Մթնաձոր. Ակսել Բակունց. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Ակսել Բակունց
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Поэзия
Год издания: 0
isbn: 9781772468212
Скачать книгу
պաղ առու է հոսում, գյուղի փողոցներով անցնելիս աղտոտվում և ներքև, չիմաններում ճահճանում: Առավոտներն անտառից զովություն է իջնում գյուղի վրա և զովության հետ մայրենու և լորենու մաշկի հոտով հագեցած առողջ օդ: Բայց արևը կեծանալիս՝ փողոցի աղբակույտերն են հոտում, գոմի բաց դռներից ելնող ամիակով հագեցած օդը չեզոքացնում է անտառի մաշկահոտը:

      Աղբակույտում որդերի գլուխը տաքանում է, որդերը համաչափ շարժումով անաչք գլուխները դարձնում են աջ ու ձախ, ասես բոժոժ են հյուսում:

      Աքարում կա քոս, արևից քոսը գրգռվում է, մեջքը պատին են քսում կամ դռան շեմքին, քերում ձեռքով, մինչև արյուն գա: Աքարում աչքացավ կա, և երեխաները արևաքոռ ման են գալիս, աչքերը կարմրած, մի կեղտոտ շոր ճակատին: Տավարը դաբաղ է ընկնում, կաղալով է քայլում, կճղակների արանքում սպիտակ որդերը ծծում են արյունատար անոթները, և կովի կուրծքի մեջ ցամաքում է կաթը, կովը ցավով է լիզում կճղակները, լեզվով գետին թափում սպիտակ որդերը:

      Աքարը հին է՝ անհիշելի ժամանակներից: Եվ այդ ժամանակներից էլ սովորույթ է մնացել հաճար ցանել ավազահողում, քլունգով փորել ոսպատեղը և կռացած, օրն ի բուն, ձեռքով պոկել ոսպի կարճ ցողունները, ոսպը ծեծել և ձմռան կարճ օրերին օրը երկու անգամ ոսպաճաշ ուտել կամ հաճարը ձավար անել, ձավարը մածնով ուտել:

      Աքարն աղքատ է: Եվ եթե երկու տարի հողերը չվարեն, անտառն իր մեջ կառնի Աքարին, քամին լորենու սերմերը շաղ կտա, թռչունները կաղին կտանեն կտուրների վրա, և հանգած թոնրի մեջ կաղինն իր արմատները կխրի: Եթե անտառը չլինի, սարից եկող հեղեղը մի գիշեր կսրբի Աքարը, քարերով կջարդի կուժ ու խնոցի, կխառնի իրար տուն ու մարագ: Հեղեղի երեսին հիվանդ կովի հետ միասին տաշեղի պես կլողան սպիտակ որդերը:

      Ոչ հեղեղ է լինում, և ոչ էլ անտառն է սեղմում Աքարին: Հենց որ ոսպատեղում մի շիվ է բսնում, աքարեցու քլունգը շիվն արմատով է հանում և պահում այն հողը, որը լղար կովի պես ցամաք հյութ ունի:

      Աքարի քառասուն ծխից մեկն էլ Հանեսի աղջիկ Շահանի ծուխն է: Թեկուզ Շահանն արդեն տարիքով է և ութը տարվա այրի, բայց նրան գյուղում շարունակում են Հանեսի աղջիկ կանչել: Գուցե նրա համար, որ Շահանի ածխագործ ամուսինը տարին բոլոր անտառի խորքերում էր ապրում և երբեմն գիշերով տուն գալիս, երեսի մուրը լվանում, մինչև լուսաբաց Շահանի հետ գլուխը մի բարձի դնում, առավոտյան էլ բարձի վրա թողնում մի քանի արծաթ, մինչև նոր գալուստ: Եվ այդ կապից չորս տարվա ընթացքում երեք աղջիկ էր ծնվել, որոնց շեկությունը Շահանի ամուսնուն հիշեցնում էր իր մանկությունը, երբ դեռ ածխագործ չէր, գառան բուրդի պես մազեր ուներ գլխին:

      Մի շաբաթ էլ ամուսինը չեկավ, և երբ Շահանն անտառը գանց, ածխահորի մոտ տեսավ ամուսնու կայծակնահար դիակը, խանձված, սևացած, ածուխի մի մեծ կտորի պես: Այդտեղ էլ թաղեցին: Շահանը շորերը շալակին տուն եկավ, լաց եղավ շորերի վրա, և երբ լացը հանդարտեց, ամուսնու արխալուղի գրպանում երեք աբասի գտավ:

      Սեր չկար նրանց մեջ և ոչ էլ ատելություն: Մի հարկի տակ ութ տարի ապրել էին և այդ տարիներում վարժվել էին իրար, ինչպես ձին է վարժվում ախոռին: Մի ձմեռ անցավ, կաղնու տերևները կանաչեցին, և երբ Շահանը ուրիշի համար քաղհան անելիս բլրակի գլխից նայում էր անտառի խորքից բարձրացող ծխին, իհարկե, ամուսնուն էր հիշում, բայց կարոտ չկար և ոչ էլ քաղցր հուշ:

      Գիշերները դռան կապն էր գցում և աղջիկների գլուխը դնում բարձի վրա, իր մարմնին մոտ առնում ծծկերին ու տաքացնում: Դարձավ թուխս, փռեց թևերը, և թևերի տաքության տակ աճեցին Շահանի շեկ աղջիկները: Պիտի մեծանային