Ռենան դարձյալ չուզեց, որպեսզի իրեն տաքսիով ուղեկցեմ տուն: Բաժանվեցինք մետրոյի մոտ, վերջին պահին, ճերմակ վարդերը սեղմած կրծքին, կամացուկ ասաց.
– Լեո, ես ուզում եմ հավատաս, որ այս օրը ինձ համար ևս կմնա որպես անչափ երջանիկ և անմոռաց օր:
Մետրոյի նախասրահում Ռենան այլևս չէր երևում, բայց ես դեռևս կանգնած էի՝ ասես անկարող շարժվելու. նա իր արբեցնող էությամբ ասես դեռ իմ կողքին էր, և ես զգում էի նրա տաք շունչը, նրա թովիչ ձայնը, նրա զգլխիչ բույրը, նրա փափուկ մազերի հպանցիկ շոյանքն իմ դեմքին…
6
Պլանավորումից ես դուրս եկա անտրամադիր: Գործուղման գնալ բոլորովին չէի ուզում, բայց և գլխավոր խմբագրի խնդրանքը մերժել նույնպես չկարողացա. հո չէի՞ ասելու, թե պատանյակի պես խելքը թռցնելու աստիճան սիրահարված եմ, հասկացեք, և սիրտս շատ է ուզում, որ մնամ այստեղ, քաղաքում, մի անգամ ևս հանդիպեմ նրան, ախր, չեք պատկերացնում, թե ինչքան սիրուն ու լավիկն է նա, արար աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան նրա լուսապայծառ դեմքը և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան ինձ համար այնքան սիրելի նրա ձայնի ամեն մի հնչյունը, իսկ Միր-Բաշիրի շրջան, այդ հեռավոր ու մենավոր հայկական Բեգում-Սարով տարօրինակ անունով գյուղ, ուր Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան է կանգնեցվել և գյուղի ղեկավարությունը զանգել, խնդրում է հեռուստատեսությամբ հաղորդում տալ հուշարձանի բացման արարողության մասին, թող մեկ ուրիշը գնա:
Տասը րոպեական հաղորդում, և մենք չորս հոգով՝ խմբագիր, ռեժիսոր, օպերատոր ու հաղորդավար, երեքհարյուր կիլոմետր ճանապարհ պետք է կտրենք, իսկ ճանապարհը, ընդհուպ մինչև Քուռ գետը, անցնում է չոր, դժնատես ու մեռյալ տափաստանով. ո՛չ ծառ, ո՛չ բուսականություն՝ ձանձրացնող միապաղաղությամբ ձգվող ասֆալտապատ մի ճանապարհ՝ համատարած ամայության թագավորությունում:
Քուռ գետից այն կողմ միայն բուսականություն կար: Բամբակի անծայրածիր դաշտերում կանայք էին աշխատում: Ճանապարհի երկարությամբ, այս ու այն տեղ, բացօթյա խորտկարաններում տղամարդիկ նարդի էին խաղում կամ թեյ խմում՝ ալարկոտ նայելով ճանապարհով անցուդարձող մեքենաներին:
Տափաստանային էր և Բեգում-Սարով գյուղը, բայց այն կորած էր ծառ ու ծաղկի մեջ՝ իսկական մի դրախտ՝ անծայրածիր տարածության մեջ:
– Շենք ու շնորքիդ մեռնեմ, հայ, – հոգնած ոտքերը մեքենայից դուրս քաշելով՝ ասաց օպերատոր Բենիկը: – Որտեղ ոտք ես դնում՝ չոր հողը ծաղկում է: Առաջ Մարտակերտի շրջանին էր պատկանում այս գյուղը, – ասաց նա, – հետո վերցրել, կցել են ադրբեջանական Միր-Բաշիրի շրջանին: Հինգ թվականին, հայ-թուրքական կռիվների ժամանակ, լրիվ ավերվել էր, հիմա, տե՛ս, ինչ ծաղկուն գյուղ են դարձրել նորից: Բա էլ ի¯նչ հայ, որ չծաղեկեցնի չոր հողը…
Ինձ թվում էր՝ հաջորդ օրը կավարտենք գործը և՝ հետ, բայց ստացվեց այնպես, որ ստիպված եղանք ուշանալ ևս երկու օր և քաղաք վերադարձանք միայն հինգշաբթի օրը, կեսօրից ետ: Զարմանալի է, ամբողջ ճանապարհին մտածում էի՝ տեղ հասնենք թէ չէ՝ իսկույն կզանգեմ Ռենային, բայց հետո սկսեցի տատանվել ու փոխեցի միտքս. չէ՞ որ բաժանվելիս նա ոչինչ