ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Серия:
Жанр произведения: Современная русская литература
Год издания: 0
isbn: 9785449061911
Скачать книгу
Ստալինն էլ էր բանաստեղծություններ գրում. «Բացվեց կոկոնը վարդի և մանուշակին քնքուշ գրկեց, ու արտույտը դայլայլեց ամպերից էլ վեր»:

      2

      Մյուս օրը՝ աշխատանքի ավարտին, Արմենը եկավ ինձ մոտ, խմբագրություն: Նա մենակ չէր: Մի աղջկա հետ էր եկել, որին տեսնելով, ես, ակամա դանդաղ ոտքի ելա ու, նրա ճաճանչափայլ գեղեցկությամբ գերված, մնացի կանգնած:

      Արմենը նկատեց դա, մի տեսակ ոգևորվեց: Աղջիկը կլիներ տասնյոթ-տասնութ տարեկան, իր մաշկի պես սպիտակաթույր շրջազգեստ էր հագին, որը պրկորեն գրկել էր նրա բարակ իրանը: Ոսկեզօծ փայլուն մազերը՝ շագանակագույն երանգով, մանրիկ ալիքներով իջնում էին ուսերին, հոնքերը՝ աղեղնաձև ու բարակ, քիթը գեղեցիկ՝ նրբագեղ զգայուն ռունգերով, սքանչելի կորությամբ գծագրված շուրթերը՝ քիչ ուռուցիկ ու հրաբոսոր, իսկ աչքերը… գարնանային մեղմությամբ ճառագող կապույտ աչքերը շողում, ժպտում էին՝ նայելով մերթ ինձ, մերթ Արմենին:

      – Շատ է սիրուն, չէ՞, շան աղջիկը, – հայերեն ասաց Արմենը:

      – Շա¯տ, – չթաքցրեցի ես՝ դեռևս անկարող հայացքս կտրել նրանից:

      – Ի՞նչ է ասում, – շուրթերը կիսաբաց՝ աղջիկը ժպտուն նայեց ինձ, և ես տեսա, որ մարգարտաշար ձյունաճերմակ ատամները մի ուրիշ հմայք են տալիս նրան. հատկապես առջևի երկու ատամը՝ իրարից աննշան հեռու:

      Ես չհասցրի պատասխանել աղջկան, որովհետև Արմենը մոտեցավ ինձ և, գրկելով իմ ուսերը, հանդիսավոր ներկայացրեց.

      – Մահմուդովա Ռենա, բժշկական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի, Բաքու քաղաքի թիվ մեկ գեղեցկուհի:

      Ռենան մեղմիկ ծիծաղեց և, իր լուսափայլ աչքերով նայելով ինձ, թույլ մեկնեց ձեռքը: Սադափագույն եղունգներով նրա մատները՝ նուրբ ու սառը, միառժամանակ չէի ուզում թողնել: Անթարթափ նայում էի նրան, ասես ձգտելով ընդմիշտ մտապահել նրա կուսական, նույնիսկ փոքր-ինչ մանկական արտահայտություն ունեցող լուսեղեն դեմքի հմայիչ սքանչելիությունը:

      – Այ տղա, բաց թող ձեռքը, – ծիծաղեց Արմենը, ամենայն հավանականությամբ, բավականություն զգալով իմ շփոթվածությունից:

      Ռենան նստեց իմ դիմաց, սեղանի մյուս կողմը, ոտքը գցելով ոտքին, ասես դիտմամբ ցուցադրելով հղկած մարմարի պես ողորկ ծնկները:

      – Նստեք, ինչո՞ւ եք կանգնել, – լուսապայծառ ժպիտով, մտերմաբար ու երգեցիկ արտաբերեց Ռենան, հայացքով հասկացնելով, որ նստեմ:

      Ասես ես իմ առանձնասենյակում չէի և նստելու իրավունքն ուրիշից պիտի ստանայի:

      Նա գլուխը թափով ետ տարավ, մազերը շաղ եկան ու փարթամ գանգուրներով կրկին փռվեցին ուսերին:

      – Լեո ջան, կարելի՞ է՝ զանգեմ Երևան, – առիթից օգտվելով, հարցրեց Արմենը, հեռախոսը քաշեց դեպի իրեն և ծոցատետրը հանելով, դրեց սեղանին: – Կարծում եմ, ձեր հեռուստառադիոկոմիտեն այնքան էլ աղքատ հիմնարկություն չէ, և պետությունն իմ մի երկու զանգով չի սնանկանա:

      – Զանգիր, իհարկե, – ասացի ես և, որպեսզի չխանգարեմ, դուրս եկա առանձնասենյակից:

      Գլխավորը չկար, երևի տուն էր գնացել արդեն: Լորաննա Հովակիմյանը՝ վերջին լուրերի բաժնի խմբագիրը՝ երեսունին մոտ, բարձր, կառուցիկ, ամենևին ոչ հայուհու նման՝ երգչուհի Մադոննայի կազմվածքով ու նրա պես շիկամազ, խաժ աչքերով ու զգայական կամակոր շրթունքներով, գլուխը հակած սեղանին նյութ էր խմբագրում: Ասում էին, որ մեր նախկին գլխավոր խմբագիրը մի ժամանակ խենթի պես սիրահարված էր նրան, ահագին բանաստեղծություններ է նրան նվիրել: Ես մի անգամ կատակով ակնարկեցի նրան այդ մասին՝ ճշմարտանմա՞ն է այդ պատմությունը: