– Իսկ դրանք նույնպե՞ս կսովորեն բուժել, – հարցրեց աղջիկը:
– Հավանաբար, երբևէ այդպես էլ կլինի, – պատասխանեց տատիկը:
– Իսկ ե՞րբ, – չէր հանդարտվում Արևիկը:
– Դա բարդ հարց է, – ասաց տատիկը:
– Միշտ այդպես է: Երբ դուք՝ մեծերդ, ինչ—որ բան չեք իմանում, – այդպես եք պատասխանում, – վրդովվեց աղջիկը:
– Արդեն ուշ է: Ժամանակն է քնելու, – փորձեց զրույցն ընդհատել տատիկը:
Բայց անհնար էր:
– Չեմ գնա: Ես կսպասեմ մայրիկին կամ հայրիկին, – չէր դադարում աղջիկը:
– Արևի՛կ, բալի՛կս, վախենամ՝ շատ սպասես: Տեսնո՞ւմ ես, ինչ ձյուն է դրսում: Ամեն ինչ ծածկել է: Ձնահավաք մեքենաները չեն կարողանում գործն ավարտել: Գնալ—գալ հնարավոր չէ: Գնանք քնելու, իսկ գիշերը, երբ կուզենաս կաթ խմել, քեզ մայրիկը կտա:
Արևիկին շեղելու բոլոր փորձերը անօգուտ էին: Աղջիկը շատ էր կարոտել հայրիկին, որին նա չէր տեսել ամբողջ երեք ամիս: Նա մեկնել էր գիտարշավի և այսօր տուն էր վերադառնում: Ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարել: Հայրիկը զանգել էր օդանավակայանից: Սակայն արդեն երկու ժամ էր անցել, իսկ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել: Մայրիկը նույնպես շատ էր աշխատում: Եվ ամեն մի լրացուցիչ ժամը, որ միասին էին անցկացնում, ասես նվեր լիներ, որից այսօր աղջիկը կարծես զրկվել էր:
– Ինչո՞ւ էիր դու ինձ ասում, որ միշտ ելք կա, – հարցուփորձ էր անում Արևիկը՝ դարձյալ վերադառնալով միևնույն հարցին:
– Իսկապես, ելք միշտ կա: Պարզապես այն երբեմն շատ երկար պետք է փնտրել, – պատասխանեց տատիկը:
– Ուրեմն, շատ ջանալու դեպքում այն կարելի՞ է գտնել, – շարունակվում էր հետաքրքրվել Արևիկը:
– Այո՛, – պատասխանեց տատիկը: Բայց զգացվում էր, որ նա արդեն հոգնել էր ու հազիվ էր զսպում իր անհամբերությունը:
– Տատի՛կ, արի՛ զանգենք ԱԻՆ, – ոգևորվեց աղջիկը՝ հավանորեն, կարծելով, որ հենց դա է հիմնախնդրի լուծումը:
– Ինչո՞ւ, – զարմացավ տատիկը:
– Իսկ հիշո՞ւմ ես՝ երբ ամռանը հրդեհ էր եղել, մարդկանց փրկել էր ԱԻՆ—ը…
Տատի՛կ, բայց ի՞նչ է ԱԻՆ—ը:
– Արտակարգ իրավիճակների նախարարություն, – բացատրեց տատիկը:
– Իսկ ի՞նչ են արտակարգ իրավիճակները, – շարունակում էր հետաքրքրվել Արևիկը:
– Տարերային աղետները, օրինակ, հրդեհները և զանազան վտանգավոր իրավիճակները, որոնց մեջ հայտնվել են մարդիկ: Ենթադրենք՝ դուռը փակվել է, փոքրիկ երեխան տանը մնացել է մենակ, և նրան շտապ անհրաժեշտ է օգնություն:
– Իսկ ճանապարհների խցանումները սովորակա՞ն իրավիճակներ են:
– Այո՛, – ափսոսանքով պատասխանեց տատիկը:
Աղջիկն ապրում էր բարձրահարկ շենքի տասներեքերորդ հարկում և սիրում էր երեկոյան ժամերին, ծնողներին սպասելիս, նստել ցածր պատուհանագոգին ու լուսամուտից դուրս նայել: Այդպես էլ այս երեկո, հետևելով մեքենաների անվերջանալի շարանին, նա ուշադրություն դարձրեց հսկայական թվով սխալ կայանած մեքենաներին, որոնք չափազանց բարդացնում էին ճանապարհների՝ առանց այն էլ դժվար կացությունը: Եվ այդ հանգամանքը չէր կարող անտարբեր թողնել դիտունակ աղջկան:
– Տատի՛կ, իսկ ինչո՞ւ այդ մեքենաները սահմանված տեղում չեն կանգնում, –