Կայծեր Մաս 1. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9781772467079
Скачать книгу
կարծես, մի քանի քաղաքներ շինված էին մինը մյուսի վրա: Նոր շենք կառուցանելու համար նյութեր պետք չէին. քանդում էին գետինը և հողի տակից դուրս էին բերում ահագին քանակությամբ աղյուս, կոփածո քարեր, և շատ անգամ բացվում էր մի ընդարձակ, ստորերկրյա բնակարան: Ո՜րքան փորձանքներ, ո՜րքան հեղափոխություններ պետք է կրած լիներ այդ քաղաքը. ո՜րքան ազգեր այնտեղ բնակվել և անհետացել էին. իսկ հայը, նրա նախկին բնակիչը, դեռ մնում էր: Արաբներից մնացել էր մի լայնատարած գերեզմանատուն միայն, գեղեցիկ զարդարած տապանաքարերով:

      Քաղաքի բոլորովին սպառված մի անկյունումն էր գտնվում քեռուս տունը, մեծ հեղեղատի ափի մոտ: Այդ հեղեղատը գարնան անձրևների ժամանակ հորդանում էր, և քանդելով ավերակները, բերում էր իր հետ զանազան հնություններ: Ես շատ ուրախ էի լինում, երբ հեղեղը փոքրանում էր, որովհետև մեր դրացի երեխաների հետ գնում էինք գետի ափերի մոտ և ավազների միջից գտնում էինք հին դրամներ, կանանց զարդեր, և վաճառելով հրեա ոսկերիչներին, փող էինք ստանում:

      Հայերի տները թեև փոքրիկներ էին, բայց հովանավորված պարտեզներով և ծառերով, գեղեցիկ տեսք ունեին: Բնակարանը, ասում են, խիստ խորին կապ ունի մարդու կյանքի ու բնավորության հետ: Այս մտքով, հայերի տների ձևը և նրանց ներքին ու արտաքին դիրքը, ոչ միայն մեծ նշանակություն ունեին բնակիչների ճաշակի մասին, այլ առավելապես արտահայտում էին նրանց վիճակը և հասարակական դրությունը: Տները շատ սերտ և անմիջական կերպով կցած էին մինը մյուսի հետ, այնպես, որ տանիքերի վրայով կարելի էր հայոց թաղի մի ծայրից մինչև մյուսը գնալ: Բոլոր տները ունեին գաղտնի հաղորդակցություն: Այդ հաղորդակցությունը պահպանվում էր զանազան ծակերի միջոցով, որ բացված էին մի տանից մյուսի մեջ: Ծակերը բացված էին աննկատելի տեղերում: Նրանցից շատերը այնքան նեղ էին, որ մի ձեռք միայն կարելի էր անցկացնել, և ծառայում էին ավելի բանավոր հաղորդակցության համար: Երբ պատահում էր մի անսովոր դեպք, մի քանի րոպեի մեջ թաղի մյուս ծայրում արդեն գիտեին: Ամեն մի լուր, ամեն մի խոսք, ծակերի միջոցով, կայծակի արագությամբ տարածվում էր ամբողջ թաղի մեջ, առանց մի մարդ իր տանից դուրս գալու: Ծակերից շատերն այնքան մեծ էին, որ կարելի էր, մանավանդ վտանգի ժամանակ, մի տան կայքը թաքցնել կամ տեղափոխել մյուսի մեջ, և կամ հարևանի մոտ ապաստան գտնել: Թաքստի համար յուրաքանչյուր տան մեջ կային ստորերկրյա մառաններ, որոնց գաղտնի մուտքը միայն տան տիրոջն էր հայտնի:

      Ասեցի, հայոց թաղի բոլորովին սպառված ծայրումն էր քեռուս տունը, ուր մենք պատսպարան գտանք մեզ հասած դժբախտությունից հետո, այսինքն այն օրից հետո, երբ հորս պարտատերերը մեզ արտաքսեցին հայրենական տնակից: Ամենօրյա երկյուղը, գողերի և ավազակների հարձակումների հաճախ կրկնությունը ստիպել էին կանգնել տան շրջապարիսպը, որքան կարելի է, բարձր և հաստ պատերով, որոնք անձրևից և խոնավությունից ստացել էին մուգ-կանաչ գույն: Ժամանակի ավերող ձեռքը կիսով չափ մաշել էր շրջապարիսպի վերին մասը, բայց նա տակավին այնքան բարձրություն ուներ, որ կարող էր ընդդիմադրել ամենահանդուգն հարձակման: Պատերի քայքայված ճեղքերից բուսել էին մացառներ փշոտ ոստերով և մանրիկ տերևներով, որոնց միջից կանաչ մողեսները շատ անգամ դուրս էին նայում իրանց նենգավոր աչիկներով: Բայց ես մողեսներից չէի վախենում, երբեմն ձեռքով բռնում էի նրանց. ես վախենում էի միայն օձերից, թեև նրանք այնքան