Բայց օրիորդ Սալլաթինը աննկատելի կերպով աճում և հասունանում էր, նրա մտավոր և բարոյական կրթության հետ` օրեցօր նրա գեղեցկության վարդերը ծաղկում, փթթում և անուշահոտվում էին: Բայց պարոն Աշխարունին չգիտեր և նրա գլխով չէր անցել այն միտքը, որ մահտեսի Ավետիսը և նրա կին տիկին Սկուհին վաղուց իրանց մտքում դրել էին, որ պարոն Արամին իրանց փեսա դարձնեն: Երբ հայտնեցին նրան այդ մասին, նա համարեց մեծ սրբապղծություն՝ ամուսնանալ յուր աշակերտուհու հետ, որի վրա մինչև այն օր նայել էր եղբոր աչքով, որպես յուր հարազատ քրոջը:
Երկար ստիպմունքներից, երկար թախանձանքներից հետո, պարոն Աշխարունին, յուր նպատակները իրագործելու հեռատեսությամբ թե վատ չէր լինի այդ երկրի մեջ հաստատվել, վերջապես, անհնարին տհաճությամբ՝ ընդունեց օրիորդ Սալլաթինի ձեռքը:
Տիկին Սալլաթինը, ուսած լինելով ոչ միայն հայերեն լեզուն, այլև բավական անգղիերեն և ֆրանսերեն և մասնավորապես ուսումնասիրած լինելով մի քանի արհեստներ և առավելապես կրթված լինելով Աստվածաշնչի գիտությամբ, կարճ ժամանակվա մեջ հավաքեց մի քանի աղջիկներ յուր բարեկամներից և նրանց կրթության հոգսը յուր վրա առավ:
Այդ մի քանի աշակերտուհիները, որ տիկին Աշխարունին պահում էր յուր մոտ կար ու ձև սովորեցնելու անվամբ, խավարասերների կողմից հարուցին ոչ սակավ հալածանք դեպ նրանց ծնողները. շատ կարելի էր մյուս անգամ ցրվեին տիկին Սալլաթինի աշակերտուհիների փոքրիկ ժողովը, եթե նրանց չօգներ պարոն Խոսրով Մելիքզադեն, մի հարուստ տղամարդ յուր խելքով, ուսմամբ և արծաթով:
Յուր նոր մեկենասի՝ պարոն Մելիքզադեի շնորհիվ, տիկին Աշխարունին բավական հաստատելով յուր վարժարանի դրությունը, յուր ուշադրությունը դարձրեց դեպ օրիորդ Սալբին` յուր քրոջ` տիկին Սկուհու որդի Ռուստամի նշանածը, մտածելով, թե մեծ անհարմարություն էր մի շատ ու քիչ ուսյալ տղամարդին ունենալ մի անկիրթ կին: Այդ պատճառով նա շատ աշխատություն թափեց, մինչև կարողացավ նրա մոլեռանդ մորը՝ տիկին Թարլանին համոզել, որ նա յուր աղջիկը դո՜ւրս բերեր հնամոլ և սնահավատ Մարթայի տնից և իրան հանձներ ճշմարիտ ուսում ստանալու:
Տիկին Թարլանը, ոչ միայն աղջիկներին կրթություն և ուսում տալը համարում էր մի ավելորդ բան, այլ ավելի վնասակար, որովհետև, նրա կարծիքով, աղջիկները կարդալ ուսանելով մի ավել բան չէին ավելացնելու, այլ կլինեին խորագետ դևիկներ, կորցնելով իրենց մաքուր և առաքինի վարքն ու բարքը: Բացի դրանից, նա չէր հոժարում յուր աղջիկը մոտեցնել այն տանը, ուր ուսանում էր և նրա հանդերձյալ (ապագա) ամուսնացուն:
Օրիորդ Սալբիի բնական ընդունակությունը, տիկին Սալլաթինի անդադար ջանքը պատճառ եղան, որ նա կարճ միջոցում սովորեց ոչ միայն հայոց հին ու նոր լեզուները, այլ բավականաչափ գաղիերեն և անգղիերեն:
Պարոն Աշխարունուն չմնաց և ոչ մի աշակերտ բացի Ռուստամից, բայց, դժբախտաբար, Ռուստամը զուրկ էր այն ընդունակություններից, որ կարողանար ըմբռնել յուր վարժապետի սերմանած ազատ գաղափարները, ազատ և լուսավոր մտքերը կրոնքի մասին: Նաև թույլ էր նա արհեստներ և լեզու սովորելու մեջ. նա ուսավ միայն հայոց հին լեզվի քերականությունը, որով կարողանում էր հասկանալ յուր կարդացածը ու գիտեր մասամբ գաղիերեն: Մյուս առարկաների մեջ նա առավելապես սիրում էր բանաստեզծությունը և հին ու նոր