Այս հանգամանքը թաքուն չէր մնում հայ ղեկավարող մտավորականությունից։ Տեսնում էին քրդության լեռնացող վտանգը` իբրեւ գործիք թուրք կառավարության ձեռքին, բայց ի՞նչ էին անում։ Երբեմն լսվում էին նրանց միջից ձայներ, թե հայերը կոպիտ, զինական կռիվ չպիտի մղեն քրդերի դեմ, այլ պիտի նրանց վրա ներգործեն կուլտուրական միջոցներով, պիտի դաստիարակեն նրանց, ուսում տարածեն նրանց մեջ։ Սա, իհարկե, ուժեղ եւ էական միջոցն էր քրդերին չեզոքացնելու համար։ Բայց ցավն այն էր, որ հայ ազգայնականները հայ-քրդական բարեկամությունն այն մտքով չէին հասկանում, թե երկու դարավոր դրացի ազգերը համահավասար անդամներ պիտի լինեն այդ մերձեցման մեջ, թե պիտի հարգվեն ազգային առանձնահատուկ արժեքները։
Ո՛չ, քրդերին ուզում էին ենթարկել հայկական կուլտուրային՝ նրանց այս միջոցով ապազգայնացնելու, հայերի հետ ձուլելու համար։ Այս խոսքերը խոսք էլ մնացին։ Ոչինչ գործ չկազմակերպվեց։ Քրդությունը թուրք կառավարությանն էր պատկանում։ Իսկ հայերն այս ահեղ օյինի դեմ հանում էին միեւնույն խղճուկ միջոցները` դիմում Եվրոպային եւ հայդուկային կռիվ։ 1880-ին Վանի առաջնորդ Խրիմյան Մկրտիչ33 արքեպիսկոպոսն անգլիական հյուպատոսին ուղարկած իր նամակի մեջ ասում էր, թե այժմ այլեւս ոչ մի կասկած չկա, որ Հայկական հարցի հետ բարձրանում է քրդական հարցը, որ կառավարության խրախուսանքներով ձուլվում է մի քրդական ընդհանուր շարժում` ընդդեմ հայերի։
Այս թուղթը` հուսահատական մի ճիչ, արժանանում էր միայն անգլիական «Կապույտ գրքի»34 մեջ տպվելու պատվին։ Մի հանգամանք, որն իհարկե չէր ազատում գավառական թշվառ եւ անզեն հայությանը մինչեւ ատամները զինված քրդության դեմ հանդիման կանգնած լինելու դժբախտությունից։
Հայ ղեկավարող մտավորականությունն, այսպիսով, չէր կարող արդարանալ անգիտությամբ։ Ամեն ինչ կատարվել էր օրը ցերեկով, բացահայտորեն, նրա աչքերի առջեւ։ Թուրք մամուլի սպառնալիքները հայտնվում էին իբրեւ կառավարական հաղթանակող ծրագիր։ Ոչինչ խրատ չէր վերցվում այս խոշոր հանգամանքից, որ ապագա էր ցույց տալիս, զգաստություն էր հրահանգում։
Ու բացվում էր մի այսպիսի հանդիսարան։ Քուրդիստանի եւ Հայաստանի լեռներից առաջ էին քաշվում, շարժման մեջ էին դրվում Քսենոփոնի35 ժամանակներից իրենց քաջությամբ, կռվարարությամբ ու գիշատիչ հակումներով քաջածանոթ կիսավայրենի ցեղեր` ոգեւորված թալանելու եւ կոտորելու կատարյալ ազատությամբ։ Իսկ նրանց դեմ հանդիման հյուսիսից ու արեւելքից գնում էին հատուկտոր մարդիկ, մեծագույն մասամբ պատանիներ` հաճախ ոչ միայն առանց զենքի, այլեւ առանց մի կտոր հացի իրենց մախաղում։
Ովքեր էին դրանք։ «Խենթը» կարդացողներ, ամեն օր հանդիսավորապես «Ձեռքերս կապած, ոտքերս շղթա, Եվրոպան կասե`