Տիրեց երկարատև լռություն։ Ջրհորդաններից իր ձանձրալի քլթքլթոցներով շարունակում էր թափվել ջուրը։
– Իսկ դու ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ, – լռությունը խախտեց Ալենան՝ դիմելով Լեոնիդին։– Չէ՞ որ այստեղ պիտի գայիր։
– Հենց այստեղ էլ գալիս էի, – արձագանքեց Լեոնիդը, ափերի մեջ պահելով թեյի տաք բաժակը։– Հետո հանկարծ որոշեցի մտնել Ստեփանի մոտ, նրան էլ վերցնել։ Տաքսին նույնիսկ բաց չէի թողել, մոտեցա լաբորատորիայի դռանը, և հանկարծ Ստեփանը դուրս թռավ այնտեղից և ասաց, որ Անտոնյանը հենց նոր զոհվեց։ Ես էլ սկսեցի զանգել՝ ուր պետք է, շտապ օգնությունը եկավ, բայց դե ուշ էր արդեն։
– Իսկ Ստեփանը շա՞տ էր չարախոսում իր մասին, – հարցրեց Ելենան՝ մեկընդմեջ նայելով Ստեփանին ու Լեոնիդին։
– Այն էլ ինչպես, – արագ ասաց Լեոնիդը։– Քննիչն արդեն սկսել էր գրառել նրա ասածները, քայլում էր ետևից, որսում ամեն մի բառը։ Ջահել տղա էր, երևի, նոր ավարտած, Շերլոկ Հոլմս էր ձևացնում իրեն… Իսկ ինչ է, Եվան, իրոք վատ է զգո՞ւմ իրեն, հա՞…
– Չէ, հիմա կգա, շորերն է փոխում, – ասաց Ամալյան։– Թեյը սառչում է, խմեցեք, իսկ հետո սեղան կգցեմ, ամեն ինչ պատրաստ է։
Կրկին լռություն տիրեց և հեռախոսազանգը, որ հնչեց սովորականից բարձր, մի տեսակ վախեցրեց ասես բոլորին։ Ելենան հեռախոսին մոտ էր, Ռաֆայելը հայացքով նրան հասկացրեց, որ վերցնի լսափողը։
– Այո, լսում եմ։ Բաև ձեզ։ Այո, այստեղ է։ Մի րոպե։– Ելենան ձեռքով ծածկեց հեռախոսի մեմբրանը և կամացուկ ասաց.
– Ռաֆայել, քեզ են ուզում։ Անծանոթ ձայն է…
– Սկսվեց… Ասեիր տանը չէ..– Ռաֆայելը վերցրեց լսափողը, և կկոցված աչքերով նայելով դուրսը, ուր այլևս ոչինչ չէր երևում, ասաց։– Այո, հասկանալի է, ծանր կորուստ է մեզ բոլորիս համար… Ոչ, ես համոզված եմ, որ պարզապես դժբախտ պատահար է և ուրիշ ոչինչ… – Նրա այտամկանները նկատելի ձգվեցին։– Խնդրում եմ, սպասեք վերջացնեմ խոսքս… Այո, այդ բոլորը ճիշտ է, դուք իրավացի եք, բայց, այնուամենայնիվ… Ինչպե՞ս, – Ռաֆայելը հետզհետե գունատվելով, դեմքը դարձրեց դեպի պատը։– Ի՞նչ հանցակազմ… Ներեցեք, բայց դա անկարելի է, որովհետև ես ապարատը շտապ ուղարկել եմ տեխնիկական փորձաքննության և մինչև չստանամ պատասխանը… Ոչ, պատասխանը երկու-երեք օրից հետո միայն պատրաստ կլինի…
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.