Սալբի. Րաֆֆի. Читать онлайн. Newlib. NEWLIB.NET

Автор: Րաֆֆի
Издательство: Автор
Серия:
Жанр произведения: Зарубежная классика
Год издания: 0
isbn: 9781772467017
Скачать книгу
շինած պնդացած կավից, որ, երկար ժամանակ «մոլայի» կամ «սվաղի» երես չտեսնելով՝ համարյա կիսամաշ էին եղել անգութ անձրևից, ձյունից և կարկուտից: Այդ նեղ և անձուկ բակի տարածությունը հազիվ յուր մեջ կարողացել է տեղավորել աղբանոցը, ուր թափում էին ամեն օր վառած աթարի մոխիրը, և արտաքնոցը՝ շրջապատած ճյուղերից հյուսած ցանկապատով: Հարկավորության այդ երկու գլխավոր տեղերում, որ միանգամայն բակի միակ զարդարանքն էին կազմում, ժամանակի ընթացքում ամենայն տեսակ ապականությանց՝ աղբի և մոխրի բավական մթերք հավաքվելով, կուտակվում, բարձրանում` կազմում էին մի քանի բլուրներ, որ ոչ սակավ ձեռնտու էին լինում տանտիրոջ օգտին, երբ երկրագործը գնելով այդ ապականությունը, տանում էր յուր հողերը պարարտացնելու, նրանց ուժ և զորություն տալու համար: Այդ օրհնյալ գնողի շնորհիվ մի քանի օր բակը ազատվում էր ժահահոտությունից, և մարդ կարող էր, առանց պնչածակերը երկու մատերով պինդ փակելու՝ բակի միջով անցնել և մտնել ծերունի Մկրտչի տունը – եթե նրա հետ գործ ունենար:

      Առաջին շինվածքը բակի հարավային ճակատում՝ է սրահը. մի երեք կուսից պարսպով պատած, առջևը կամ երեսը բաց, փայտյա վանդակապատով չափարած ծածկոծ, որը մինչև այսօր պահում է յուր հին անունը: Այստեղ բնակում են ամառը, կամ եղանակների տաք օրերին: Սրահի միջից բացվում է մի նեղ դուռն, որ ներս է տանում դեպի խրճիթը՝ գլխավոր տաք բնակարանը, որի մեջ անց են կացնում ձմեռը:

      Այդ քառակուսի խուղը11 շուրջանակի չորս կավյա խարխուլ պատերի վրա պահում էր ցածր, ծխից-մխից սևացած առաստաղը, որ գմբեթաձև բարձրանալով, յուր գագաթում թողնում է մի բոլորակ ծակ, որին անուն են տալիս «երդիք»: Այդ նեղ բացվածքից կաթում էր մի աղոտ լույս, որ հալածում էր խրճիթի խորին, մելամաղձական խավարը: Բոլորովին մերկ, որպես դուրսը – գետնի մեջ, խրճիթի կենտրոնում փորած է «թոնիրը», մի բոլորակ խոր կամ փոս, որի մեջ ամեն օր վառում են և նրանում եփում են տան համար հարկավոր բոլոր ուտելիքը: Աթարի թանձր և կծու ծուխը սև ամպերի նման բարձրանալով թոնրից՝ հավաքվում է գմբեթահարկ առիքի12 մեջ և որպես վուլկանի բերանից – քուլա-քուլա դուրս է գնում և սև վիշապների նման գալարվում է օդի մեջ:

      Ամեն օր հարկավոր է վառել թոնիրր կերակուրի և տաքանալու համար, և այդպես, ամեն օր ծերունի Մկրտչի խրճիթը ձևացնում է մի մթին ծխի օվկիանոս, որի մեջ լող են տալիս տանտերերը, հազալով, փռշտալով – իրանց արցունքոտած աչքերը ճմռելով և տրորելով. մինչև աստուծո շնորհիվ աթարի մեջ սպառվում է վառվող նյութը, սև թուխպերը կամաց-կամաց դուրս են գնում, խավարը հալածվում է և մռայլի միջից սկսում են տեսանելի լինել խրճիթի ներքին առարկաները: Պառավ Մարթան՝ տնարար տանտիկինը, պպզած թոնրի շրթան մոտ, շերեփը ձեռքում, խառնում է իրանց համար եփած ապուրը, իսկ ծերունի Մկրտիչը, նույնպես կկզած թոնրի մոտ, մի կոտրած պտուկի կտորի մեջ բովում է յուր համար սեխի կորիզներից «աղանձ» և թեպետ նրա բերանում միայն մի քանի ատամ էին մնացել, բայց աղանձը լցնում է յուր գրպանը և մինչև իրիկուն ծուլորեն սկսում է «չրթել»: Այդ էր նրանց միակ սենյակը, որը, չնայած որ շատ ընդարձակ չէր, բայց ծերունի Մկրտիչը նայելով յուր դրացիների անձուկ խրճիթներին, որոնց մեջ նրանք խեղդվում էին, նա գոհունակ սրտով ամեն օր «բարի լույսի» դեմ փառք է տալիս աստծուն, խնդրելով որ լուսավորի յուր հանգուցյալ պապի հոգին, նրան հանգիստ արքայություն պարգևե՝ իրան մի այդպիսի մեծ և ընդարձակ տուն թողած լինելու