ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Серия:
Жанр произведения: Современная русская литература
Год издания: 0
isbn: 9785449682895
Скачать книгу
գալիս ենք մենք լույս աշխարհ, գընում դեպի վերջալույս՝ ճանապարհին կորցնելով ընկերներին սրտակից, մոտիկներին՝ ըղձալի…

      Չկա ոչինչ այս կյանքում, որը ավարտ չունենա. ժամանակի ընթացքում՝ անցնում, գնում, մոռացվում է ամեն բան՝ սեր ու խնդում, գեղեցկություն, գանձ ու գահ, լոկ կորուստն է զավակի, որ այրում է մեր հոգին ու չի անցնում մինչև մահ։

      ======================

      ՄԻ ՕՐՎԱ ԿՅԱՆՔ

      Կա թիթեռի մի տեսակ, որ մի օր է ապրում սոսկ… Ոսկեթևիկ մի թիթեռ ծնվեց լույսը նոր բացված՝ զվարճանքով ողջ օրը ծաղկանց վրա ճախրելու, արևի ջինջ շողերում իր խատուտիկ թևերով ջրերի վրա թևելու, խնդությամբ ու բերկրանքով իր կարճ կյանքը ապրելու…

      Մթար օր էր օրը այդ, արև չկար, մեգ ու մշուշ՝ խինդ չկար, չկար հավքի երգն անուշ, որ թիթեռը կախարդվեր, լույս չէր կաթում ծառերից, համրացել էր գետակն էլ, ծաղկի ղողանջ էլ չկար, անվերջ անձրև էր տեղում… Այդպես անցավ օրն ամբողջ՝ մինչև եղավ մայրամուտ, արևն անցավ սարերից, մութը ծանր, սևասև, իր մեջ առավ սար ու ձոր։

      Անցավ օրը թիթեռի… նա վշտակիր, առհավետ ծալեց թևերն իր ոսկյա ու այդպես էլ չտեսավ ոսկեթևիկ թիթեռն այդ ու չիմացավ նա, ավա՜ղ, որ լինում են լուսաջինջ, պայծառալույս տաք օրեր՝ լեցուն զվարթ կանչերով…

      …Մի՞թե դու չես կամ թե ես՝ չարաբախտ ու սգահար ոսկեթևիկ թիթեռն այդ…

      ========================

      ԵՎ ՈՒՐ ԷՐ ԱՍՏՎԱԾ

      …Եվ ո՞ւր է Աստված. տիեզերական հավիտենության իր գահին բազմած՝ այդ բարձունքներից չի իջնում նա ցած՝ ունկն դնելու ողբ ու կականըն իր իսկ արարած երկըրի վրա։

      Ո՞ւր էր նա, ո՞ւր էր, երբ հավատացյալ ողջ մի ժողովուրդ՝ թե մանուկ, թե ծեր, հլու-հնազանդ իր Արարիչին՝ Դեր Զորի պապակ անապատներում ոչնչացվում էր անգութ աշխարհի կույր աչքի առաջ՝ Աստծուն ի տես։

      Եվ էլ ի՜նչ Աստված, եթե չի իջնում ամպերից այսդին ու չի բռնում նա արյունոտ ձեռքը տմարդ վայրենու ու չի անիծում չար գործը նրա, որ նզովվյալ լինի հարատև ու փորի վերայ գնա նա մենակ ու հող ուտի միայն կյանքի մնացյալ բոլոր օրերին։

      …

      Իր տունն ու տեղը թողած թուրքերին, հարյուր տարուց վեր՝ Ադանա գեհենից մինչև Սումգայիթ ու մինչև Բաքու, քայլում է հայը՝ լքյալ, վշտաբեկ. Աստված տեսնում ու ոչինչ չի անում, իսկ նա տեղ չունի՝ ոչ թե ապրելու, անգամ մեռնելու։

      =========================

      ԱՆՑ ԵՆ ԿԵՆՈՒՄ ՕՐԵՐԸ ՄԵՐ…

      Աշնանային թափուր հանդեր, դալուկ արև, թեթև քամուց մունջ օրօրվող դեղձան ծառեր, անձրևներից գունաթափված թախծող դեզեր՝ մենության մեջ…

      Ցած են իջնում տերևները աշնանային՝ շիկակարմիր, իրիկնային արևի պաղ շողերի մեջ վերջին անգամ հուրհրատում, շողշողում ու գալարվում են հազարերանգ ու փայլկտուն, իջնում տամուկ սառը հողին։

      Այդպես հանդարդ, աներևույթ, դանդաղորեն ու հեզասահ անց են կենում օրերը մեր՝ հրակարմիր ու վարդագույն… Շուտով կգա ձմեռը ցուրտ, ձյուն կտեղա փաթիլ-փաթիլ ու լայնըշի և կծածկի սար ու ձորեր, արտ ու արոտ, ու ձյան տակ լուռ կկորչի արահետն այն՝ ինձ մոտ բերող, ու դու չես գա, դու էլ չես գա…

      Հետո նորեն կգա գարուն, կգա ամառ ու նոր աշուն. ո՜վ կհիշի տերևներն այն՝ այն, որ կային, այն, որ մեռան անցած աշնան…

      ===========================

      ԱՄԵՆ ՒՆՉ ԿԱՆՑՆԻ

      Ժամանակն անցնում է վարար գետի պես ու չի կանգնում բնավ…

      Կարողացիր բերկրել երջանիկ թարթերով