Այդ բոլորը թեպետ խիստ ծանր էր եկեղեցականներին, բայց նա ամենևին ուշադրություն չէր դարձնում նրանց տրտունջին, այլ սիրով շարունակում էր կատարել աստուծո տան սպասավորությունը:
Ծերունի Մկրտչի, որպես մի սնահավատ և մոլեռանդ հայի – ո՜չ միայն տարապայման բնավորությունը, առաքինի բարք ու վարքը արժանի էին հարցասիրության, այլև՜ նրա հագուստը առավել գրավում է մեր ուշադրությունը յուր խորհրդական ձևով: Այդ հագուստը կարող էր ճիշտ օրինակ տալ մեր պապերի հին զգեստաձևերի, որոնց վրա մի ասեղի չափ չէ ներգործել «մոդան»: Նրա գրպաններում, ծոցում և գդակի մեջ կարելի էր գտնել ամենայն ինչ, որ այնքան հին տարիներից մեծ զգուշությամբ պահվում էր որպես սրբություն: Նրա ամենասիրելի կինը անգամ չէր կարող ձեռնամերձ լինել նրա հագուստի ուխտյալ պահարաններին, որոնց մեջ գտնվում էին – մոմի կիսավառ կտորներ, մի նշանավոր վանքից նրան ուղարկված նշխարքի պատառներ, օրհնության թղթեր, սուրբերի փոքրիկ պատկերներ, զանազան խաչեր պղնձից և սադաֆից: Այլև նա յուր գդակի մեջ, գլխի վրա պահում էր չորս մատնաչափ լայնությամբ և երեք անգամ յուր հասակի երկայնությամբ մի մագաղաթի վրա գրվածք, որին անուն է տալիս «ճառ»: Նրա վրա զանազան փայլուն ներկերով նկարված են հրեշտակապետների – սերովբեք և քերովբեքի և սուրբերի պատկերներ, ամեն մինի ներքև մի աղոթք նույն սուրբի անունով, որ վերջանում էր հետևյալ խոսքերով. – «Եվ եղիցիս պահապան ծառայիս աստուծոյ Մկրտչին եւ կողակցի նորին Մարթային»: Սնապաշտ մարդիկ պատմում են, որ այդ հաստ մագաղաթի փաթոթը, ծուխի և մուխի մեջ սևացած, քրտինքի մեջ եղոտած, ցեցակեր եղած շատ անգամ, տեսել են, որ նա մութ տեղում լույս էր տալիս, և զարհուրելի ձայներով մեկ տեղից դեպի մյուսը թռչկոտում: Ուրիշ ի՛նչ բաներ չէր կարելի գտնել այդ մարդու հագուստի գաղտնածածուկ ծալվածքի մեջ: Նրա «արխալուխի» աջ թևի ներսի կողմից, «ղադաքի» մեջ, եռանկյունի ձևով միմյանց մոտ կարած են զանազան փոքրիկ և մեծ «փթիկներ». գրված անհասկանալի նշանագրերով:
Միևնույն բնավորությունն ուներ և նրա կինը, պառավ Մարթան, ջերմեռանդ և կրոնամոլ կնամարդը: Կարծես թե աստված դրանց ստեղծել էր միմյանց համար, երկուսը իբր մի մարմին, կապված էին կրոնքով, և երկուսի մեջ բնակվում էր մի հոգի: Պառավ Մարթան ավելի սնապաշտ էր քան յուր ամուսինը. նա հավատալով հայերի մեջ եղած այն ավանդության, թե դևերը և սատանաները վախենալով խույս են տալի պողովատից,