– Բա ո¯նց, – արձագանքեց Սաղումյանը, – արյան գնով նվաճել է, հո ձեռքից չի՞ տալու: Ադրբեջանցիները լավ ասացվածք ունեն՝ քյոռ թութտուղընը բրախմազ*:
– Ա՛յ Հարություն, – դիմելով Սաղումյանին՝ մտամոլոր ասաց Հուրունցը: – Հայի ձեռքով հային բնաջնջելը նորություն չէ: Ադրբեջանի ղեկավարությունն իր հայահալած գործողություններում միշտ էլ դիմել է հայերի օգնությանը, օգտագործել է նրանց շատ ճկուն միջոցներով, դրա համար ընտրելով այնպիսիներին, ովքեր պատրաստ են եղել իրենց անձնական շահի համար ոտնատակ տալ հարազատ ժողովրդի շահն ու պատիվը: Շուշիի անառիկ բերդն ո՞վ նվիրեց Պարսկաստանից փախած մի ոմն քոչվոր ցեղի պարագլուխ Սարիջալլու Փանահալուն՝ հայազգի մի նենգ Շահնազար: Բագրատ Ուլուբաբյանի պես մեծ հային ո՞վ տապալեց՝ մի ոմն ծախու շուն՝ Գևորգ Աթաջանյան անունով: Լսել եմ, որ ձեզ մոտ է աշխատում: Բուլգակովն իր հռչակավոր գրքում՝ «Վարպետը և Մարգարիտան» վեպում, նկարագրում է, թե ինչպես կիրիաֆցի
Հուդան Յեշուային սիրալիր հրավիրում է իր տուն, հյուրասիրում է, միաժամանակ հետաքրքրվելով նրա վերաբերմունքով՝ հանդեպ իշխանությունները, իսկ հետո մատնում է նրան դահիճներին: Ճիշտ նույն ձևով այդ Աթաջանյանն իր նման մեկի հետ, որի անունը տալ չեմ ուզում, որովհետև ընդունված չէ մեռած մարդկանց մասին վատ խոսել, Ուլուբաբյանին, Բոգդան Ջանյանի հետ միասին, հյուր են կանչում և սեղանի շուրջ եղած ամբողջ խոսակցությունը թաքուն ձայնագրելով հանձնում են ԿԳԲ-ին: Դա այն ժամանակ էր, երբ ղարաբաղցիները հերթական անգամ հարց էին բարձրացրել՝ Ղարաբաղը միավորել Հայաստանին: Բոլոր շրջաններում, գյուղերում ստորագրություններ էին հավաքվել: Քառասունհինգ հազար ստորագրություն… Շատ շուտով Ղարաբաղի