Հարցն իհարկե գաղափարը չէ, որ չի կարող մերժվել որեւէ ճկուն եւ կեղեքվող ժողովրդի։ Հանցանք չէր, եթե հայն անկախություն երազեր այնպիսի մի ժամանակ, երբ նրա աչքի առջեւ կազմվում էր մի բուլղարական կիսանկախ իշխանություն, եւ մի շարք կիսանկախ պետություններ (Ռումինիա, Սերբիա) կատարյալ անկախություն էին ստանում։ Ամբողջ հարցն այն է, որ հայերը չէին կշռադատում իրենց ձեռքին եղած միջոցները, իրենց ժողովրդի կացությունը Հայաստանի խորքերում եւ իրենց ստացած խոստումների իսկական արժեքը։ Եվ ստեղծվում էր ողբերգական հակասություն. հայերի համար «տեղական պետքերը» առնվազն վարչական ինքնավարությունն էր, որի հետեւում, անշուշտ, կանգնած էր անկախությունը, մինչդեռ թուրքերի համար այդ «պետքերն» ամենաշատը պիտի նշանակեին վարչական-ոստիկանական վերակազմություններ, որոնց անհրաժեշտությունը նրանք ընդունում էին, բայց ասում էին, թե փող չունեն այդպիսի ռեֆորմներ իրագործելու համար։
Դ
Պատերազմից հետո կյանքը Շուշի քաղաքում միանգամայն կերպարանափոխվում էր։ Մի արտասովոր կենդանություն եւ աշխուժություն էր մտնում։ Որքան էլ որ հեռու էր պատերազմական դաշտը, բայց քիչ չէր այն շուշեցիների թիվը, որոնք դրամ էին աշխատել` այս կամ այն կերպ մասնակից լինելով պատերազմի հետ կապված առեւտրին։ Բայց միայն այդ չէր շուշեցու բարօրությունն ավելացնողը։ Կար ավելի ուժեղ ու հորդառատ աղբյուր՝ արդյունագործական Բաքուն, որ օր օրի վրա հռչակվում էր իր նավթային հարստություններով եւ շարունակ իրեն էր քաշում գավառներն ու առանձնապես Շուշիին։ Արդեն անուն էին հանել շատ շուշեցի դրամատերեր, եւ այս հանգամանքն ավելի էր սաստկացնում հոսանքն այդ քաղաքից դեպի Ապշերոնի նավթահորերը։ Միայն քաղաքը չէր այդպես հեղաշրջված. գյուղը բռնել էր իր քայքայման ճամփան եւ մարդկային հորձանքներ էր ուղարկում Բաքու։ Այդ զանգվածների մեծագույն մասն, իհարկե, սեւ աշխատանքի մեջ էր խրվում, դառնում բանվորություն։ Բայց քիչ չէին եւ այնպիսի անհատները, որոնք «մարդ էին դառնում», այսինքն՝ հարստություն էին ձեռք բերում, մանր խանութպաններից բարձրանում էին մինչեւ արդյունաբերող-կապիտալիստ «ապերների» պատվավոր դիրքը։
Այս արդյունաբերական շարժումները շարժում էին եւ Շուշիի ճահիճը։ Շռայլությունը, մեծամեծ կոչունքները, անընդհատ բացօթյա քեֆերը վկայում էին, որ այս քաղաքում կուտակումներ են գոյանում։ Երգն ու նվագածությունն ամեն կողմ էր. Շուշին ասիական երաժշտության ամենանշանավոր կենտրոնն էր դառնում։ Եվ այս հռչակը ստեղծողներն էին թե՛ հայերը եւ թե՛ թուրքերը, որոնց սերտ գործակցության մեջ միացնում էր արվեստը։
Ես չեմ կարող ասել, թե այսքանով էլ սպառվում էր իմ հայրենի քաղաքի վերակենդանությունը։ Հզոր