Երբ աչքերս պատահական հանդիպեցին բաց պատուհանից դեպի ինձ ուղղված աչքերին, թաքցրի դեմքս, որը սիրածս երաժշտության ռիթմերի ազդեցության տակ տարօրինակ ու միաժամանակ երջանիկ արտահայտություն էր ստացել, ձեռքիս փոքրիկ ամանը, որի մեջ դեռ մի քանի թարմ ելակ էր մնացել, ամուր ծածկեցի, ելակոտ ափերս քսեցի քրքրված շալվարիս ու լսարան վազեցի:
Արդեն մի ամիս է`ամեն օր գալիս եմ մարզադաշտ, նստում ճոճանակի վրա ու նայում պատուհանին`հույս ունենալով որսալ Պարոնի հայացքը, բայց հենց դա ինձ հաջողվում է, շուռ եմ տալիս երեսս ու փախչում:
Մեր ճանապարհները հաճախ են հատվում դպրոցի տարածքում, բայց երբեք առիթ չի եղել, որ խոսենք իրար հետ: Պարոնը շատ հմայիչ տղամարդ է`միջահասակ, գեղեցիկ կազմվածքով, խոշոր աչքեր, արտահայտիչ քիթ, խիտ հոնքեր ունի, կրում է այնպիսի հագուստ, որն ընդգծում է իր սլացիկ կազմվածքն ու մկանները: Դժվարանում եմ ասել, թե քանի տարեկան է, քառասունին մոտ կլինի: Նա իմ մուսան է:
2016 թվական, մարտի 21
Երբ դասարան մտա, ինձ հայտնեցին, որ այսուհետ մեզ պատմություն ուրիշ ուսուցիչ է դասավանդելու: Ես ոչ մի արտասովոր զգացմունք չունեցա լուրը լսելով, այլ առանց մի կաթիլ հուզմունքի տեղավորվեցի առաջին նստարանին`հենց ուսուցչի սեղանի դիմաց: Ժամին նայեցի: Դասին դեռ տասը րոպե կա, ու քանի որ դպրոցական ժամանակի ու տարածության մեջ դա հսկայական ժամանակահատված է մի լավ ճաշելու, ընկերների հետ շփվել-վիճելու համար, որոշեցի առիթից օգտվելով`գնալ ինձ համար քաղցրավենիք գնել:
Վերադարձին, երբ լսարանին մոտեցա, նորից ժամին նայեցի` համոզվելու համար, որ չեմ ուշացել: Չէի ուշացել, բայց դռան հակառակ կողմում տիրող խաղաղությունից ու անդորրից դժվար չէր ենթադրելը, որ ուսուցիչն արդեն ներսում է: Վերջապես հավաքեցի համարձակությունս ու ներս մտա: Պարոնին տեսնելով`հնարավորինս անտարբեր ձևացա, կրեմով քաղցրավենիքս ափումս ճզմելով`մոտեցա աթոռիս ու նստեցի ուղիղ դիմացը: Դեռևս ճոճանակի վրա, երբ հայացքս հանդիպեց նրա հայացքին, ենթագիտակցորեն նմանեցրի մեկին ու սիրահարվեցի ոչ թե իրեն, այլ այդ նմանությանը: Ներքուստ ճիգ եմ գործադրում հիշել, թե ով էր նույն կերպ շարժվում, ծիծաղում, խոսում ու կիտում հոնքերը, բայց տեղը բերել չեմ կարողանում:
Նայում եմ հափշտակված ու հիացմունքով, չեմ կարողանում հայացքս կտրել նրա արտահայտիչ թարթիչներից, հոնքերի`աչքերին տղամարդկային երագ տվող խստությունից, մատներից, որոնք բարակ են, ինչպես դաշնակահարինն ու կանացի նրբությամբ սահում են մատյանի վրայով, ձայնից, որը կարողանում է սաստել նույնիսկ ամենաանկարգ աշակերտին` իր մի տոն բարձրանալով: Ինձ դուր է գալիս նրա կարմիր բլուզի անուշահոտությունը, որ քթիս է հասել: Դա ամենևին էլ օծանելիքի սուր ու անուշ հոտը չի, այլ` իր մարմնի: Ես հեռվից հեռու պատկերացնում եմ այն բույրը, որը դեռ չեմ քաշել, ու սիրահարվում