Անձրևը սկսվեց Վագներյան նախերգանքի հզոր հնչեղությամբ՝ լարային ու փողային գործիքների համատեղությամբ, թմբուկների մաժորային ռիթմի ներքո, և զարգացավ դասական կանոնների կարգապահությամբ, այնուհետև, հետզհետե թեթևացնելով բուռն ագրեսիայի հզորությունը, թմբուկների մաժորային ռիթմը փոխարինեց ստեղնայինի մինորային ակորդներով՝ փողայիններից բացառեց տրամբոններն ու մյուս բարձրահունչ գործիքները՝ պահպանելով միայն ֆրանսիական եղջյուրի և լարայինների քնարական երանգը, ու սահունորեն անցավ հիմնական թեմային, այն է՝ հորդառատ, երկարատև և անվերջանալի տեղատարափ, որը հաճախ էր հյուրընկալվում մեր հինավուրց քաղաքում։
– Հոդերս անձրևի անխուսափելիությունը զգում են օր առաջ` նախանձելի ճշգրտությամբ, – պատուհանից դուրս՝ անձրևոտ քաղաքին նայելով` ասաց ռադիոհաղորդումների գլխավոր խմբագիրը։
– Ինչպե՞ս է դա դրսևորվում, – հարցրեցի ես։
– Ոսկորների մեջ խորասուզվող սուր ցավերով՝ սովորական ռևմատիզմի դրսևորում, ոչինչ ավելի կամ պակաս, – տրտնջաց նա։
– Եթե դա ձեզ կմխիթարի, ասեմ, որ շատերն են հոդացավերով տառապում, միայն պարզ չէ, բոլո՞րն են օդերևութաբան, թե՞ դա միայն ձեզ է հասու։
– Մխիթարեցիր, – քմծիծաղ տվեց նա ու ավելացրեց, – ասում են` որ հերթական օյինբազությունն ես արել։
– Օյինբազությո՞ւն, – չհասկացա ես։
– Այո՛, օյինբազություն։ Այդ ի՞նչ պատմվածք ես գրել։
– Ուրեմն պատմվածք գրելը ձեր կարծիքով օյինբազությո՞ւն է։
– Էլ մի սկսիր, շատ լավ հասկացել ես հարցիս իմաստը։
– Պատասխանս միանշանակ չէ՛, հռետորաբանական է, – վրդովված պատասխանեցի ես։ – Ձեր կոորդինատային համակարգում, երևի կարելի է և այդպես անվանել, ավելին՝ կարող եք հավելել, որ ես ոչ միայն օյինբազություն եմ արել, այլև փորձել եմ խարխլել մեր հզոր պետության բարոյական հիմքերը։
– Սարկազմդ