրբ, որպես առաջ, միայն այժմ փոքր-ինչ կոլոլվել էր նա և հասակը ավելի գեղեցիկ և վայելուչ ձև էր ստացել:

      Ասլանը միակ աշակերտն էր, որին ես շատ էի սիրում. նա միշտ բարի էր դեպի ինձ, և քիչ չէր պատահում, որ ամբողջ ժամերով պարապվում էր ինձ հետ. նա մեր դպրոցի ընդունակ և հառաջադեմ աշակերտներից մեկն էր: Ի՞նչ պատճառով նա թողեց մեր դպրոցը, – ես հիմա էլ չգիտեմ, միայն նա թողեց մեծ ափսոսանքով, կարծես մի բան կապած լիներ նրա սիրտը այն «դժոխքի» հետ…

      Մեր դպրոցում ես, Կարոն, Ասլանը և Սագոն այնպես սերտ կերպով կապված էինք միմյանց հետ, որ համարյա կազմում էինք մի անբաժան չորրորդություն: Բայց երբ նրանք միասին անհայտացան մեր քաղաքից, ամենևին չհայտնեցին ինձ իրանց նպատակը, երևի նրա համար, որ ինձ անհարմար գտան իրանց ընկերությանը, որովհետև ես նրանցից հասակով շատ փոքր էի և բոլորովին անփորձ: