Առավոտից վիզս սաստիկ բռնվել ու ցավում էր, երևի գիշերը բարձը գլխիս տակից փախել էր ու հիմա, գայլի նման չէի կարողանում վիզս տարուբերել, ստիպված ամբողջ մարմնով էի թեքվում նրան լսելու համար։
– Ու մի օր, – անցնելով երկրորդ բաժին կոնյակին և ինձ շոկոլադ առաջարկելով, շարունակեց նա, – մի օր, երբ ծանոթ գտնելու հույսով բացեցի հեռախոսի գրքույկը, հասկացա, որ այս հսկա քաղաքում, բոլորովին մենակ եմ, որովհետև բազմաթիվ, հազարավոր համարների մեջ, չկարողացա գտնել այն մի հատիկ հարազատ համարը, որից կկարողանայի օգնություն և խորհուրդ աղերսել։
Մեկ սենյականոց նրա բնակարանը, որն իր ասելով պատկանում էր կնոջը, ու ինքն այնտեղ անմասն էր, կահավորված էր. ինչ կահավորանքի մասին կարող է խոսք լինել, եթե նրա ուշքն ու միտքը միայն երաժշտությունն էր։ Հեռավոր անկյունում՝ պատին մոտիկ, բազմոց-մահճակալն էր։ Կենտրոնում` սեղանը` իր երեք աթոռներով։ Ետին պատին, փոքրիկ զգեստապահարանը, ու վերջ։ Դիմացի պատն ամբողջովին նվիրված էր երաժշտությանը։ Ես ստիպված եմ ավելի հանգամանորեն ու մանրակրկիտ նկարագրել այն, քանզի հենց այդ պատի նկարագրման մեջ է թաքնված նրա ողջ էությունը։ Չարլի Փարքերի հսկայական աֆիշը` թվիդե լայնփեղկ պիջակով, սև վերնաշիկով ու նույն գույնի փողկապով, որտեղ նրա հայացքը սևեռված է սաքսաֆոնին՝ աստվածային հնչյուններ կորզելու պահին, ապակեպատ, նրբաճաշակ շրջանակով բոլորված՝ կախված է այդ պատի աջակողմյան մասում։ «Ինչու հատկապես Չարլի Փարքե՞ր, որովհետև հենց նա է, անկասկած, անսպառ ոգեշնչման աղբյուր հանդիսանում հարյուրավոր երաժիշտների համար»։ Նեղ-բարձր, ձայնային սարքավորումների համար նախատեսված դարակների առաջին հարկում, ունեցած ձայնապնակների զտված ընտրանին է, քանզի նա պահում է միայն այն ձայնապնակները, որոնք լսում է պարբերաբար, ավելորդը վաճառվում կամ փոխանակվում է։ Երկրորդ հարկում լամպային նախաուժեղարարն է, որը, սովորական տափակ ձայների փոխարեն, հնչեցնում է վառ և թափանցիկ գույներ, վերացնում ռեզոնանսային աղմուկներն ու այլ աղավաղումները` հագեցնելով երաժշտությունն անհամեմատելի հնչողությամբ։ Երրորդ հարկում վերջնական ուժեղարարն է` իր հրաշալի ձայնածավալով, այնուհետև կասետային դեքը և վերևում` նվագարկիչը։ Երկու կողմերից՝ անվակների վրա, եռաշերտ ակուստիկային սիստեմը՝ հսկայական բասերով, որի թանձր, ցածր հնչյուններն ասես ներխուժում են էությանդ մեջ և հնչում են այնտեղ՝ հեռու ներսում։ Աջ անկյունում, Չարլի Փարքերի տակ, ոչ բարձր գրապահարանն է, ու վերջ։ Հեռուստացույց նա չուներ։
– Ինչի՞ մասին ես մտածում, – երկար լռությունից հետո, հարցրեց նա։
– Ոչ մի առանձնահատուկ բան, հենց այնպես, – պատասխանեցի ես:
– Ես զգում եմ, որ դա «հենց այնպես» չէ, ասա՛։
– Կարծում