Սալբի. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9781772467017
Скачать книгу
էր և բարկացկոտ և ուներ անողոքելի և աներկյուղ սիրտ, պողովատի կարծրությամբ հաստատ կամք: Նա չէր կարող տանել որևէ անարդարություն – յուր ազատության իրավունքը, յուր մարդկային պատիվը անարատ պահելու համար, նա պատրաստ էր նահատակվելու: Առաջին աչքաբացին տեսնելով յուր շրջակայքում յուրայինների գերիացած և ստրկական վիճակը, միշտ լսելով նրանց ախ ու վախը, նրանց դառն հառաչանքները, ամեն օր տեսնելով հազարավոր անբախտների անտանելի չարչարանքները, նա ստացավ մի նախանձոտ ազգասիրական ոգի, որով նա միշտ պատրաստ էր յուր արյունով սրբել նրանց աչքերի արտասուքը: Ո՞րտեղ էր ծնվել Ռուստամը, որ այդպես չլիներ: Նրա խանձարուրը եղան անուշահոտ ծաղիկները, նրա օրորոցը՝ կանաչ խոտերը և թավշյա արոտամարգերը, նրա առաջին լալու արձագանքը – չկրկնեցին շքեղազարդ դահլիճի պատերը – այլ մի պարկեշտ հովվական վրան, ահագին քարաժայռերը, սար, ձոր և անտառը: Վարժատան մեջ չմաշվեց նրա կյանքը: Խելացի բնությունը՝ ինքն էր նրա վարժապետը: Անուշահոտ ծաղիկներից, կանաչ թփերից, խոտավետ մարգերից ստացավ նա յուր հոգու ազնվությունը: Պարզ և կապուտակ երկինքը, վարդագեղ արշալույսը, ոսկե արևը, արծաթյա լուսինը, բյուրավոր փայլուն աստղերը ներշնչեցին նրա հոգուն կրոնի և աստուծո զգացումը: Երգող փետրազարդ թռչունները, հեզիկ շշնջող զեփյուռը, ծառերի և թփերի խշխշոցը, նրանց տերևների կախարդական սոսափյունը, պարզ և հստակ աղբյուրները, նրանց – խոտերի և ծաղիկների միջից կարկաչելով և սուլելով – հոսանքը, արարչագործության այդ բոլոր հրաշալի պատկերները վառեցին նրա երևակայությունը գերբնական կրակով և բաշխեցին նրան մի ազնիվ և գեղեցկասեր ճաշակ, մի աշխուժոտ և զգացմունքով լի սիրտ: Ամպերի սոսկալի որոտումը, սև թուխպերի բոմբյունը, կայծակի ահեղ ճարճատյունը, ահագին լեռնաժայռերի ճաքճքվելով, թնդալով – սարերի գագաթներից դեպի վայր գլորվելը, հեղեղատի պղտոր ալիքների գոռոցը, մրրիկի զարհուրելի մռնչյունը՝ մինչ այդ աստիճան աներկյուղ, մինչ այն աստիճան ամրապինդ էին արել նրա սիրտը, որ նա առանց սոսկալու, առանց ահ ու դողի, ուրախ և զվարթ, յուր օրհնության երգերը խառնում էր սոսկալի մրրիկի սուլելու և ֆշֆշոցի վայրենի ձայների հետ:

      Երբ Ռուստամը յուր կրիմյան հրացանը ուսին, խորին կեսգիշերային պահուն, մնջիկ – միայնակ հսկում է իրանց ոչխարների փարախի և վրանների չորս կողմը, իրանց ոչխարները քուրդերի և խորամանկ գայլերի բերանից ազատ պահելու համար – երբ նա հանկարծ լսում է հեռավոր սարից մի սոված արջի, մի ահագին քավթառի կամ մի կատաղի վագրի սոսկալի մռնչյունը, նրա հոգին վառվում է ուրախությամբ. նա արիաբար դիմում է դեպ չարագուշակ ձայնը, իսկ երբ դարանամտած մի քարի ետևը նա հաջողում է զարկել և գետին գլորել վիթխարի գազանը, այլևս նրա հրճվանքին սահման չկա: Նա ցնծությամբ կրում է յուր շալակին ահագին որսը, բերում, դնում է իրանց վրանի առջև: Առավոտյան, նրա հասակակից պատանիները ամաչելով նայում են նրա երեսին, բայց մանուկ աղջիկները – գովաբանում են նրա քաջագործությունը, և նրանց կուսական սրտի մեջ ծնվում են սիրո զգացմունքը:

      Աներկյուղ քաջասրտության հետ նրա բնավորությունը ուներ հեզ, մաքուր, ազնիվ և քնքուշ կողմեր ևս: Ո՞րտեղ էր մեծացել նա, որ այդպես չլիներ – նա բնության հարազատ որդին էր, վաճառանոցներում և առևտրական խանութներում չէր դեղնել նրա դեմքը արծաթասիրության նախանձից և հոգեմաշ հուսահատությունից: