Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո). Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: История
Год издания: 0
isbn: 9781772467406
Скачать книгу
Բաքվի փետրվարյան ջարդին նախորդեցին մի քանի այդպիսի գրգռիչ միջադեպեր, որոնց մեջ գլխավոր գործիչները դաշնակցականներն էին։

      Մեծ հետաքրքրություն է ներկայացնում եւ այն հարցը, թե ինչպես էին թուրք ղեկավարող տարրերը պատճառաբանում իրենց հանկարծակի բռնկված թշնամությունը հայերի դեմ։ Այս մասին եղան մի շարք հայտարարություններ, եւ հայտարարություններ այնպիսի իմաստով, որից ցարիզմը կարող էր ամենայն հաճությամբ ուռչել։ Եթե ուշադրություն դարձնեք 1903-1904թթ. դեպքերի վրա, ձեզ չի կարող չզարմացնել այն հանգամանքը, որ թուրք կալվածատիրությունը, միացած թուրք բուրժուազիայի հետ, հեռագրերով շարունակ հավատարիմ հպատակության ցույցեր էր անում Նիկոլային։ Այդ հեռագրերը հաճախանում էին մանավանդ այն ժամանակ, երբ հայերի ըմբոստացումը սաստկանում էր եկեղեցական կալվածքների գրավման առիթով։

      Սա մի ամբողջ քաղաքականություն էր` նրբահյուս, արեւելյան։ Թուրք հրամայող տարրերը շատ լավ գիտեին, որ հայերը շատ հեշտ կհասկանան այդ հպատակական ցույցերի միտքը։ Ուստի նրանց էլ քնեցնում էին ուրիշ կերպով։ Էջմիածնից խլած կալվածները Երեւանում տրվում էին աճուրդով։ Հայերն, իհարկե, չգնացին աճուրդին։ Թուրքերն էլ չգնացին` հայտարարելով, թե չեն ուզում օգտվել հափշտակված կալվածներից։ Սա արդեն դառնում էր համերաշխության եւ եղբայրության մի հոյակապ ցույց։ Ռուս չինովնիկները շտապեցին առնել այդ վտանգավոր հնարավորության առաջը։ Եվ ահա, հետեւյալ տարին նույն թուրքերը հարձակվեցին հայերի վրա, կոտորեցին։ Եվ երբ նրանց հարցնում էին, թե ի՞նչն է պատճառը, նրանք տալիս էին այսպիսի պատասխան. «Մենք նահապետական ժողովուրդ ենք, պահպանում ենք մեր հին ավանդույթը։ Մենք չենք կարող ապրել առանց կայսրության, իսկ մեր հարեւան հայերը հեղափոխականներ են` նոր գաղափարներով տարված, եւ ուզում են ոչնչացնել կայսրությունը։ Մենք հենց այդ պատճառով ենք ոտքի ելել մեր ամենաողորմած կայսրին պաշտպանելու համար»։

      Ռուսական բյուրոկրատիան ոչ միայն հավատում էր այս բանին, այլեւ ինքն էր արծարծում նման հասկացողություններ թե՛ թուրք եւ թե՛ ռուս զանգվածների մեջ։ Չէ՞ որ հենց այս տեսակ վերաբերմունքի վրա էր խարսխված ռուսական քաղաքականությունը` հենվել թուրք ավանդապահ եւ հետամնաց տարրերի վրա։ Սակայն սա մի թշվառ կարճատեսություն էր, մի կույր հավատ, մի ինքնախաբեություն։ Ընդամենը մի 10-15 տարուց հետո, համաշխարհային պատերազմի եւ նրանից ծնված մեծ հեղափոխության ժամանակ էր, որ ապացուցվեց, թե հավատարիմ հպատակության ցույցերը կատակերգություններ էին եղել ցարականներին խաբելու համար։ Եվ եթե այնքան հեշտությամբ կալվածատիրական դասակարգը գործիք դարձավ ռուս բյուրոկրատիայի ձեռքին եւ գնաց հայերի դեմ, դա արդյունք էր այն նոր նացիոնալիստական շարժման, որ ծավալվում էր թուրք եւ առհասարակ մահմեդական ազգաբնակչության մեջ` օսմանյան գործակալների ձեռքով։ Աբդուլ-Համիդի ձեռնարկած համաիսլամական պրոպագանդան մի գործ էր, որ հաջողվում էր լավագույն կերպով եւ որի հուշարձանն էր Հիջազի երկաթուղին` կառուցված բացառապես մահմեդականների փողերով։

      Այսօր այլեւս գաղտնիք չէ, որ մի ամբողջ մեծ ու եռանդուն շարժում էր այդ գործը։ Պրոպագանդան մտավ ամեն երկիր, ուր մահմեդական ժողովուրդ էր ապրում։ Բոլոր այդ ժողովուրդները` Անդրկովկասի թուրքերը, Դաղստանի լեռնցիները, Ղրիմի եւ Կազանի թաթարները,