Կայծեր Մաս 1. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9781772467079
Скачать книгу
նման նրանք դուրս էին ցայտում և սփռվում էին դեպի ամեն կողմեր… Ուրիշ երեխաներ կարող էին վախենալ, բայց ես միշտ մի առանձին զվարճությամբ էի նայում այդ հրեղեն տարափի վրա: Ես մինչև անգամ սիրում էի մրրիկը, երբ երկինքը սարսափելի կերպով որոտում էր, երբ օդի մեջ տիրում էր մի սոսկալի ալեկոծություն և երբ կայծակը դուրս էր շողում մթին ամպերի միջից: Ինձ երևում էր, թե այնտեղ, երկնքի բարձրության մեջ, կատարվում է մի սաստիկ պատերազմ. հսկաները ահագին կռաններով փշրում էին ամպերը, ես լսում էի նրանց հարվածների ձայնը և տեսնում էի, թե որպես կայծերը հրեղեն օձերի նման դուրս էին ցայտում ամպերի միջից: Ինչո՞ւ օդի խաղաղ ժամանակը չէին հայտնվում նրանք, բայց երբ սկսվում էր փոթորիկը, երբ սկսվում էր տարերքի միմյանց հետ ընդհարումը, միմյանց հետ զարկվելը, – այն ժամանակ միայն հայտնվում էին երկնքի կայծերը: Ինձ թվում էր, թե այնտեղ կատարվում էր միևնույնը, ինչ որ կատարվում էր իմ քեռու դարբնոցի մեջ…

      Դ

      ՈՐՍՈՐԴԸ

      Անցան մի քանի ամիսներ այն օրից, երբ հարկապահանջները ծախեցին մեր տան կայքը, – անցան մի քանի դա՜ռն և մահաբե՜ր ամիսներ…

      Մեր շուրջը տիրում էր արդեն ձմեռ, որ սառն ձեռքով խլեց դաշտերի և լեռների բոլոր գեղեցկությունները: Ցուրտը օրըստօրե սաստկանում էր և մուգ – մոխրագույն երկնքի երեսը ավելի և ավելի խոժոռ կերպարանք էր ստանում: Արեգակը, կարծես, խռովել էր երկրից և չէր ուզում իր դեմքը ցույց տալ: Վերջապես եկավ ձյունը և թանձր պատանը տարածեց երկրի վրա:

      Մութ փոթորկային գիշեր էր: Դրսում քամին կատաղի կերպով մռնչում էր և նորեկ ձյունի փխրուն տարափը ահագին քանակությամբ տարուբերում էր մի տեղից մյուս տեղ: Մեր խրճիթը դողդողում էր սարսափելի մրրիկից: Մտածում էինք, ահա րուֆանը հիմքից կխլե նրան և խառնելով ձնային լեռների հետ, կտանե հեռու և հեռու և կփշրե դաշտերի մեջ:

      Մայրս նստած էր յուղային ճրագի մոտ, կարում էր մի բան: Նա այնքան խորին կերպով ընկղմված էր իր մտածությունների մեջ, որ ամենևին չէր զգում, թե ինչ էր կատարվում դրսումը: Մարիամը և Մագթաղը երկար լաց եղան, որ մի բան ուտեն, և երբ ոչինչ չգտան, այնպես քաղցած քնեցին: Ես նստած էի վառարանի մոտ և շուտ-շուտ դնում էի նրա մեջ ցամաք տերևներ և չոր մացառներ, որ քույրերիս հետ հավաքել էինք այգիներից: Նրանք հանկարծ բռնկում էին, բոցավառվում էին և քանի րոպեից հետո կրկին հանգչում, մոխիր էին դառնում: Այդ խաղը պատճառում էր ինձ ավելի զվարճություն, քան խրճիթի մեջ որևիցե տաքություն:

      Դուռը սաստիկ զարկեցին: Մայրս չլսեց. ես գնացի բաց արի: Ներս վազեց սպիտակ գնդակի նման մի բան, երբ անցավ շեմքից, կատվի պես թափ տվեց իր մարմինը և ձյունը բամբակի գլուջների նման թափվեց ցած:

      – Տո, Մարո, գետի՜նը մտնես, ո՞րտեղից եկար, – հարցրի ես:

      Փոքրիկ աղջիկը ոչինչ չպատասխանեց և իմ վրա ուշադրություն անգամ չդարձրեց, միայն գցելով մորս մոտ թաշկինակի մեջ կապած մի բան, վազեց դեպի վառարանը և սկսեց իր լրջացած ձեռքերը տաքացնել արդեն մարած կրակով: Երբ նկատեց, որ ջերմություն չկա, գնաց մորս մոտ, և գրկելով նրա պարանոցը, կպավ կուրծքին:

      – Հայրս ուղարկեց, – ասաց նա, ցույց տալով կապոցը:

      Հետո դարձավ դեպի ինձ, կարծես նա չէր կարող համբերել, որ իմ կոշտ հարցմունքը թողեց առանց պատասխանի:

      – Ես քեզ նման պառավ տատիկ չեմ, որ կրակի մոտը